Այսօր

Ժամանակակից սովորություններ, որոնք վատ են ազդում ուղեղի աշխատանքի վրա

  13 Ապրիլ 2021  65 դիտում
Ժամանակակից սովորություններ, որոնք վատ են ազդում ուղեղի աշխատանքի վրա

Շատերն առողջ ապրելակերպի մասին խոսելիս անմիջապես պատկերացնում են ֆիզիկական ակտիվությունը, ճիշտ սննդակարգը և մոռանում, որ ուղեղը ևս ուշադրություն է պահանջում։ Օրեցօր կատարելագործվող տեխնոլոգիաների և գերակտիվ կենսակերպի պայմաններում մենք ավելի ու ավելի հաճախ ենք բախվում երևույթների, որոնք խոչընդոտում են այս կարևոր օրգանի աշխատանքը։ Եթե ցանկանում եք՝ ձեր ուղեղն առողջ լինի և երկար տարիներ կատարի իր պարտականությունները, առաջնահերթ վերանայեք ձեր սովորությունները՝ խուսափելով ստորև թվարկվածներից։

Ֆիզիկական պասիվություն և նստակյաց կյանք

Ֆիզիկական ակտիվության պակասն իր թանկ գինն ունի։ Այն հանգեցնում է քրոնիկ հիվանդությունների, դեպրեսիայի, ճարպակալման։ Շատերն այնքան զբաղված են, որ տարրական շարժման՝ քայլելու, հեծանիվ վարելու, 1-2 վարժություն կատարելու ժամանակ չեն ունենում, այնինչ նստակյաց կյանքը փոխում է ուղեղի նեյրոնների ձևը։ «Journal of Comparative Neurology»-ի հրապարկման համաձայն՝ ֆիզիկական պասիվությունն ու մտավոր ունակությունների նվազումն ուղիղ համեմատական են։ Ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը կոգնիտիվ տեսանկյունից կունենա դրական ազդեցություն՝ ավելացնելով ուղեղում հիշողության բարելավմանը նպաստող քիմիական նյութերի արտադրությունը: Նստակյաց կյանքը ռիսկային ընտրություն է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջության համար։ Աշխատեք հնարավորինս քիչ նստել, եթե այդպիսին է աշխատանքի բնույթը, պարբերաբար ընդմիջումներ կազմակերպեք՝ մի քանի րոպե նվիրելով քայլելուն։ Վստահաբար, այս ամենը դուք շատ լավ գիտեք, բայց կարևորը ոչ թե պարզապես իմանալն է, այլ կիրառելը։ 

Բազմազբաղություն

Կարծում եք՝ կարո՞ղ եք միաժամանակ մի քանի գործ անել։ Մտածե՛ք ևս մեկ անգամ։ Բազմազբաղությունն արդյունավետություն չի երաշխավորում։ Այս սովորությունը բացասաբար է ազդում ուղեղի աշխատանքի վրա։  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի նյարդաբան Էրլ Միլլերը հավաստիացնում է. «Մեր ուղեղը սովոր չէ միաժամանակյա բազմազբաղության։ Երբ մարդիկ մտածում են, թե մի քանի աշխատանք միաժամանակ են կատարում, իրականում մեկից պարզապես անցնում են մյուսին՝ ամեն անգամ վճարելով կոգնիտիվ գին»։ Բազմազբաղությունը մեծացնում է սթրեսային հորմոնների, կորտիզոլի, ինչպես նաև ադրենալինի արտադրությունը, որոնք հանգեցնում են մշուշոտ մտքերի: 

Չավարտվող տեղեկատվական հոսք

Էլեկտրոնային նամակների, նորությունների, ծանուցումների քանակը, անընդհատ թարմացվող լրահոսը ևս ծանրաբեռնում է ուղեղը և հանգեցնում սթրեսի։ Ժամանակակից աշխարհի գլխավոր գրգիռչներից մեկը տեղեկատվության մեծ չափաբաժինն է։ Գրեշեմ քոլեջի պրոֆեսոր Գլեն Ուիլսոնի հավաստմամբ՝ իրավիճակը, երբ դուք փորձում եք կենտրոնանալ որևէ աշխատանքի վրա, բայց էլեկտրոնային փոստը ստուգելու ցանկությունը ձեզ հանգիստ չի տալիս, IQ-ն նվազեցնում է մինչև 10 աստիճանով։ Ձեր ուղեղին օգնելու համար ֆիլտրեք ինֆորմացիան, գիտակցաբար ընտրեք այն կայքերը, որոնցից ցանկանում ենք ստանալ օրվա լրահոսը։

Էկրանային ժամանակ

Այսօր անմիջական շփմանն աստիճանաբար փոխարինում է էլեկտրոնայինը։ Մենք անդադար հեռախոսով ենք. փողոցն անցնելիս շփվում ենք չաթով, աշխատանքի գնալիս՝ ստուգում ֆեյսբուքյան լրահոսը, հերթը մեջ կանգնած դիտում ենք վերջին տեսանյութերը: Հեռուստացույց, հեռախոս, վիդեոխաղեր, համակարգիչ․ մեր կյանքում էկրանային ժամանակն ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնում, մինչդեռ կենդանի շփումը չափազանց օգտակար է ուղեղին։ Միչիգանի համալսարանի հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց հետ ընդամենը 10 րոպեանոց անմիջական զրույցը բարելավում է հիշողությունն ու կոգնիտիվ ունակությունները, իսկ իրական շփման պակասը սահմանափակում է ուղեղի՝ կապեր հաստատելու ունակությունը։ Էկրանային ժամանակը վատ է անդրադառնում նաև ինտելեկտուալ կարողությունների վրա։ Ձեր ուղեղի բարօրության համար ահմանեք էլեկտրոնային միջոցներից օգտվելու ժամանակ: Ոչ ոք չի ստիպում առհասարակ հրաժարվել էկրանային ժամանակից, պարզապես այն դարձրեք հնարավորինս կառավարելի։ 

Ականջակալներ

Չափազանց շեղող կամ ոչ հաճելի միջավայրում բարդ է դիմակայել ականջակալներ օգտագործելու գայթակղությանը: Մեզ թվում է, թե այդպիսով կենտրոնանում ենք, այնինչ ականջակալներով անընդհատ բարձր երաժշտություն լսելու սովորությունը վնասում է ուղեղի նյարդային թելերը՝ վատթարացնելով հիշողությունը: Պաշտպանեք ձեր ուղեղը աղմուկից. դա կլինի լսողությունը չվնասելու և ուղեղի աշխատանքը չշեղելու հիանալի տարբերակ։ Եթե պարզած ձեռքի հեռավորության վրա ականջակալներից լսում եք երաժշտությունը, ապա այն հաստատ ցածրացնելու կարիք կա։ 

Վատ քուն

Քնի պակասն ունի իր կարճաժամկետ և երկարաժամկետ վնասակար ազդեցությունը: Այն բացասաբար է ազդում ռեակցիաների արագության, տեղեկատվության ընկալման, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի, հիշողության, տրամադրության վրա, առաջացնում է գլխացավեր։ Վերջին հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ վատ քունը բառի ուղիղ իմաստով փոքրացնում է ուղեղի չափը։  Ուղեղի արդյունավետ աշխատանքի համար 7-8 ժամ գիշերային քունն անհրաժեշտություն է: 

Եթե ձեզ իսկապես հուզում է ձեր ուղեղի առողջությունն ու մտածողության որակը, սովորեք հոգ տանել այս կարևոր օրգանի մասին։ Վստահ եղեք՝ այս պարզ փոփոխությունները կարող են երկարաժամկետ դրական ազդեցություն ունենալ, իսկ ձեր ուղեղը շնորհակալություն կհայտնի արդյունավետ աշխատանքի տեսքով: 

 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ