Այսօր

Մեդալներով և ոգևորող արդյունքներով. Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Եվրոպայի առաջնությունից

  13 Ապրիլ 2021  70 դիտում
Մեդալներով և ոգևորող արդյունքներով. Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսօր վերադարձել է Մոսկվայից, որտեղ կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է 8 մեդալ (երկամարտի): Հավաքականի հետ Երևան են ժամանել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որոնք ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով Մոսկվայում էին և մրցավայրից հետևել են հայ մարզիկների ելույթներին: Հայաստանի պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայում ջերմ ընդունելության է արժանացել մարզաշխարհի ներկայացուցիչների, մեծաթիվ երկրպագուների կողմից:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, մեկնաբանելով հայ ծանրորդների ելույթները, ընդգծել է, որ արդյունքները գոհացնող են. «Մեր ծանրորդների ելույթները կարելի է փառահեղ անվանել: Կեցցե՛ն հայ մարզիկները, որ մեզ համազգային հպարտության զգացում են պարգևում: Առջևում Օլիմպիական խաղերն են, որոնցից չեմպիոնական ակնկալիքներ ունենք»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ մեր ընտրանու գրանցած ելույթները ցույց են տալիս՝ առաջիկայում այն կարող է դառնալ լավագույնն աշխարհում. «Հետևելով մեր ծանրորդների ելույթներին՝ հավատով ես լցվում. 2-3 տարի հետո այս հավաքականը, անկասկած, լինելու է աշխարհում ուժեղագույններից մեկը: Այսօր էլ հավաքականի անդամները շատ լավ մարզավիճակում են, բայց տարիների ընթացքում՝ փորձառություն ձեռք բերելուց հետո, մենք պայքարելու ենք բացառապես թիմային հաղթանակի համար: Լավ է լինելու, չկասկածեք և լցվե՛ք հավատով»:

Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ), մեկնաբանելով իր ելույթը, նշել է, որ ոսկե մեդալը լավ նախապատրաստության արդյունք է. «Նպատակս հենց չեմպիոնությունն էր: Լավ նախապատրաստությունը տվեց իր արդյունքը: Կրկնակի հաճելի է, որ այս քաշային կարգում երկրորդ տեղը ևս մենք զբաղեցրինք՝ ի դեմս Արսեն Մարտիրոսյանի: Մեր միջև մրցակցություն չկա»: