Այսօր

Experimental Duo․ Երբ Ազնավուրը, Մանսուրյանն ու Վիվալդին հնչում են քանոնով

  16 Ապրիլ 2021  411 դիտում
Experimental Duo․ Երբ Ազնավուրը, Մանսուրյանն ու Վիվալդին հնչում են քանոնով

2018-ի ապրիլին համացանցում հայտնվեց ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Դեյվ Բրուբեկի “Take five” ստեղծագործությունը՝ քանոնահարներ Լիլիթ Գևորգյանի և Սուսաննա Մանասերյանի կատարմամբ։ Էքսպերիմենտը լայն արձագանք գտավ։ Լիլիթն ու Սուսաննան ստեղծեցին իրենց դուետը՝ Experimental Duo-ն։ Աղջիկները քանոնով հնչեցնում են Ազնավուրի, Մանսուրյանի ստեղծագործությունները, Վիվալդիի «Տարվա եղանակները»։ Արդեն իրենք են փոխադրում ու մշակում գործերը, ազգային երաժշտության հետ ասոցացվող քանոնով նվագում անգամ ճապոնական երաժշտություն։

Erit.am-ի հետ զրույցում Experimental Duo-ի աղջիկները պատմել են միասին անցած ճանապարհի, երաժշտական բախումների, ամենապատասխանատու փոխադրման մասին և ոչ միայն։

-Ինչու՞ ընտրեցիք քանոնը։ Ե՞րբ սկսեցիք միասին նվագել։

Լիլիթ - Սուսաննան ու ես քույրեր ենք։ Սկզբում նա էր քանոնի հաճախում, ինձ մոտ էլ հետաքրքրություն առաջացավ գործիքի հանդեպ։ 10 տարեկան էի։ Մայրիկս ինձ տարավ երաժշտական դպրոց։

Մինչ քանոնի անցնելը մեկ տարի դաշնամուրի եմ հաճախել, բայց թողել եմ։ Քանոն նվագելուց հետո այլ գործիք նվագելու մտքեր չեմ ունեցել։

Սուսաննա - Լիլիթի մայրիկն իմ քույրիկն է, բայց մյուս քույրս էր քանոն նվագում։ Ամեն օր լսում էի, տեսնում՝ ինչպես է պարապում։ Չգիտեմ՝ ինչու, ես էլ քանոնն ընտրեցի։ Ինքնաբերաբար ստացվեց, բայց հետո շատ սիրեցի։

Փոքրուց ես ու Լիլիթը միշտ միասին ենք եղել։ Սկզբում միասին խաղացել, հետո արդեն՝ նույն երաժշտական դպրոցում, կոնսերվատորիայում սովորել, միասին նվագել։

Երաժշտական դպրոցում ինձ գրավում էր նաև ֆլեյտայի մեղեդայնությունը։ Երազանքս դեռ անկատար է, բայց հուսամ մի օր կնվագեմ ֆլեյտա։ Պետք է անեմ առաջին քայլն ու ինձ գործիք գնեմ։

-Սկզբում ներկայանում էիք որպես Լիլիթ և Սուսաննա։ Ինչպե՞ս որոշեցիք խումբն անվանել Experimental Duo։

Լիլիթ - Քանոնի ձեռնարկներում կան գործեր հենց դուետների համար։ Այդ բոլոր գործերը հերթով փորձում էինք, շատ լավ էր ստացվում․ իրար լավ էինք հասկանում, նույն կերպ էինք զգում ստեղծագործությունը;

Արդեն ուսանողական տարիներին որոշեցինք մեր մշակումներն անել, խմբով ներկայանալ։ Եղան նաև գործնական առաջարկներ, որոնք նպաստեցին, որ ավելի զարգացնենք մեր դուետը։ Քանի որ մեր հիմնական նպատակն  էքսպերիմենտներ անելն էր, հենց այդպես էլ անվանեցինք խումբը՝ Experimental Duo։

-Առաջին էքսպերիմենտն ինչպե՞ս ստեղծվեց։

Սուսաննա - Առաջին փոխադրումը ջազային ստեղծագործություն էր՝ “Take five”-ը։

Լիլիթ - Ջազային գործերի ռիթմիկան այլ է։ Հիշում եմ՝ անընդհատ լսում էինք, փորձում ռիթմը «բռնել»․ մինչ այդ քանոնով միայն դասական ու ժողովրդական գործեր էինք նվագել։ Ռիթմին ընտելանալուց հետո իմպրովիզներ էինք անում, խորհուրդներ տալիս իրար՝ ինչ ու ինչպես անել, ինչպես փոխանցել մեկս մյուսին և այլն, և այլն։

Որոշեցինք այդ շաբաթվա մեջ ավարտել փորձերը, նվագել ու տեսանյութը հրապարակել համացանցում։ Առաջին սիրողական տեսանյութից հետո սկսեցինք աշխատել մեր ֆեյսբուքյան էջի վրա, մտածել հետագա անելիքների մասին։

-Երբևէ լսե՞լ եք քննադատություն, թե՝ քանոնը ժողովրդական երաժշտություն նվագելու համար է, այս ինչ եք անում քանոնի հետ։ Կա՞ մեկը, ում համարում եք ձեր առաջին քննադատը։

Սուսաննա - Մեր դասախոսը՝ Ծովինար Հովհաննիսյանը փոխադրել է Ջորջ Գերշվինի, Մանֆրեդ Շմիտցի գործերից։ Մարդիկ արդեն սովոր էին, որ կարելի է քանոնով բացի հայկականից այլ ժանրի գործեր էլ հնչեցնել։ Երևի դա էր պատճառը, որ քննադատությունների առիթ չհանդիսացան մեր էքսպերիմենտները։

Եթե ինչ-որ գործ էինք փոխադրում, ասում էինք՝ ընկեր Հովհաննիսյան, կարող եք լսել, խորհուրդ տալ։ Միշտ լսում էր, ողջունում մեր էքսպերիմենտները, բայց նաև մեր առաջին քննադատն էր։

Լիլիթ - Նվագել ենք նաև Ծովինար Հովհաննիսյանի փոխադրումներից։ Քանի որ դրանք մեծամասամբ քանոնի ու դաշնամուրի համար են, վերցրել ենք գործը, դաշնամուրի հատվածները ևս փոխադրել քանոնի համար ու կատարել։ Ստացվում է՝ «վերափոխադրել» ենք։

Ընկեր Հովհաննիսյանի կազմած ձեռնարկներում հրապարակվել են նաև մեր դուետի փոխադրումներից Take five-ը,  Վիվալդիի «Տարվա եղանակները» և այլն։ Վերջերս Ռոմանոս Մելիքյանի ռոմանսները փոխադրելու առաջարկ էր ստացել։ Որոշեց մեկ-երկու գործ էլ մեզ վստահել։ Փոխադրեցինք «Ես բլբուլ եմ»-ը, շատ գեղեցիկ է հնչում քանոնով։ Նպատակ ունենք այն ձայնագրել, նկարահանել տեսահոլովակ։

-Տարբեր ժանրերի երաժշտություն եք նվագում քանոնով։ Ո՞րն է ձեզ առավել հոգեհարազատ։

Լիլիթ - Ուր էլ գնանք, ինչ էլ անենք մեր հայկական երաժշտությունը մեզ շատ հարազատ է։ Հիմա ձգտում ենք մինիմալիստականի՝ միաձայն երաժշտության, Հայրիկ Մուրադյանի ստեղծագործություններն ենք ուսումնասիրում։

Փորձում ենք յուրօրինակ մոտեցում ցույց տալ մեր բոլոր փոխադրումներին, մշակումներին։ Փոխադրումներից բավականին մեծ արձագանք գտավ Վիվալդիի «Տարվա եղանակներ» կոնցերտի «Ամառը»։ Սկզբում երկու քանոնի և կոնտրաբասի համար փոխադրեցինք, հետո՝ երկու քանոնի։

Սուսաննա - Նվագում ենք տարբեր ժանրերի գործեր, դրանցից ընտրում լավագույնները, որ և քանոնին համապատասխանեն, և մեզ։

Լիլիթ - Օրինակ՝ Ազնավուրի “She”-ն շատ գեղեցիկ է ստացվել։ Սուսաննայի մեծ քույրիկը՝ Աննան է այն մեզ համար փոխադրել։ Վերջին շրջանի հոգեհարազատ գործերից մեկն է։

Նպատակ ունենք այլ ժանրեր ներկայացնելով մարդկանց ուշադրությունը հրավիրել քանոնի, ֆոլկ երաժշտության վրա։ Դրան հասնելու համար հայտնի ու սիրված ստեղծագործություններն ենք մշակում, այն հիթերը, որոնք լավ են հնչում քանոնով, օրինակ՝ Zaz-ի “Je veux”-ը։ Տարբեր առաջարկներ ենք ստանում այս կամ այն գործը նվագելու, բայց կան գործեր, որոնք քանոնով գեղեցիկ չեն հնչում՝ «քանոնային» չեն։ Նման գործերի չենք անդրադառնում։ 

-Ի՞նչ է պետք, որ տվյալ փոխադրումը կամ մշակումը դառնա ձեր նվագացանկի մաս։

Լիլիթ - Մեր նվագելու ցանկությունն ենք հաշվի առնում։

Սուսաննա - Ճիշտ է։ Հնարավոր է՝ ես չսիրեմ այդ ստեղծագործությունը, բայց Լիլիթն ասի՝ արի նվագենք։ Եթե ասեմ՝ լավ, արի նվագենք, կասի՝ չէ, դու չես սիրել գործը, հաճույքով չես անելու։

Լիլիթ - Չգրված կանոն ունենք։ Եթե ես պատրաստ չեմ Սուսաննային համոզել, որ սիրի տվյալ ստեղծագործությունը, ուրեմն չենք նվագում, և հակառակը։ Պետք է տվյալ գործը նվագելու ցանկություն ունենանք։ Եթե չունենք, հաստատ չի ստացվելու այն, ինչ պետք է։

-Երաժշտական վեճեր, բախումներ հաճա՞խ եք ունենում։

Սուսաննա - Որքան ես ու Լիլիթը իրար նման ենք, նույնքան էլ տարբեր ենք բնավորությամբ, երբեմն նաև երաժշտական ճաշակով։ Երբ որևէ գործ ենք մշակում, ես ուզում եմ այլ կերպ հնչի, Լիլիթն՝ ուրիշ։ Նման դեպքերում ասում ենք՝ լավ, արի չնվագենք, վաղը մի անգամ էլ կփորձենք ու կհասկանանք՝ ինչ է պետք անել։

Լիլիթ - Երաժշտական բախումները լավ արդյունքի են բերում։ Երբ ինչ-որ հարցի շուրջ բանավիճում ենք, կարծիք հայտնում, անցնում է որոշ ժամանակ, վերլուծում ենք այդ կարծիքներն ու գտնում ոսկե միջինը։

Երբ երկար ենք բանավիճում, դիմում ենք մեր մեծ քույրիկին, ով երաժիշտ է ու մեզ միշտ օգնում է, խորհուրդ տալիս։

-Ո՞րն է եղել դուետի ամենապատասխանատու փոխադրումը։

Սուսաննա - Կարծում եմ՝ հենց Վիվալդիի «Տարվա եղանակներ» ջութակի չորս կոնցերտներից «Ամառը»։ Հատվածներ կային, որ հնարավոր է՝ քանոնով չհնչեին։ Պետք է մտածեինք՝ ինչ անել, որ ճիշտ հնչի, ու ոչ մի ձայն չկորի։ Քննարկեցինք ընկեր Հովհաննիսյանի հետ, մեզ շատ օգնեց։

Սզբում փոխադրեցինք երկու քանոնի ու կոնտրաբասի համար։ Մեկ տարի անց, երբ համերգային ծրագրով Լեհաստան պետք է մեկնեինք, կոնտրաբասահար էլ չկար մեզ հետ, փոխադրեցինք երկու քանոնի համար։

Լեհաստանում մարդկանց ոգևորել էր այն հանգամանքը, որ միայն հայկական երաժշտություն չենք նվագում, տարբեր ժանրերի գործեր ենք ներկայացնում։ Երբ նվագեցինք Վիվալդի, զարմացած էին, բուռն ծափահարությունների արժանացանք։

Երկու հայ երիտասարդ  էլ Լեհաստանից մեզ միացան։ Այստեղ նոտաները գրեցինք, գնացինք, այնտեղ երկու փորձ ունեցանք ու միասին նվագեցինք լեհական սուրբծննդյան երգերից մեկը։

Լիլիթ - Լեհերը մեծ ուշադրություն են դարձնում Ամանորին, շատ գեղեցիկ են նշում։ Սուրբծննդյան երգերի բառերն անգիր գիտեն, ու մեծ սիրով երգում էին։ Ամբողջ դահլիճը ձայնակցում էր։ Անմոռանալի համերգ էր։

2020-ի ամռանը ևս մեկ համերգ պետք է ունենայինք Լեհաստանում, համավարակի պատճառով հետաձգվեց։

-Նվագացանկում կա՞ն արդյոք հեղինակային գործեր։

Սուսաննա - Դեռ չունենք հեղինակային գործեր։ Երբեմն-երբեմն մեղեդիներ են ծնվում, բայց մեկ ամբողջական գործ չեն դառնում։

Լիլիթ - Մի շրջան կար, որ Սուսաննան անընդհատ մեղեդիներ էր հորինում, նվագում։ Իր մոտ այսպես է՝ նվագում է, բայց գուցե հետո մոռանա՝ ինչ արեց։ Ես դա իմանալով թաքուն ձայնագրում էի, որ հետո ցույց տամ, ասեմ՝ տես, եթե հավանում ես, կարող ենք զարգացնել։ Դեռ դրան չենք անդրադարձել։

-Նախորդ տարի համավարակով պայմանավորված մի քանի ամիս դուետը գործունեություն չծավալեց։ Եղան մի քանի առցանց համերգներ։ Կենդանի ելույթների, հանդիսատեսի հետ կապի բացը զգու՞մ էիք։

Լիլիթ - Իհարկե զգում էինք։ Բացի այդ հեռավար աշխատելու ընթացքում երաժշտական բախումներն էին ավելի շատ։ Երբ հանդիպում էինք, փորձեր անում, այդքան տարբեր կարծիքներ չունեինք, որքան հեռավարի անցնելուց հետո։ Կարծես չէինք զգում իրար․ ես այլ կերպ էի ուզում նվագել, Սուսաննան՝ այլ։ Չէինք կարողանում լեզու գտնել։

Այդ ամենը վերականգնելն էլ շատ ժամանակ տարավ։ Մի քանի ամիս նվագեցինք, փորձեցինք նոր գործեր անել, բայց ես նոր-նոր եմ զգում, որ մեր հին կարգավիճակը վերականգնվել է։

Սուսաննա - Երբ սկսեցինք առցանց համերգներ անել, մտածում էինք՝ կարանտինը երկու-երեք ամիս կձգվի։ Մի քանի համերգ արեցինք, բայց չկարողացանք շարունակել․կենդանի ելույթի կարիք ունեինք։

Վարակի տեմպերը մի փոքր թուլացել էին, որոշեցինք այգում մի տեսանյութ նկարել՝ Սթիվի Ուանդերի “I just called to say I love you” երգը։ Երբ սկսեցինք նվագել, մարդիկ հավաքվեցին մեր շուրջն ու սկսեցին լսել։ Այնքան էինք ոգևորվել, որ ուզում էինք անդադար նվագել, բայց վախեցանք վիրուսի տարածման պատճառ դառնալ։ Մի քանի գործ նվագեցինք, բայց շատ հաճելի էր։

-Ի՞նչ նպատակներ ունեք Experimental Duo-ի հետ կապված։

Սուսաննա - Մայիսին մասնակցելու ենք Weeding Еxpo-ի։ Ունենալու ենք առանձին տաղավար։ Experimental Duo-ն ներկայացնելու ևս մեկ առիթ էր, որոշեցինք բաց չթողնել։ Մեր դուետը կներկայանա իսպանական կահոնի ու կոնտրաբասի հետ, ինչը չլսված բան է։ Մարդիկ զարմանում են՝ ինչպես կարող է նման բան լինել։ Իսկ երբ կենդանի կատարմամբ են լսում, հիացմունքը կրկնապատկվում է։

Լիլիթ - Գրագետ ներկայանալու համար շատերը դիզայներների, մարքեթոլոգների են վարձում։ Սա մեր առաջին էքսպոն է։ Ուզում էինք ամեն բան ինքնուրույն անել։ Այս փորձը մեզ կօգնի, որ հետագայում ավելի պրոֆեսիոնալ ներկայանանք, մեր դուետը դարձնենք բրենդ, աշխատենք ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի շուկայի հետ։

Մի քանի հարսանիքների ելույթ ունեցել ենք, հիմնականում՝ հարսի քողը դնելու ժամանակ։ «Մերիկ»-ն էինք փոխադրել, որ թեմային համահունչ լինի։ Շատ գեղեցիկ էր ստացվել, վերջերս նաև նոտագրեցինք այն։ Երկու դպրոցական աղջիկներ մեր տարբերակը նվագելու են մրցույթի ժամանակ։ Անհամբեր սպասում ենք՝ ինչպես կնվագեն, ինչպիսի արձագանք կլինի։

Սուսաննա - Ինչպես բոլոր երաժիշտները, մենք էլ ուզում ենք ունենալ շատ շրջագայություններ, համագործակցություններ հայ և օտարազգի երաժիշտների հետ։ Հուսանք՝ ամեն բան լավ կընթանա։

Լիլիթ - Կուզեի՝ մի օր նվագեինք այնպիսի բեմերում, որտեղ ելույթ են ունենում մեծ երաժիշտները։ Գիտեմ, որ շատ բան ունենք սովորելու։ Ուզում եմ անընդհատ զարգացնենք մեր երաժշտական մտածողությունն ու ձգտենք ավելիին։

-Պատերազմը փոխե՞լ է ձեր երազանքները։

Լիլիթ - Հիմա ավելի հակված ենք ազգայինին, ավելի շատ ենք ուզում ներկայացնել մեր հայկականը, միաժամանակ փնտրտուքի մեջ ենք՝ ինչ օգտակար բան կարող ենք անել մեր երկրի համար, ինչպես կարող ենք դրական փոփոխություններ բերել, որ գոնե չկորցնենք այն, ինչ այս պահին ունենք։

Սուսաննա - Մի ծրագիր կա, կոչվում է՝ «ՄշակութաMET»։ Մի քանի ամիս է, ինչ մեկնարկել է։ Ամեն շաբաթ-կիրակի գնում ենք սահմանամերձ համայնքներ, երեխաներին երաժշտական գործիք նվագել ենք սովորեցնում։ Այս պահին ծրագրում Այգեձոր և Չինարի գյուղերն են։ Այդ համայնքներում երաժշտական դպրոցներ չկան։ Ծրագրի նպատակն այն է, որ երեխաները զուրկ չլինեն երաժշտական կրթությունից։ Ես ու Լիլիթն էլ ընդգրկված ենք ծրագրում, փորձում ենք այդ կերպ օգնել։

Զրույցը՝ Աննա Կարապետյանի

Լուսանկարները՝ Experimental Duo-ի արխիվից

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ