Այսօր

Փորձում ենք շարժվել չարենցյան ոգու խիզախությամբ և արևավառությամբ. Ժաննա Մանուկյան

  14 Ապրիլ 2021  240 դիտում
Փորձում ենք շարժվել չարենցյան ոգու խիզախությամբ և արևավառությամբ. Ժաննա Մանուկյան

Ե. Չարենցի տուն-թանգարանում իրականացվող նորարարական, երիտասարդների ու դպրոցականներին նվիրված կրթական ծրագրերի մասին զրուցել ենք թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի հետ:

Ե. Չարենցի տուն-թանգարանի գործունեությունը

Ե. Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի մշակութային կարևոր օջախներից է: Ութ հազարից ավելի առարկաներ պահպանող մշակութային այս կառույցը փորձում է ունեցած իր մեծագույն ժառանգությունը հանրությանը, երիտասարդ սերնդին ներկայացնել արդիական նորարարական լուծումներով։ Հուշային թանգարանի գործունեության շրջանակներն ընդգրկուն են՝ թանգարանային առարկաների, հավաքածուների մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ, դասախոսություններ, գրքերի հրատարակություն, շնորհանդեսներ, ինչպես նաև՝ մշակութային բազմաբնույթ միջոցառումներ։

Թանգարանի գործունեության հիմնական գործառույթներից է նաև Եղիշե Չարենցի ձեռագրերի թվայնացումը, ստեղծագործությունների թարգմանությունը, անձնական գրադարանի մատենագիտության կազմումը։ Թանգարանն անցկացնում է կրթական-ճանաչողական ծրագրեր, ուսումնասիրում չարենցյան գրական ավանդների ազդեցությունն արդի գրականության մեջ, կազմակերպում քննարկումներ և բազմաբնույթ այլ միջոցառումներ տարիքային տարբեր խմբերի համար։



Չարենցյան ոգին արտացոլվում է նաև թանգարանի կրթամշակութային ծրագրերում

Համավարակի ևհետպատերազմյա ծանր օրերին ազգային ինքնության և  մշակույթի, ինքնաճանաչման, հոգևոր հայրենիքի պահպանման ձգտումն է, որ մեզ այսօր` առավել քան երբևէ առաջ է մղում ներկայացնելու «նաիրյանը, Նաիրին ու նաիրցուն»։ Փորձելով շարժվել չարենցյան ոգու խիզախությամբ, արևավառությամբ`  թանգարանը  մշակում է կրթական նոր, ընդարձակ ծրագիր` «Չարենցի ծիածանված երազը` Երկիր Նաիրին» խորագրով, որը շուտով հասանելի կդառնա ավագ դպրոցի աշակերտներին։

2020-2021 թվականների ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Ե. Չարենցի տուն-թանգարանը նախաձեռնել էր համահայկական մրցույթ՝ նախատեսված դպրոցականների համար: Մրցույթի շրջանակում  դպրոցականները  Ե. Չարենցի  «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը վերարտադրել և ներկայացրել են նկարի, ձեռագործության, անիմացիայի, քանդակի  միջոցով: Համապատասխան մասնագետների կողմից (նկարիչ, արվեստաբան, գրականագետ) տարբեր անվանակարգերում ընտրվել են լավագույն տասը ստեղծագործությունները: Այժմ ընթանում են հաղթող մասնակիցների պարգևատրման աշխատանքները:


Հաշվի առնելով Չարենցի ունեցած բացառիկ դերը հայ հրատարակչության, նոտայատպության մեջ` թանգարանը մշակել է «Թռչող ժայռապատկերներից մինչև տպագրիչ գրամեքենա» կրթական ծրագիրը` նախատեսված կրտսեր և միջին դպրոցի աշակերտների  համար։ Չարենցի` Արևելքի մշակույթի մեծ սիրահարի կերպարը ներկայացնելու համար մշակվել է  նաև «Արևելքը մանուկների աչքերով» խորագրով կրթական ծրագիրը:



Թանգարանի նոր հուշանվերներն ու հրատարակությունը

Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքյանի, Մարտիրոս Սարյանի Չարենցին նվիրված արևելյան մոտիվներով արված նկարներից բացի, թանգարանը փորձում է հանրայնացնել Չարենցի՝ հասարակությանը քիչ հայտնի՝ Մահաթմա Չարենց կերպարը՝ այն ներկայացնելով տարբեր ձևաչափերով: Այդ նպատակի իրականացման ճանապարհին թանգարանի կրպակը  համալրվել է  համանուն հուշանվերներով:

Վերջերս թանգարանի գիտական ներուժի շնորհիվ վերահրատարակվել է «Չարենց Նամե» գիրքը, որի շնորհանդեսը կայացել է մարտի 13-ին՝ բանաստեղծի ծննդյան 124-ամյակին։

 

 Թանգարանի  նորարար այսօրը

Շարժվելով ժամանակին համահունչ՝ վերջերս Ե. Չարենցի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը համալրվել է տեխնոլոգիական նորամուծությամբ։ Վերակենդանացնելով Ռեգինա Ղազարյանի «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» կտավը՝ ARloopa հավելվածի միջոցով՝տակառից դուրս են հորդում Չարենցի ձեռագրերը և տարածվում թանգարանի ցուցասրահով։ Այցելուն, հպվելով «ձեռագրերին», կարողանում է ծանոթանալ դրանց բովանդակությանը։

Հաշվի առնելով առցանց հարթակում թանգարանի հետևորդների հետ կապն ամուր պահելու կարևորությունը՝ թանգարանում իրականացվում է նաև առցանց էքսկուրսիա, որը հնարավորություն է տալիս չարենցասերներին, չայցելելով թանգարան, բացահայտել Չարենց բանաստեղծին, ստեղծագործող անհատին, ինքնատիպ մարդուն, մտովի տեղափոխվել Չարենցի ծննդավայր, լինել նրա հյուրընկալ տանը՝ զգալով չարենցյան շունչը:

Չարենցի կյանքի, գործունեության, գրական ժառանգության, թանգարանային գործունեությունն ամենուր և բոլորին հասանելի դարձնելու նպատակով շուտով կգործարկվի նաև թանգարանի կայքէջը, որը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Քեյ Փոյնթ» ՍՊ ընկերության աջակցությամբ։