Այսօր

Մեր շարժման կենտրոնը միշտ եղել է Հայաստանը. վստահեցնում է սիրիահայ գինեգործը

  19 Ապրիլ 2021  554 դիտում
Մեր շարժման կենտրոնը միշտ եղել է Հայաստանը.  վստահեցնում է սիրիահայ գինեգործը

Հակոբ Կազանջյանը ծնվել է Սիրիայում և Հայաստան է տեղափոխվել 2006 թվականին՝ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Նրա խոսքով՝ ընտանիքում հայրենիքի հետ կապը միշտ է եղել. իրենից առաջ ծնողներն են սովորել դեռևս Խորհրդային Հայաստանում:

«Մեզ դաստիարակել են այն սկզբունքով, որ երբ ուսումնառելու ժամանակը գա, ապա այն անպայման պետք է ստանալ հայրենիքում: Եվ երբ 2000 թվականին քույրս տեղափոխվեց Հայաստան՝ սովորելու, հասկացա, որ այն, ինչ փոքր տարիքից լսել էինք մեր ծնողներից, իրականություն է դառնում: Սկզբում ընդունվեցի Ճարտարապետաշինարարական համալսարան, սակայն որոշ ժամանակ անց հասկացա, որ այն իմը չէ և տեղափոխվեցի ԵՊՀ-ի թուրքագիտության բաժին, իսկ հետո արդեն՝ ՏՏ ոլորտ»,- Erit.am-ի հետ զրույցում պատմում է Հակոբը՝ հավելելով, որ սովորելուն զուգահեռ՝ իր մոտ միշտ ցանկություն է եղել մշտապես բնակություն հաստատել Հայաստանում:

«Ինձ միշտ հարցնում են՝ Սիրիա՞ն ես նախընտրում, թե՞ Հայաստանը: Իհարկե, ես շատ եմ սիրում Սիրիան՝ որպես ծննդավայր, բայց այն երբեք չի եղել հայրենիք, և Հայաստան մշտական բնակության տեղափոխվելը բնավ չի եղել հարկադրված քայլ, այլ հստակ ու գիտակցված որոշում: Եվ քանի որ մեր ընտանիքի ընկերները միշտ եղել են Հայաստանից Սիրիա տեղափոխված հայերը, մենք մշտապես կապ ենք ունեցել հայրենքի հետ, և մեր ընտանիքում զուգահեռ հնչել են արևելահայերենն ու արևմտահայերենը, հետևաբար մշակութային առումով ինձ դժվար չի եղել այստեղ հաստատվել և ինտեգրվել: Առաջինը մորս եմ ասել, որ կարծես ամբողջ կյանքում Երևանում եմ ապրել, և դա եղել է Հայաստան գալուց ընդամենը օրեր անց: Իհարկե, որոշ բացասական երևույթներ այստեղ ինձ նեղացրել են և տխրեցրել, սակայն դա եղել է զուտ որպես բնակիչ»,-ասում է Հակոբը և վստահեցնում, որ երբեք մտքով չի անցել թեկուզ ժամանակավորապես լքել Հայաստանը: Նրա խոսքով՝ մասնագիտական որակավորման բարձրացման և նոր փորձառությունների համար երբեմն ցանկանում է մեկնել արտերկիր, սակայն վերադառնալու պայմանով:

«Կնոջս ընտանիքը տասնյակ տարիներ առաջ արտագաղթել է ԱՄՆ, սակայն նա 2013 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ և ծանոթացել ենք: Ներկայում նրա ընտանիքն ԱՄՆ-ում է, և իրենք հաճախ են մեզ այցելում, մենք էլ պլանավորում ենք այցելել նրանց, ի վերջո 21-րդ դարում աշխարհն ավելի բաց է ու դինամիկ, երբ մի տեղում չմնալը և շարժումը գայթակղիչ է, սակայն այդ շարժման կենտրոնը միշտ Հայաստանն է»,- նշում է մեր զրուցակիցը:

Երկու տարի առաջ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հակոբը մասնակցել է գինեգործական դասընթացների: Ծրագրի իրականացման 2.5 տարիների ընթացքում աջակցություն է ցուցաբերվել շուրջ 3100 սիրիահայ գործարարների և աշխատանք փնտրողների, որոնք մասնակցել են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսների, բիզնես ֆորումների, ինչպես նաև մարքեթինգի, բիզնեսի զարգացման և ֆինանսական գրագիտության դասընթացների՝ զարգացնելով բիզնեսի վարման և այլ մասնագիտական հմտություններ: