Այսօր

«Պատերազմական տրավման չի անցնում լավ նվերով կամ ընկերական հավաքույթով, դրա հետ պետք է աշխատի մասնագետը»․ Զինծառայողներն այսուհետ կարող են անվճար հոգեբանական աջակցություն ստանալ

  16 Ապրիլ 2021  411 դիտում
«Պատերազմական տրավման չի անցնում լավ նվերով կամ ընկերական հավաքույթով, դրա հետ պետք է աշխատի մասնագետը»․ Զինծառայողներն այսուհետ կարող են անվճար հոգեբանական աջակցություն ստանալ

2021թ․ մարտից մեկնարկել է Արցախյան վերջին պատերազմին մասնակից զինծառայողների ու պատերազմի հետևանքով տուժածների համար հոգեսոցիալական վերականգնման ծրագիր։ Ծրագրի շրջանակներում տրամադրվող հոգեբանական աջակցությունն անվճար է և հասանելի ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում։

Erit.am-ը զրուցել է ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, Զինծառայողների և պատերազմից տուժածների հոգեսոցիալական վերականգնողական ծրագրի ղեկավար Դավիթ Գևորգյանի հետ։

 -Ինչպե՞ս սկսվեց զինծառայողների ու պատերազմի հետևանքով տուժածների հետ հոգեբանական աշխատանքը։  

-Երևանի պետական համալսարանի Կիրառական հոգեբանության կենտրոնը գործում է արդեն 11 տարի և իրականացնում է տարբեր ծրագրեր, որոնցից մեկը պատերազմից տուժածների հոգեսոցիալական վերականգնողական կենտրոն ծրագիրն է: Բուն ծրագիրը նոր է, բայց զինծառայողների հետ աշխատում ենք հոկտեմբերից:
Սկզբնական շրջանում աշխատանքն առաջին հոգեբանական օգնության տեսքով էր: Հիմնականում աշխատել ենք վիրավոր զինծառայողների հետ տարբեր հիվանդանոցներում և հոսպիտալներում: Այս դեպքում միայն մեր կենտրոնը չէր, բավականին մեծ թիմով էինք:

Պատերազմի ավարտից հետո, երբ սկսվել էր հետճգնաժամային շրջանը, որոշեցինք, որ ավելի ֆունդամենտալ աշխատանքի կարիք կա: Պատերազմական տրավման ունի բավականին տիպիկ դինամիկա. ինչ-որ ժամանակի ընթացքում, եթե ճիշտ մոտեցում չի լինում, այն խրոնիֆիկացվում է և նոր փուլերի անցնում՝ արդեն այլ դրսևորումներով, ինչը մենք հիմա շատերի մոտ, ցավոք, տեսնում ենք:

Նախաձեռնեցինք պատերազմից տուժածների հոգեսոցիալական վերականգնողական կենտրոն ծրագիրը, որի նպատակն է ամբողջական հոգեբանա-հոգեբուժական աջակցություն տրամադրել զինծառայողներին թե՛ Երևանում, թե՛ մարզերում. խոսքն օնլայն աջակցության հնարավորության մասին է: Այս ծրագրի համար Երևանի պետական համալսարանը մեզ տրամադրեց բավականին մեծ տարածք, հիմա այն կահավորում ենք և շուտով կբացենք, UNDP կազմակերպությունը հանձն առավ ֆինանսական աջակցությունը և սկսեցինք սերտ համագործակցել նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ:

Ծրագրի շրջանակներում պատերազմի հետևանքով տուժածների համար բոլոր ծառայություններն անվճար են: Ընդ որում՝ նախատեսված է աշխատանք ինչպես զինծառայողների, այնպես էլ զոհված, գերեվարված կամ անհետ կորած զինծառայողների հարազատների, ընտանիքի անդամների հետ:

Մինչև ծրագիրը սկսելн իրականացրեցինք 300 զինծառայողի հոգեբանական կարիքների գնահատում: Այսպիսով կլինիկական հարցազրույցի միջոցով վեր հանեցինք հիմնական հոգեբանական խնդիրներն ու հիմա արդեն ունենք ամբողջական պատկեր, թե հիմնականում ինչ հոգեբանական խնդիրների են բախվում զինծառայողները:  

-Եվ ի՞նչ հիմնական խնդիրների հանդիպեցիք զինծառայողների մոտ:

-Առաջին հերթին հետտրավմատիկ սթրես խանգարման ախտանիշներն են, որոնք շատ կոպիտ հաշվարկով նկատելի են մոտավորապես 40-50 տոկոս զինծառայողների մոտ՝ այս կամ այն ինտենսիվությամբ: Սա իր մեջ ներառում է տարբեր ախտանիշների հավաք, օրինակ՝ քնի խանգարումներն են շատ հանդիպում, տագնապային խանգարումները՝ զգոնություն, վախ, անընդհատ վատ բանի սպասում, անհանգստություն, դեպրեսիվ ախտանիշներ կան բավականին դրսևորվող, վատ սովորությունների ակտիվացում՝ ծխախոտ, տարբեր նյութերի օգտագործում:

Այս բոլորն ընդհանուր առմամբ կարող ենք կոչել խրոնիֆիկացվող տրավմա, որից վերականգնումը երկարատև գործընթաց է ու այստեղ այլևս հնարավոր չէ սահմանափակվել առաջին հոգեբանական օգնությամբ: Պետք է պարբերական, ինտենսիվ աշխատանք, որն էլ արդեն 1 ամիս իրականացնում ենք:

-Հիմա քանի՞ զինծառայողի կամ զինծառայողի հարազատի հետ եք աշխատում:  

-Ունենք 30-ից ավելի շահառու, որոնք դիմել են ինքնակամ, այսինքն ոչ թե ինչ-որ ուղղորդումով են եկել, այլ՝ ինքնուրույն, ինչը լավ ցուցանիշ է: Նրանցից 26-ը զինծառայողներ են, իսկ 4-ը զոհված զինծառայողների հարազատներ, մտերիմներ:

Արդեն ունենք պայմանավորվածություն թե՛ պաշտպանության նախարարության հետ, թե՛ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի, որտեղից շատ են հայցեր գալիս ու այսուհետ ուղղորդումներ ևս կլինեն։  

-Եթե հստակեցնենք՝ ովքե՞ր կարող են դիմել կենտրոն ու ինչպե՞ս:

-Կարող են դիմել բոլոր այն մարդիկ, որոնք տուժել են Արցախյան այս պատերազմի ընթացքում՝ ինչպես զինծառայողները, այնպես էլ նրանց հարազատներն ու մտերիմները: Զինծառայողների դեպքում բացարձակ նշանակություն չունի նրանց կարգավիճակը՝ ժամկետայիններ են, պահեստազորից, թե՝ կամավոր:

Դիմել կարող են մոտենալով Երևանի պետական համալսարանի Կիրառական հոգեբանության կենտրոն կամ կապվելով համապատասխան հեռախոսահամարով (+374 44 12 70 70), սոցցանցերով:

-Մեզ մոտ հոգեբանին դիմելու պրակտիկան դեռևս խորթ է։ Կնշեք՝ ինչո՞ւ է կարևոր պատերազմով անցած զինծառայողների ու նրանց հարազատների հետ հոգեբանական աշխատանքը։

-Քանի որ մենք հոգեբանական առումով կրթված հասարակություն չենք, հաճախ հոգեբանական խնդիրները դիտարկում ենք որպես մի բան, որը «դե ժամանակի հետ կանցնի», լավ կվերաբերվենք, հարմար պայմաններ կստեղծենք, կցրենք, լավ բաներ կտանք, կուրախացնենք, կարճ ասած՝ «տաք պահի, կանցնի»: Սա, որպես այդպիսին, մեր ընդհանուր մոտեցումն է այս խնդիրներին, չնայած՝ չեմ կարող չնշել, որ վերջին 10 տարում բավականին փոփոխություններ կան, բայց անելիքը դեռ շատ է։

Շատ դեպքերում, երբ խոսքը ոչ այնքան սուր տրավամտիզացիաների մասին է, այս մոտեցումը կարող է ընդունելի լինել, որովհետև ինչ–որ տեղ աշխատում է ինքնակարգավորումը, ինչ–որ տեղ աշխատում են պաշտպանական մեխանիզմները, համայնքը, ընտանիքն աջակից են դառնում ու դա, կարելի է ասել, բավարար է լինում։ Բայց, երբ խոսքը պատերազմական տրավմայի մասին է, այսինքն բառի բուն իմաստով հետտրավմատիկ սթրես խանգարման, սա արդեն խանգարում է, ուղղակի սթրես չէ, հոգեբանական խնդիր չէ, սա ախտորոշում է։

Այս պարագայում բարի խոսքը, դրական վերաբերմունքը, հաճելի պայմանները, աշխատանքը, ամուսնանալը, երեխա ունենալը և նմանատիպ այլ բոլոր «բուժիչ» քայլերն ու հորդորները կա՛մ շատ քիչ էֆեկտ են ունենում, կա՛մ ընդհանրապես չեն ունենում, իսկ երբեմն վատթարացնում են իրավիճակը։ Օրինակ՝ երբ զինծառայողին աջակցելու նպատակով հարազատներն անընդհատ փորձում են գրկել նրան՝ դրանով ցույց տալով, թե ինչքան կարևոր է, որ նա վերադարձել է պատերազմից, զինծառայողը կարող է ունենալ շատ սուր հոգեբանական արձագանք՝ կարող է հետ քաշվել, փակվել իր մեջ, դյուրագրգիռ դառնալ, ասել՝ «ինձ հանգիստ թողեք»։ Հաճախ ընտանիքը սա չի հասկանում, չի պատկերացնում, որ սա խնդրի ախտանիշ է։ Ընտանիքը սկսում է սա համարել անցողիկ մի բան կամ կապրիզ, կամ մտածում՝ դե երեխան հոգնած է։ Այսպիսով շարունակում են նույնն անել, կամ նեղանում են ու կոնֆլիկտներ ունենում։ Այստեղ է, որ պետք է հստակ գիտակցել՝ կա հոգեբանական խնդրի մակարդակ, որի դեպքում սովորական միջոցները չեն օգնում, ինչպես կա առողջական խնդիրների մակարդակ, որոնց դեպքում պետք է դիմել բժշկի ու չզբաղվել ինքնաբուժությամբ։

Հոգեբանական խնդրի դեպքում իրավիճակն էլ ավելի է բարդանում, որովհետև այն, այսպես ասած, շոշափելի չէ․ օգնության կարիք ունեցող մարդու շուրջ եղած հարազատները չեն կարողանում հասկանալ՝ ինչու է նա իրեն մեղավոր զգում զինակից ընկերոջ մահվան համար, չէ՞ որ պատերազմ է ու պարզ է, որ զոհեր պետք է լինեին:

Հոգեբանական տրավման հենց այսպես է աշխատում. նմանատիպ բավականաչափ բարդ սիմպտոմներն ու դրսևորումները դառնում են հիմնական ախտանիշ՝ պաթոլոգիկ մեղքի զգացումը, քնի խանգարումը, վեր թռնելն ու երազներում տեսնելն իրավիճակները, որոնցով ինքն անցել է պատերազմի ընթացքում, ֆլեշքբեքերը՝ հիշողության որոշակի առկայծումները, սեփական հույզերից օտարացումը, դրանց բթացումը, ինչը պաշտպանական ռեակցիայի դրսևորում է։ Այս ախտանիշները չեն անցնում ուղղակի հորդորով, լավ նվերով կամ  կազմակերպված ընկերական խնջույքով։

Դրանք նույնսիկ կարող են խորանալ, որովհետև ստեղծվում է զինծառայողի ու միջավայրի միջև մեծ բաց։ Միջավայրն ասում է՝ «արի, ամեն ինչ նորմալ է, կշարունակենք ապերել ոնց որ միշտ», բայց այդ մարդու համար այլևս չկա «ոնց որ միշտ»–ը։

Այնպես որ, չափազանց կարևոր եմ համարում նշածս ախտանիշների ի հայտ գալու դեպքում պարտադիր դիմել մասնագետի։ Հատկապես, եթե նկատում եք, որ զինծառայողը չի կարողանում դրանք ինքնուրույն կարգավորել։

–Կենտրոնում զինծառայողների հետ աշխատանքը հոգեթերապիայի՞ տեսքով է։

–Սկզբում կատարվում է նախնական գնահատում, դա, այսպես ասած, ախտորոշիչ հանդիպումն է, որի ընթացքում հոգեբանը կլինիկական հարցազրույցի ընթացքում դուրս է բերում խնդիրները, հոգեբանական հնարավոր ախտանիշները, սահմանազատում է հոգեբուժական հնարավոր օգնության կարիքը։ Այնուհետև երկուսով՝ հոգեբանն ու այցելուն, կայացնում են որոշում՝ ինչի վրա են աշխատելու ու ինչ նպատակ են դնում, որից հետո սկսվում է բուն հոգեթերապևտիկ աշխատանքը՝ հիմնականում խոսքային թերապիայի ձևով։

Հանդիպումները սովորաբար անցկացվում են շաբաթը մեկ կամ երկու անգամ՝ մեկ ժամ տևողությամբ, դրանց ընթացքում իրականացվում է «վերքի մշակում»։

Անհրաժեշտության դեպքում ներգրավվում է հարակից այլ մասնագետ, օրինակ՝ նյարդաբան, եթե զինծառայողն ունի քնի լուրջ խանգարում։ Եթե կա դեպրեսիայի, տագնապի բարձր աստիճան, ինչը թույլ չի տալիս մաքսիմալը ստանալ հոգեթերապիայից, կարող է գործընթացին մասնակցել հոգեբույժ։

Սրան զուգահեռ, եթե կան որոշակի այլ, օրինակ՝ սոցիալական խնդիրներ՝ աշխատանք գտնելու, թղթաբանության հետ կապված, մենք դիմում ենք Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի սոցաշխատողներին, որոնք փորձում են կարգավորել այդ հարցերն ու վերացնում լրացուցիչ անհանգստության պատճառը։

Կենտրոնում ունենք 6 կլինիկական հոգեբան և մեկ հոգեբույժ, իսկ նյարադաբանն ու նյարդաբույժն ուղորդվում են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից, երբ լինում է դրա կարիքը։

Աջակցությունը զինծառայողին ավարտվում է այն ժամանակ, երբ հոգեբանը և զինծառայողը միասին գալիս են եզրակացության, որ խնդիրը լուծված է, կամ դրա ինտենսիվության աստիճանն իջեցված է։

–Պատերազմով անցածները սովորաբար չեն սիրում խոսել այնտեղ կատարվածի մասին, կոնտակտի գնալը ստացվո՞ւմ է։ Թույլ տալի՞ս են «վերքին դիպչել»։

Ասել, որ բոլորը միանգամից բացվում են՝ անհեթեթություն է, այդպես չի լինում։ Հետաքրքիր մի բան կա, երբ մենք ի սկզբանե փորձում էինք հասկանալ հոգեբանական աջակցության կարիք ունեցողների քանակը, նախկինում կարիքների գնահատում արած մարդիկ մեզ ասում էին՝ «զինծառայողների մեծ մասն ասում են՝ հոգեբանի մոտ գնալ չենք ուզում»։

Երբ ինքներս արեցինք կարիքների գնահատում 300 զինծառայողների հետ, ստացանք հետևյալ թիվը՝ մոտ 56 տոկոսը հոգեբանի հետ աշխատելու ցանկություն հայնտեց։

Ուզում եմ ասել՝ երբ կարիքի գնահատման, առաջին զրույցի կամ առաջին կոնսուլտացիայի ժամանակ մասնագետը ճիշտ մոտեցում է կիրառում, վստահություն ձեռքբերում, կոնտակտի հաստատումը ստացվում է։

Եթե առաջնորդվում ես մասնագիտական հմտություններով, ապա հաճախ հենց ինքդ ես մարդու մոտ ձևավորում պատկերացում իր կարիքի մասի․ հաճախ, երբ զինծառայողն ասում է՝ չունեմ հոգեբանի հետ աշխատանքի կարիք, ինքն էլ չգիտի այդ կարիքի մասին։

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ