Այսօր

«Եվրոպայի առաջնությունը մեր ազգի ուժը ցույց տալու հնարավորություն էր». Սամվել Գասպարյան

  16 Ապրիլ 2021  138 դիտում
«Եվրոպայի առաջնությունը մեր ազգի ուժը ցույց տալու հնարավորություն էր». Սամվել Գասպարյան

Օրեր առաջ Մոսկվայում կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնության 102 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը:

Երիտասարդ ծանրորդը Erit.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ այս հաղթանակից երկնքում սավառնել չի պատրաստվում, առջևում նոր նպատակներ կան:

 -Մեկ տարվա դադարից հետո վերադարձ միջազգային մրցահարթակ և Եվրոպայի չեմպիոնի կոչում: Ինչպիսի՞ն են զգացողություններդ:

-Չեմ կարող նկարագրել, թե մարզիկի համար որքան ցավոտ է մեկ տարի որևէ մրցման չմասնակցել: Պատերազմը և կորոնավիրուսի համավարակը, բնականաբար ընկճել էին մեզ, բայց մյուս կողմից գիտակցում էինք կենտրոնանալու և մեդալներ նվաճելու անհրաժեշտությունը: Մենք հաղթական պատմություն ունենք և եկել է նորը կերտելու ժամանակը, յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է անի առավելագույնը: Եվրոպայի առաջնությունը մեր ազգի ուժը, կամքը ցույց տալու հնարավորություն էր: Փառք Աստծո, ստացվեց պատվով հանդես գալ: Շատ էի կարոտել մրցահարթակը, էմոցիաներս աննկարագրելի են, բայց դրանց վրա կենտրոնանալ և երկնքում սավառնել չեմ պատրաստվում. կարճատև հանգստից հետո կվերսկսեմ մարզումները: 

 -2019 թվականին Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ էիր նվաճել: Ի՞նչն էր խանգարում այն ժամանակ և ի՞նչ է փոխվել այս ժամանակահատվածում:

-Նախքան 2019-ի Եվրոպայի առաջնությունը ծնկի վնասվածք էի ստացել, շուրջ կես տարի սպորտից դուրս էի մնացել: Անկեղծ ասած, այդ ընթացքում անգամ մտածել եմ ծանրամարտից հեռանալու մասին, սակայն Աշխարհի առաջնությանը հետևելիս զգացի, որ ինքս ասելիք ունեմ: Բաթումիի առաջնությանը նախապատրաստվել եմ ընդամենը 3 ամիս, ինչն իրականում քիչ է 0-ից վերականգնվելու համար: Մասնակցել եմ 80-90%-անոց մարզավիճակով, իսկ դա քիչ է աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների հետ պայքարելու համար: Բաթիումիում ինձ խանգարեց փորձի պակասը և ավելորդ լարվածությունը: Այս անգամ նման խնդիր չունեի, հոգեբանորեն ավելի պատրաստված էի: Տրամադրվել էի հաղթանակի, վստահ էի ուժերիս և կարողացա կատարածս աշխատանքը ճիշտ ներկայացնել, շտկել էի այն սխալները, որոնք ունեի 2019-ի Աշխարհի և Եվրոպայի առաջնության ժամանակ: 

 -Այսինքն, կարող ենք ասել, որ 2019-ի և նախորդ տարվա դժվարություններից հետո ֆիզիկապես և հոգեբանորեն վերականգնվել ես:

-Վերականգնվելուց բացի այլ տարբերակ չկա: Այո, նախորդ տարին դժվար էր բոլոր առումներով, ոչ միայն մարզական: Նախ կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց Եվրոպայի առաջնությունը, փակվեցին մարզադպրոցները: Որոշ ժամանակ ինքս ստիպված ավտոտնակում էի մարզվում: Հետո պատերազմը և դրա հարուցած խնդիրները... Դժվարությունները շատ են, բայց ես հավատում եմ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է և ընկճված ապրելը լուծում չէ: Պետք է նպատակներ սահմանել, իսկ դրանց հասնելու միջոցները ցանկության դեպքում կգտնվեն: Այս ընթացքում ինձ շատ է օգնել անձնական մարզիչս՝ Հարություն Եղոյանը, ով մորեղբայրս է: Նա իմ գլխավոր աջակիցը և ամենալավ հոգեբանն է. մեկ հայացքից հասկանում է ինձ, իսկ ես հասկանում եմ՝ ինչ է պետք անել: 

 -Վստահաբար, նպատակներիդ թվում նաև Օլիմպիական խաղերն են: Ե՞րբ ես նախատեսում փոխել քաշային կարգդ՝ դարձնելով օլիմպիական:  

-Այժմ մտածում եմ Աշխարհի առաջնությունում լուրջ հայտ ներկայացնելու և հնարավորինս լավ ներկայանելու մասին: Աշխարհի առաջնությանը կմասնակցեմ ներկայիս քաշային կարգում, իսկ հաջորդ Օլիմպիական շրջափուլից առաջ կփոխեմ քաշայինս կարգս, կփորձեմ հաստատվել դրանում և անձնական վարկանիշ ձեռք բերել:

 -Մարզական ընտանիքի ներկայացուցիչ էր. մորեղբայրդ՝ մարզիչ, մայրիկիդ մորեղբայրն էլ լեգենդար Յուրի Վարդանյանն է: Բարձր արդյունքներ գրանցելը, կարելի է ասել, պարտավորեցնող է: 

-Մարզիչս շատ ուժեղ մարզիկ է եղել, բայց շատ ծանր պայմաններում է մարզվել և կարիերան կիսատ է մնացել: Իր, և, բնականաբար, Յուրի Վարդանյանի օրինակը, գրանցած արդյունքները պարտավորեցնում և միաժամանակ մոտիվացնում են: Բայց սա հաճելի և գիտակցված «պարտավորություն» է: Այնպես չէ, որ դեպի ծանրամարտ իմ ճանապարհը մեծ սիրուց է սկսվել. մորեղբայրս ինձ տարել է մարզադահլիճ պարզապես կոփվելու համար, իսկ ծանրորդ լինելու մասին լրջորեն մտածել եմ 2013 թվականից: Ինքս եմ կատարել ընտրությունը, այնպես որ՝ պետք է փորձեմ արժանի հետնորդ լինել: 

 -Կա՞ խորհուրդ, որ նրանցից ես ստացել և երբևէ չես մոռանում: 

-Առաջինը՝ անհնարին թվացողը դարձնել հնարավոր: Ոչ թե կոնկրետ տիտղոս նվաճել, այլ պարզապես անընդհատ ինքդ քեզ ապացուցել, որ անհնարին ոչինչ չկա: Երկրորդ՝ չհիվանդանալ աստղային հիվանդությամբ: Դրա պատվատանյութն էլ ունեմ, չէ՞ որ տեսնում եմ մարզչիս և Յուրի Վարդանյանի օրինակը:

 -Վերջին անհնարին թվացող բանը, որ հնարավոր ես դարձրել:

-Քչերն էին հավատում, որ վնասվածքներից հետո կկարողանամ ներկայիս կիլոգրամները բարձրացնել: Ես էլ կասկածներ ունեի, բայց ինքս ինձ ապացուցեցի, որ դա էլ է հնարավոր: Այդպես նշաձողն աստիճանաբար բարձրացնելով, նոր նպատակներ սահմանելով պետք է առաջ շարժվել:

 -Սամվե՛լ, ուրախալի է, որ մեր հավաքականը շատ ուժեղ է և մի քաշային կարգում ունենք մի քանի մարզիկ, բայց ինչպե՞ս է հաջողվում միջազգային մրցումների ժամանակ չմոռանալ թիմակից լինելու մասին, չէ՞ որ անհատական հաջողության հասնելու ցանկությունը ևս բնական է:

-Մենք օրերով միասին ենք, իրար ավելի շատ ենք տեսնում, քան մեր ընտանիքի անդամներին: Անկախ գտնվելու վայրից և մրցման բնույթից՝ չենք կարող մոռանալ մեր ամիսների, տարիների ընկերությունը: Հակառակը: Օրինակ՝ այս առաջնության ժամանակ, երբ Արսեն Մարտիրոսյանը երկրորդ մոտեցմանն էր պատրաստվում, որով կապահովեր արծաթե մեդալը, ես նրան ասում էի, որ այդ մոտեցումը օդ ու ջրի պես պետք է մեր թիմին: Մեր թիմում բոլորս իսկապես եղբայրներ ենք:

 -Ծանրամարտում միայն ֆիզիկական ուժը բավարար չէ, ծանրաձողին պետք է նաև հոգեբանորեն հաղթես։ Հարաբերություններդ ծարնաձողի հետ ինչպիսի՞ն են. այն քո ընկե՞րն է, թե՞ մրցակիցը:

-Գուցե շատերի համար ծանրաձողը ևս հակառակորդ է, բայց ես չէի կարող ամեն օր մրցակցիս տեսնել, նրան այդքան ժամանակ նվիրել: Այն ընկեր է, որին ֆիզիկական ուժով և հոգեբաներոն պետք է համոզես համատեղ աշխատել, բայց պետք է խոստովանեմ, որ շատ սառնասիրտ և կամակոր ընկեր է (ժպտում է - խմբ.): Ամեն մեկն այդ սառնասրտությանը չի դիմանա: Հիմա մեր հարաբերությունները ջերմ ընկերական են, հուսանք՝ չի մտափոխվի: 

 -Ցանկացած մարզաձև որոշակի սահմանափակումներ է պահանջում: Ինչպիսի՞ն է ծանրորդի կյանքը: 

-Ծանր (ժպտում է - խմբ.): Եթե պրոֆեսիոնալ ես և ցանկանում ես հաջողությունների հասնել, պետք է սովորես ընտանիքիդ, ընկերներիդ քիչ տեսնելուն: Հիմա մի քանի օր ազատ եմ, կփորձեմ կարոտս առնել և վերադառնալ մարզումներին: Անկեղծ ասած, դասերից էլ եմ հետ մնացել (Սամվելը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի «Գործարար վարչարարություն» մագիստրոսական ծրագրի ուսանող է - խմբ.): Մեկ ամիս չեմ մասնակցել դասերի, հիմա պետք է փորձեմ լրացնել բացը: Բնականաբար, բարդ է ամեն ինչ հասցնել, բայց փորձում եմ հնարավորինս հավասարակշռել կյանքս: Ուրախ եմ, որ շրջապատս ըմբռնումով է մոտենում, հասկանում են, որ այժմ ծանրամարտն առաջնային կարգավիճակ ունի: 

Զրույցը՝ Գայանե Աբասյանի

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ