Այսօր

Առանց առաջատարների, բայց հաղթական ակնկալիքներով. ԵԱ-ում Հայաստանը կներկայացնի 12 ըմբիշ

  19 Ապրիլ 2021  42 դիտում
Առանց առաջատարների, բայց հաղթական ակնկալիքներով. ԵԱ-ում Հայաստանը կներկայացնի 12 ըմբիշ

Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալու է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: Աշխարհամասի լավագույն ըմբիշի կոչման համար պայքարելու է 37 երկրից 444 մարզիկ, որոնցից 12-ը կներկայացնեն Հայաստանը:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից Վարշավա են մեկնելու Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ), իսկ հունահռոմեականներից մրցագորգ դուրս կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վարուժան Գրիգորյանը (77կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ):

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչներ Էդուարդ Սահակյանը և Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում նշել են, որ Եվրոպայի առաջնության կազմերն ընտրելիս հաշվի են առել Հայաստանի առաջնության և վերջին միջազգային մրցաշարերի արդյունքները:

«Տղաներից ակնկալում եմ լավ մրցելույթներ, յուրաքանչյուր գոտեմարտի պետք է մասնակցեն հաղթանակի նպատակով»,- ասել է Հաբեթնակ Կուրղինյանը և տեղեկացրել, որ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) Եվրոպայի առաջնությանը չեն մասնակցելու, քանի որ նրանց ավելորդ ծանրաբեռնելու կարիք չկա. «Արսենը և Վազգենը չեմպիոն դառնալու իրական հնարավորություն ունեն, սակայն նպատակահարմար է՝ բաց թողնեն այս մրցաշարը, նրանց համար Օլիմպիական խաղերին պատրաստվելու հատուկ ծրագիր կլինի»:

Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս չի մասնակցի առաջիկա ստուգատեսին. հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի խոսքով՝ նա գլխավորապես պատրաստվում է Օլիմպիական խաղերին. «Արթուրը կմասնակցի Օլիմպիական խաղերից առաջ կայանալիք Բուխարեստի մրցաշարին: Նա իրեն լավ է զգում, թարմ ուժերով կպատրաստվի Տոկիոյի խաղերին»,- ասել է Էդուարդ Սահակյանը:

Հավելենք, որ ազատոճային ըմբիշները մրցագորգ են դուրս գալու ապրիլի 19-21-ը, իսկ հունահռոմեականները՝ 22-25-ը:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ