Այսօր

5 պարզագույն միջոց քրոնիկ հոգնածությունից ազատվելու համար

  16 Ապրիլ 2021  106 դիտում
5 պարզագույն միջոց քրոնիկ հոգնածությունից ազատվելու համար

Եթե առավոտ կանուխ ձեզ այնպես եք զգում, ասես վրաերթի եք ենթարկվել, չունեք որևէ բան անելու ուժ և ցանկություն, ապա, հնարավոր է, քրոնիկ հոգնածությունը ձեզ չի շրջանցել: Առաջարկում մի քանի պարզ խորհուրդ Ջեյկոբ Տեյտելբաումի «Հավերժ հոգնած» գրքից, որոնք կօգնեն վերականգնել կենսական էներգիան և ուժը:

Մի մոռացեք «ՈՉ» բառի մասին

Յուրաքանչյուր ֆիզիկական խնդիր ունի իր հոգեբանական բաղկացուցիչը: Քրոնիկ հոգնածությունից դժգոհող մարդկանց մեծամասնությանը բնորոշ է քամվելու աստիճան աշխատելու, շրջապատին օգնելու բնավորությունը: Նրանք հանուն շրջապատի բարօրության պատրաստ են ծախսել իրենց էներգիան, ժամերով լսել դիմացինի սրտաճմլիկ պատմությունները, դժգոհությունները, հոգ տանել բոլորի մասին՝ մոռանալով իրենց: Օգնել, աջակցել պետք է, բայց պետք չէ մյուսների համար դառնալ տոքսիկ մտքերից և էմոցիաներից ազատվելու միջոց: Ինչպե՞ս փոխել իրավիճակը. պարզապես բավարար է չմոռանալ երկու տառից բաղկացած շատ կարևոր բառը՝ «ՈՉ»: Սովորեք կիրառել այդ կախարդական բառը, «ՈՉ» ասել, երբ զգում եք, որ չունեք օգնելու, լսելու համար բավարար էներգիա, ժամանակ: 

Քիչ տանջվել, շատ քնել

Եվս մեկ շատ պարզ խորհուրդ, որին պետք է փորձեք հետևել: Հիշեք, որ ամեն ինչ ու ամեն տեղ հասցնել հնարավոր չէ: Միգուցե նկատել եք՝ որքան շատ եք սեփական առողջության և ազատ ժամանակի հաշվին աշխատում, այնքան շատ են նոր գործեր առաջանում: Այդ ինչպե՞ս: Մի փոքր դանդաղեք,  ավելի շատ ժամանակ տրամադրեք քնելուն և կտեսնեք, որ չկատարված գործերի ցանկն աստիճանաբար կրճատվում է, իսկ որոշ բաներ պարզապես դառնում են անիմաստ: Բացի այդ, դուք կսկսեք աշխատել հաճույքով՝ ոչ թե պարզապես ամեն ինչ հասցնելու նպատակով: 

Զբաղվեք սպորտով

Եթե ֆիզիկական վարժությունները հաբ լինեին՝ դուք հաստատ կօգտագործեիք դրանք, այնպես չէ՞: Գտեք ձեր հոգեհարազատ որևէ մարզաձև՝ սպորտային պարեր, թենիս, ընկերներով ֆուտբոլ խաղացեք, փորձեք զբաղվել յոգայով կամ պարզապես ամենօրյա զբոսանքը դարձրեք սովորություն: Ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը քրոնիկ հոգնածության կանխման ամենակարևոր միջոցներից է: 

Քիչ օգտագործեք շաքար

Կարող եք զարմանալ. «Ի՞նչ կապ ունի շաքարը հոգնածության հետ»: Կպատասխանենք՝ ամենաուղիղ: Շաքարի չարաշահումը հանգեցնում է ադրենալինային հոգնածության, ինչի արդյունքում էլ օրվա ընթացքում լինում եք նյարդային, դյուրագրգիռ, իսկ թեթևություն զգում՝ միայն քաղցր օգտագործելիս: Քաղցրը որոշ ժամանակ բարձր տրամադրություն է ապահովում, իսկ հետո ազդեցությունը թուլանում է, և դուք կրկին դրա կարիքն եք զգում: Տրամադրության և էներգիայի մակարդակի տեսանկյունից ձեր օրգանիզմը վերածվում է ամերիկյան ատրակցիոնի՝ մի ծայրահեղությունից անցնելով մյուսին: Փորձեք վերահսկել շաքար պարունակող, քաղցր մթերքի օգտագործումը: 

Արեք այն, ինչ ձեզ ուրախացնում է և պարզապես սիրեք ձեզ

Ձեր կյանքը լցրեք նրանով, ինչն ուրախություն է պարգևում և դադարեք անել հակառակը: Հնարավոր է շրջապատից հնչող «դու պարտավոր ես»-ը ձեզ տնտեսագետ կամ իրավաբան է դարձրել, իսկ դուք լավ եք զգում նկարելիս, գրելիս կամ երեխաների հետ աշխատելիս: Գուցե ճիշտ հակառակը: Ամեն դեպքում, արեք այն, ինչ իսկապես ցանկանում եք: Բացի այդ, օրվա ընթացքում գտեք ժամանակ ձեզ երես տալու համար: Մի մնացեք անիվում պտտվող սկյուռի կարգավիճակում: Դադարեք պտտվել, երբ հոգնածություն եք զգում:

Մի՛ մտածեք, թե քրոնիկ հոգնածությունը միայն ձեր գլխում է և դրան պետք չէ ուշադրություն դարձնել՝ այդպիսով դուք միայն կբարդացնենք իրավիճակը և կհանգեցնենք նոր հիվանդությունների:

 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ