Այսօր

Ոգևորվածությունը գործի կեսն է. Լիլիթ Գրիգորյանը՝ Արմավիրի մշակութային կյանքը զարգացնելու ճանապարհին

  19 Ապրիլ 2021  328 դիտում
Ոգևորվածությունը գործի կեսն է. Լիլիթ Գրիգորյանը՝ Արմավիրի մշակութային կյանքը զարգացնելու ճանապարհին

Մասնագիտությամբ լրագրող Լիլիթ Գրիգորյանը իր ամբողջ երիտասարադական ներուժը ծառայեցնում է ի շահ Արմավիրի մարզի մշակութային կյանքի զարգացմանը: Այսօր նա աշխատում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում` որպես ծրագրերի համակարգող: Առաջին փորձերը սկսել է՝ դպրոցներում աշակերտների համար մեդիադասեր կազմակերպելով: Հիմնականում աշխատում է երիտասարդների հետ՝ թե՛ որպես դասընթացավար, թե՛ որպես միջոցառումների կազմակերպիչ:

Լիլիթի առանցքային նպատակը Արմավիրում կամավորությունը զարգացնելն է․

«Չափազանց  լուրջ եմ վերաբերվում կամավորությանը, ինքս չեմ սահմանափակվում մի գործով և շատ աշխատանքներ կամավոր եմ անում. այդկերպ և՛ կյանքն է հետաքրքիր, և՛ նոր հմտությունների զարգացման հնարավորություններն են շատ»,- բացատրում է մեր զրուցակիցը:

Իր գործունեության ընթացքը ներկայացնելիս մեր հերոսուհին պատմում է, որ բարձր դասարանների աշակերտներին նաև լրագրողության դասեր է տվել, և նպատակը ոչ թե մասնագետ լրագրող պատրաստելն էր, այլ պատանիներին գրելու, արտահայտվելու, հարցեր տալու հմտություններ սովորեցնելը.

«Նրանք կոչվում էին քաղլրագրողներ: Լրագրության խմբակները զարգացնում էին աշակերտների մտքի ճկունությունը, հաղորդակցման հմտությունները, մոտիվացնում երիտասարդին, որ իր մեջ բացահայտի նոր հնարավորություններ»: Լիլիթն ունեցել է 4 լրագրության խմբակ տարբեր ժամանակներում, վստահ է՝ դրանք իրենց դրական արդյունքը տվել են: