Այսօր

Մարդիկ դեռևս ձգտում են պրոթեզներ ներկրել արտերկրից, մինչդեռ դրանք կարելի է արտադրել հենց մեր երկրում. Մարինա Դավթյան

  14 Ապրիլ 2021  227 դիտում
Մարդիկ դեռևս ձգտում են պրոթեզներ ներկրել արտերկրից, մինչդեռ դրանք կարելի է արտադրել հենց մեր երկրում. Մարինա Դավթյան

Erit.am-ի զրուցակիցն է «ArmBionics» ստարտափ ընկերության համահիմնադիր Մարինա Դավթյանը։ Նրա հետ խոսել ենք ստարտափը սկսելու գաղափարի, հանդիպած դժվարությունների և հետագա անելիքների մասին։ Նշենք, որ «ArmBionics»-ը ստեղծվել է 2017 թվականին և նպատակ ունի նախագծելու և արտադրելու պրոթեզներ Հայաստանում։ Երիտասարդներն իրենց նախաձեռնության շրջանակներում նպատակ ունեն նաև օգնել պատերազմից տուժած զինվորներին։

- Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ այս ստարտափը սկսելու մտահաղացումը։ Ինչո՞ւ հենց այդ նախաձեռնությունը, ի՞նչը նպաստեց դրան և ո՞ւմն էր գաղափարը։

- Բժշկական համալսարանում սովորելու ընթացքում, ուղեղից և մկաններից գրանցած էլեկտրական ազդակների վերաբերյալ հետազոտական աշխատանքներ էինք իրականացնում, այնուհետև, սկսեցինք պրոտոտիպեր նախագծել ու այդպես առաջացավ ստարտափ սկսելու գաղափարը: Անցյալ տարվանից սկսեցինք առավել մեծ եռանդով աշխատել, քանի որ համավարակի և պատերազմի ընթացքում շատ հարցեր վերաարժևորեցինք, և ցանկացանք, որ մեր աշխատանքը շատ արագ արդյունքներ տա և օգտակար լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այժմ մեծ ոգևորությամբ աշխատում ենք՝ մեր պրոդուկտները արտադրական փուլ հանելու ուղղությամբ։ Մեր նպատակն է նաև՝ նորագույն տեխնոլոգիաները կիրառել ռեաբիլիտացիայի մեջ և այս գիտատեխնոլոգիական ոլորտը զարգացնել Հայաստանում. այդ պատճառով էլ սկսել ենք այս նախաձեռնությունը։ Նախագիծը սկսել ենք բժշկական համալսարանի մի քանի ուսանողներով, հետագայում մեզ միացան տարբեր մասնագետներ ու հիմա էլ թիմը համալրվում է։ Այժմ մեր թիմը բաղկացած է 16 հոգուց, որոնց թվում են՝ ինժեներներ, մարքետոլոգներ, ծրագրավորողներ, տվյալագետներ:

- Նախագիծը սկսելիս ի՞նչ մտավախություններ ունեիք, չէիք կարծո՞ւմ, որ ռիսկային կլինի։
- Իրականում ոչ մի մտավախություն չունեինք, որովհետև մեծ մոտիվացիայով ենք սկսել ու հիմա էլ այդպես շարունակում ենք։ Մենք չենք վախենում դժվարություններից և փորձություններից, ինչին այսքան ժամանակ առնչվում ենք ու փորձում ենք հաղթահարել։

- Բիզնես գիտելիքի պակաս զգացե՞լ եք։
- Միանշանակ, սկզբում ունեինք որոշակի գիտելիքների պակաս, քանի որ ամեն ինչ զրոյից ենք սկսել։ Մշտապես մասնակցել ենք և հիմա էլ մասնակցում ենք տարբեր ծրագրերի, ինչպես նաև ինկուբացիոն ծրագրերի, որոնք հնարավորություն են տալիս կատարելագործվելու և լրացնելու մեր բիզնես գիտելիքները։ Այս պահին էլ ներգրավում ենք մեծ փորձ ունեցող մասնագետների, ովքեր օգնում են առավել արագ իրականացնել մեր նպատակները։

- Ի՞նչ նպատակներ էիք դրել Ձեր առջև՝ նախքան ստարտափը սկսելը. նրանցից քանի՞սն են արդեն իրականացել և քանիսի՞ ուղղությամբ են դեռ աշխատանքներ տարվում։

- Ի սկզբանե, մտադրվել էինք ստեղծել նախատիպեր և արդեն ստեղծել ենք 4-ը. առաջին նախատիպը ռոբոտիկ ձեռքն է, 2-ը՝ միոէլեկտրիկ ձեռքը, 3-ը՝ մեխանիկականն է և 4-ը՝ մասնակի ձեռքի պրոթեզն է։ Այս 4 նախատիպերը արդեն նախագծել ենք, ներգրավել ենք ներդրողների և այժմ այդ նախատիպերը արտադրական փուլի մեջ են:



- Ի՞նչ դժվարությունների եք բախվել նախաձեռնությունը կյանքի կոչելու ճանապարհին։
- Բիոտեխնոլոգիական ոլորտը բավականին բարդ ոլորտ է և հատկապես ներդրողների շրջանում վախ կա՝ այս ոլորտում ներդնումներ կատարելու։ Մյուս կողմից՝մարդիկ չեն հավատում, որ այս տեխնոլոգիաները կարելի է ստեղծել և զարգացնել այստեղ՝ Հայաստանում։ Մարդիկ դեռևս ձգտում են պրոթեզներ ներկրել արտերկրից, մինչդեռ պրոթեզներ կարելի է արտադրել հենց մեր երկրում։

- Խոսենք նաև աշխատանքային թիմից։ Ինչպե՞ս ծանոթացաք և համախմբվեցիք մեկ նպատակի շուրջ, չէ՞ որ թիմում կան նաև երիտասարդներ, ովքեր եկել են արտերկրից։

- Այո, մեր թիմը միջազգային  է և մեր անդամները եկել են տարբեր երկրներից, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ից, Ուրուգվայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից։ Թիմին միավորել է գաղափարը և հայրենասիրությունը. հատկապես պատերազմը նպաստեց, որ մենք մեր ներուժը ներդնենք այս գործում և հաջողենք։
Թիմի անդամներից ոմանք միացել են մեզ «Հայ կամավորական միություն» և «Bright Armenia» կազմակերպությունների միջոցով, մյուսները՝  համացանցից տեղեկանալով մեր գործունեության մասին, ցանկություն են հայտնել միանալու մեզ։

-Ընկերությունն ընդլայնելու հետ մեկտեղ, փոփոխություններ կա՞ն Ձեր անելիքներում, ի՞նչ նոր ծրագրեր ունեք։
- Այո, միանշանակ, այսքան տարիների աշխատանքից հետո որոշակի փոփոխություններ են եղել, նախկինում միայն ֆիզիկական ռեաբիլիտացիան էր մտնում մեր ծրագրերի մեջ։ Հետագայում հասկացանք, որ շատ կարևոր է նաև սոցիալ-հոգեբանական ռեաբիլիտացիան, այդ պատճառով՝ մեր ծրագրերում ներառել ենք նաև սեմինարներ և թրեյնինգներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչը հնարավորություն կտա նրանց մոտիվացվելու և ձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ՝ լսելով հոգեբանների, և մարդկանց, ովքեր ունեն հաշմանդամություն և կարողացել են հաղթահարել դա և ինտեգրվել հասարակության մեջ։

- Դուք նաև Digitech 2018-ում և Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսում (WCIT) ունեցել եք հնարավորություն Ձեր արտադրանքը ցուցադրելու։ Ինչպե՞ս դա եղավ, և ի՞նչ արձագանքներ են եղել։
- Այո, մասնակցել ենք տարբեր մրցույթների և էքսպո ցուցահանդեսների, որոնք անկասկած հետաքրքիր փորձեր էին մեզ համար։ Ցուցահանդեսների ընթացքում՝ ներկայացրել ենք մեր միոէլեկտրիկ ձեռքի նախատիպերը, որոնք արժանացել են  դրական արձագանքի։

- Նախաձեռնության շրջանակներում համագործակցո՞ւմ եք որևէ կազմակերպության հետ։

-Այո, համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

- Ի՞նչ անելիքներ ունեք առաջիկայում։
- Պլանավորել ենք մեխանիկական պրոդուկտի արտադրություն, վաճառք և միոլէլեկտրիկ պրոթեզի կատարելագործում։ Նաև՝ մյուս ամիս նախատեսել ենք իրականացնել միջոցառում, որի ընթացքում տեղի է ունենալու սեմինար՝ հաշմանդամություն ունեցող անձանց մոտիվացնելու և հաշմանդամությունը հաղթահարելու նպատակով։ Այս տարի նախատեսել ենք նաև լաբորատորիայի հիմնում։

Զրուցեց՝ Մերի Մաթևոսյանը

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ