Այսօր

Հովհաննես Հայը (Yuhanna al-Armani)․ Ղպտական սրբապատկերների նկարիչը

  19 Ապրիլ 2021  214 դիտում
Հովհաննես Հայը (Yuhanna al-Armani)․ Ղպտական սրբապատկերների նկարիչը

Հայկական ծագմամբ այս տաղանդավոր նկարիչը ապրել է Եգիպտոսում, 18րդ․ դարում։ Նրա անունը հայտնի դարձավ սակավախոս ու փոքրաթիվ սկզբնաղբյուրներից և այն նշանավոր սրբանկարներից, որոնք ստորագրված էին Ալ – Արմանիի անունով։

Հայերը դեռևս քրիստոնեության վաղագույն շրջանից ստեղծագործել են եկեղեցական արվեստի բազմաթիվ ճյուղերում, սակայն պատկերապաշտությունը և սրբանկարչությունը լայն տարածում չգտան միջնադարի հայկական արվեստում։ Փոխարենը դարերի ընթացքում նշանակալի զարգացում ապրեց հայկական մանրանկարչությունը։ Այս առումով Յուհան (Հովհան) ալ – Արմանին յուրահատուկ նկարիչ է, քանի որ ազգությամբ հայ լինելով՝ սերտորեն գործակցում էր ղպտական քրիստոնեական համայքների  հետ, որտեղ ապրող հարուստ և հայտնի մեկենասները պատվիրում էին վարպետին ստեղծել ինքնօրինակ սրբապատկերներ։ Արևելաքրիստոնեական արվեստի բազմաթիվ  հետազոտողների կարծիքով, հիշյալ ստեղծագործություններն իրենց բացառիկ հորինվածքի, տեխնիկայի և ոճական առանձնահատկությունների շնորհիվ հսկայական ազդեցություն են ունեցել «Ղպտական վերածննդի» վրա, որը բնութագրում է Օսմանյան կայսրության մեջ ղպտական մշակույթի բուռն զարգացումը 18–րդ դարում։ Այսօր Ալ - Արմանիի սրբապատկերները պահվում են Եգիպտոսի տասը ղպտական վանքերում։ Դրանցից 115-ի վրա հիշատակված է հեղինակի անունը, իսկ հայ նկարչի ամենամեծ հավաքածուն պահվում է Կահիրեին մոտ գտվող  Սբ․ Աստվածածնի վանքում (Al-Muallaka)։ Սույն համառոտ ուսումնասիրության համար մեր հիմնական սկզբնաղբյուրն է Եգիպտոսում բնակվող ժամանակակից պատմաբան Մագդի Գիրգիի մենագրությունը․ «Հայ նկարիչը oսմանյան Եգիպտոսում» (Un artiste arménien de l'Égypte ottomane)։ Այն մինչ այժմ գրված միակ հիմնարար աշխատությունն է արևելաքրիստոնեկան արվեստի նշանավոր նկարիչներից Հովհաննես Հայի (Yuhanna al-Armani) մասին։

Ո՞վ է Յուհան ալ - Արմանին և ի՞նչ ծագում ունի

Գիրգին, ուսումնասիրելով նկարչի կյանքը, փորձում է առանձնացնել այն կարևոր հայեցակետերը, որոնք ազդել են Ալ-Արմանիի անհատականության վրա և հատկորոշել նրա ստեղծագործությունների բնույթը։ Այս համատեքստում պատմաբանն առանձնացնում է նախ քաղաքական տեսանկյունը, որովհետև նկարիչը Օսմանյան կայսրության հպատակ էր, ապա էթնիկ պատկանելիության հարցը՝ քանի որ  նա ազգությամբ հայ էր և խոսում էր հայերեն, Եգիպտոսի հայկական համայնքի անդամ էր։ Եվ, վերջապես, երրորդ՝ սոցիալական խնդիրը, որը պայմանավորված էր մայրաքաղաքային միջավայրով և ղպտական համայնքերի հետ ունեցած ակտիվ կապերով։ Պատմաբանը իրավացիորեն հանգում է այն եզրակացությանը, որ նկարչի կենսագրությունը նման է «բազմամշակույթ կայսրությունների մեծ քաղաքներում ապրող արվեստագետների կյանքին»։

Նկարչի ծագման շուրջ կարծիքները միանշանակ չեն։ Որոշ հետազոտողներ հակված են ենթադրել, որ Յուհան ալ – Արմանին Եգիպտոս է գաղթել Երուսաղեմից, իր հետ բերելով սիրիական քրիստոնեական պատկերագրության գեղարվեստական ավանդույթները, որոնք զգալիորեն ազդվել էին եվրոպական կերպարվեստից։ Մյուս ուսումնասիրողները կարծում են, որ Ղպտական սրբապատկերների նոր շունչը մեծապես պայմանավորված էր հայկական արվեստի ազդեցությամբ։ Այս գաղափարը, անշուշտ, տրամաբանական է թվում և փաստում վերը նշված այն տեսակետը, որ ազգությամբ հայ նկարիչը կարողացավ 18-րդ դարում վերակենդանացնել ղպտական սրբանկարչության անկում ապրող մշակույթը։

Եգիպտացի պատմաբանի կարծիքով՝ Օսմանյան կայսրության տարածքում ապրող բազմաթիվ ազգերն ու ժողովուրդները կարողանում էին հեշտությամբ փոխազդել  միմյանց մշակույթների վրա, միևնույն ժամանակ պահպանելով սեփական ինքնությունը։ Պետք է նկատել, որ միջմշակութային այդ փոխազդեցությունները տարբեր դարաշրջաններում կարևոր դեր են խաղացել արևելաքրիստոնական եկեղեցիների կյանքում, այդ թվում՝ ղպտիների, ասորիների, հայերի ու եթովպացիների շրջանում։ Հայ և ղպտական եկեղեցիների հավատացյալները միաբնակներ (monophysites) էին և  նրանց թույլատրվում էր ներկա գտնվել միմյանց պատարագներին, չէին արգելվում նաև խառնամուսնությունները։ Սրանով է պայմանավորված այն, որ ղպտիները հավատ էին ընծայում Յուհան ալ - Արմանիի արվեստին և վստահում նրան սրբապատկերներ նկարելու պատվերները։ Առհասարակ, 18-րդ դարում, ավելի քան երբևէ, բուռն զարգացում է ապրում կերպարվեստը։ Փոփոխվում են նկարիչների աշխատանքային պայմանները, վանականների հովանավորությամբ որմնանկարների ու սրբապատկերների պատվերները մեկնաբանվում են որպես կղերական կյանքի բերպաշտության նշաններ։ Այս դարաշրջանում որմնանկարչությունը և սրբանկարչությունը դառնում են բազմաթիվ աշխարհիկ նկարիչների հիմնական ապրուստի միջոցը։ Գիրգին առաջարկում է այս երևույթն անվանել «եգիպտական աշխարհիկ հասարակության զարգացման դարաշրջան» (une période du développement de la société laïque égyptienne):

Ընտանիքը

Գիրգին նշում է, որ Օսմանյան կայսրության տարածքում ապրող ղպտի ժողովրդի կյանքը ներկայացնող շատ քիչ տեղեկություններ կան։ Նույնը կարելի է ասել նաև 18-րդ դարում գործող Եգիպտոսի հայկական համայնքի մասին։ Սակայն արխիվներում պահպանվել են որոշ արժեքավոր սկզբնաղբյուրներ, ինչպես օրինակ, շարիաթի դատարանի փաստաթղթերը կամ Կահիրեի ղպտական պատրիարքության դիվանը։ Ահա այս և բազմաթիվ այլ մանրամասներ է վեր հանել գիտնականը իր աշխատության մեջ։ Նա ոչ միայն հավաստի և կարևոր տեղեկություններ է հայտնաբերել Ալ - Արմանիի և նրա ընտանիքի մասին, այլ նաև հեղինակել է արժեքավոր հետազոտություն Կահիրեի հայկական համայնքի վերաբերյալ։

Ալ – Արմանին, ինչպես նշում է Գիրգին, «հասարակ ծագումով մի մարդ էր, ով սեփական աշխատանքով հասավ որոշակի կարգավիճակի»։ Սակայն նա երբեք հարուստ մարդ չդարձավ, ինչպես իր նման՝ Օսմանյան կայսրության մեջ ապրող բազմաթիվ արհեստակից վարպետներ։ Նկարիչը մահվանից հետո չի թողել վավերագրեր իր և ընտանիքի, ստեղծագործական միջավայրի կամ պատվիրատուների մասին։ Այս աղբյուրների բացակայության հետևանքով նրա կյանքն ու գործը ուսումնասիրելու համար կարևոր են դարձել իսլամական դատարանների գրանցամատյաններում պահպանված գրառումները, որոնք առհասարակ պարունակում են բազամաբովանդակ տեղեկություններ հասարակության տարբեր շերտերի մասին։ Կիրառելով այս վավերագրերը, ներառյալ պահպանված կտակները, գործարքային պայմանագրերը, եգիպտացի գիտնականին հաջողվել է պարզել հայ նկարչի կյանքին առնչվող բազմաթիվ մանրամասներ։ Պատմական վավերագրերը ցույց են տալիս, որ Ալ-Արմանիի ընտանիքը հաստատվել է Եգիպտոսում 17-րդ դարի վերջին կամ 18-րդ դարի սկզբին։ Նրա հայրը՝ Կարապետ Արթինը, գաղթել է Եգիպտոս իր երկու որդիների հետ՝ Հովհաննի և Սալիբի, որն ըստ որոշ աղբյուրների՝ հիշատակվում է Խաչատուր անունով։  Յուհանն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը քրիստոնյա Հակոբիկ եկեղեցու հետևորդի դուստր՝ Ֆարիսինան էր։ Նա ծնեց երեք որդի և մահացավ 1770 թվին։ Կնոջ մահից հետո Ալ- Արմանին ամուսնանում է մի ղպտի քրիստոնյայի աղջկա՝ Դիմիանեի հետ, որից սակայն ժառանգներ չի ունեցել։

Սրբապատկերների նկարիչը

Ալ – Արմանիի ուսումնառության մասին քիչ բան է հայտնի հետազոտողներին։ Ստույգ հայտնի չէ նաև թե ինչով է զբաղվել վարպետը մինչև սրբանկարչությունը։ Նրա հեղինակած ամենավաղ սրրբապատկերը թվագրվում է 1742 թվականով։ Մագդի Գիրգիի կարծիքով, Հովհանն ունեցել է տարատիպ գեղարվեստական հմտություններ և ասպարեզ է մտել նախ որպես որմնանկարների վարպետ, ավելի ուշ զբաղվել նաև սրբապատկերների արվեստով։ Հայ նկարչի ստեղծագործությունների մեծ մասն, ինչպես նշեցինք, գտնվում են ղպտական վանքերում, որոնց համար դեռևս չի պատրաստվել համահավաք ցուցակ։ Սրբապատկերները, հիմնականում, պատվիրվել են ղպտի կղերականների կողմից։

Իր գործունեության ընթացքում նա աշխատել է երկու կարևոր ուղղություններով։ Առաջինը՝ նախաօսմանյան շրջանում կառուցված ղպտական վանքերի բարեկարգման և հարդարման աշխատանքներն էին, որոնք ամբողջապես նորոգվում էին 17-18րդ դարերի ընթացքում։ Երկրորդ ուղղությունը վերաշինվող վանքերն ու եկեղեցիներն էին, որոնք ավիրվել էին դարերի ընթացքում և որոնց փոխարեն ստեղծվում էին նոր պաշտամունքային կառույցներ։ Գիրգին գրում է, որ նրան պատվիրված սրբապատկերները նվիրվում էին հենց այն վանքերին, որոնք բովանդակային առումով կապվում էին  սրբանկարների պատկերագրությանը։ Աղբյուրները վկայում են, որ Ալ - Արմանին իր արվեստանոցում պահում էր պատրաստի սրբանկարների օրինակներ, ինչը վկայում է նրա ստեղծագործությունների մեծ պահանջարկի մասին։ Աշխարհիկ անձանց համար հայ նկարչի հեղինակությամբ ստեղծված սրբապատկերներից մասնավոր օրինակներ չեն պահպանվել։

Հայագիր սրբապատկերներ

Կասկածից վեր է, որ Յուհան Ալ- Արմանին տիրապետում էր հայերենին և կիրառում էր ոչ միայն առօրյայում, այլև իր ստեղծագործություններում։ Հույժ հետաքրքրական է այն, որ որոշ սրբատկերների հարդարման համակարգում առկա են հայագիր արձանագրություններ։

Չնայած հայ և ղպտի եկեղեցիների միջև նկատվող դավանաբանական ընդհանրություններին,  այնուամենայնիվ պատկերապաշտությունը դարերի ընթացքում լայն տարածում չի գտել հայերի մեջ (թեև Հայ առաքելական եկեղեցին համարվում է ոչ թե պատկերամարտ, այլ՝ պատկերահարգ), իսկ ղպտական եկեղեցու համար այն ունեցել է էական նշանակություն։ Ղպտական եկեղեցու պատմության մեջ երբեք չի ընդհատվել պատկերապաշտության ավանդույթը, նրանք  միշտ ստեղծել են սրբանկարներ՝ առանց ժամանակագրական դադարների և աստվածաբանական երկմտումների։ Պահպանված օրինակները ցույց են տալիս, որ Ալ- Արմանիի բոլոր հայտնի սրբանակարչական երկերը նկարվել են հենց ղպտական եկեղեցու համար, իսկ հայերի համար ստեղծված օրինակներ չեն պահպանվել կամ դեռևս անհայտ են արևելաքրիստոնեական արվեստի հետազոտությամբ զբաղվող գիտնականներին։

Լրացումներ և ծանոթագրություններ

Հովհաննես Հայի  (Yuhanna al-Armani) մասին տե՛ս Գիրգիի մենագրությունը, Magdi Guirguis, An Armenian Artist in Ottoman Egypt: Yuhanna al-Armani and His Coptic Icons, Cairo 2008, (144)։

Ղպտական եկեղեցու մասին առավել մանրմասն տե՛ս Jill Kamil, Christianity in the Land of the Pharaohs,The Coptic Orthodox Church, Abingdon 2002, (311):

Ղպտական վաղ շրջանի արվեստի և ճարատարապետության մասին առավել մանրմասն տե՛ս Զարուհի Հակոբյան, Միջնադարյան արևելաքրիստոնեական արվեստ (IV-X դդ․), Երևան 2016 (12-16)։

Եգիպտոսի հայկական գաղութի, հայ – ղպտական, հայ - եթովպական առնչությունների մասին տե՛ս Աշոտ Աբրահամյան, Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, Երևան 1964, (126 -157)։

Հայ – ղպտական միջեկեղեցական հարաբերությունների մասին տե՛ս Խմբագրական,  «Ղպտական ուղղափառ եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Շենուդա Գ-ը Մայր Աթոռում», Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, N 9, 1972 (21-30)։   

Եգիպտահայ համայնքի մասին տե՛ս Հասմիկ Ստեփայան, Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում (Գ VI. Հայերը Եգիպտոսում), Երևան 2012, (350-369)։

Հայոց եկեղեցու դավանաբանության, միջեկեղեցական կապերի և պատմության մասին տե՛ս Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանյան, Հայոց եկեղեցին, Երևան 2016, (133-158)։

Աղբյուրը՝ Yuhanna al-Armani: Arménien et peintre d’icônes copte // www.courrier.am (28.01.2020)

Հմմտ․ թրգ․ ֆրանսերենից, լրացումները և ծանոթ․՝ ՏԳրիգորյանի

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ