Այսօր

Չնայած լավ պատրաստվել էինք, բայց թիմային ոգին ևս շատ բարձր էր. Վազգեն Թևանյանը՝ Օլիմպիական ուղեգրի հաղթող

  19 Ապրիլ 2021  92 դիտում
Չնայած լավ պատրաստվել էինք, բայց թիմային ոգին ևս շատ բարձր էր. Վազգեն Թևանյանը՝ Օլիմպիական ուղեգրի հաղթող

Վերջերս Բուդապեշտում կայացած ըմբշամարտի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում մեր ըմբիշները հաջողությամբ հանդես եկան՝ ճանապարհ հարթելով դեպի Տոկիոյի Օլիմպիական խաղեր։ Մեր մարզիկների թվում էր նաև ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն, Աշխարհի գավաթի անհատական խաղարկության հաղթող Վազգեն Թևանյանը, ով հանդես եկավ 65 կգ քաշային կարգում և 9։0 հաշվով պարտության մատնեց աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևին։

Erit.am-ը մարզիկի հետ զրուցել է Բուդապեշտում կայացած մրցաշարի, անցած ուղու և հետագայում կայանալիք մրցաշարի մասին։

Երիտասարդ մարզիկը՝ տեսնելով ապորտում իր առաջադիմությունը, փորձում է ավելի ջանասիրաբար աշխատել՝ հաջողությունները ավելացնելու նպատակով։ Նա վստահեցնում է՝ այս ամենի համար շատ կարևոր է, որ մարզիկը ունենա աշխատասիրություն և լինի մոտիվացված։ Ասում է՝ երբեմն, երբ ունենում է մոտիվացիայի պակաս, անմիջապես սկսում է աշխատել՝ մոտիվացիան վերագտնելու ուղղությամբ՝ հիշելով սպորտում իր անցած ճանապարհը. սա թերևս մոտիվացիան վերականգնելու իր լավագույն միջոցներից է։



Կարիերայի մեկնարկ

«Ձեռքբերումներիս սկիզբը համարում եմ 2015 թվականը, երբ մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը։ Այս մրցաշարից հետո կարծում եմ՝ առավել հաջող սկսեցի հանդես գալ հետագա մարտերին և տիրապետել ըմբշամարտի գաղտնիքներին. այդ մարտից հետո սկսեցի նաև՝ ավելի լավ պարապել»,- ասաց Վազգենը և հավելեց, որ յուրաքանչյուր գոտեմարտից հետո զգում է՝ ավելի է կատարելագործվում։

Նա մասնակցել է նաև 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը, 2018 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությանը և Աշխարհի առաջնությանը: Այնուհետև, 2019-ին մասնակցություն է ունեցել Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, որտեղ չեմպիոն է դարձել և 2020-ին՝ Աշխարհի գավաթի խաղարկությանը։ Նա այդքան մարտերից առանձնացրեց 2020 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունը, քանի որ այն հնարավորություն տվեց իրեն մեծահասակների առաջնությունում ոսկե մեդալի արժանանալու։


Մարզիկը՝ Բուդապեշտում կայացած գոտեմարտի մասին


«Շատ թեժ էր պայքարը վերջերս Բուդապեշտում կայացած մրցաշարի ժամանակ, բոլոր երկրի ներկայացուցիչները լավ պատրաստվել էին և բոլորն էլ եկել էին հաղթելու մտադրությամբ»,- նշեց չեմպիոնը։

Խոսելով ադրբեջանցի մրցակցի մասին, Վազգեն Թևանյանն ասաց, որ իրեն չէր մտահոգում Հաջի Ալիևի՝ աշխարհի եռակի չեմպիոն լինելը, քանի որ ինքը ուսումնասիրել էր իր հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը և դրանց համապատասխան մարտավարություն մշակել՝ մարզչական թիմի հետ։ Այս ուսումնասիրությունները նա անում է յուրաքանչյուր գոտեմարտից առաջ, որպեսզի մրցաշարի ընթացքում կիրառի ճիշտ հնարքներ և կարողանա հաջող հանդես գալ։

Սա առաջին մրցաշարը չէր, որ երիտասարդ ըմբիշը մրցում էր ադրբեջանցի մարզիկի հետ. «2016 թվականի Եվրոպայի առաջնությանը և 2018 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում ևս մրցակիցներս ադրբեջանցիներ էին։ Զգացողություններս նույնն էին, քանի որ այն ժամանակ էլ ես իրենց վերաբերվել եմ որպես մրցակցի, հակառակ դեպքում՝ կարող էր ավելորդ լարվածություն և անհանգստություն առաջանալ»:

Մարզիկը խոսեց նաև մրցաշարի ժամանակ առաջացած բարդության մասին, որը հաջողվել է նրան կարգավորել. «Բուդապեշտում կայացած մրցաշարի 2-րդ գոտեմարտի ժամանակ պատահական ոտքս թողեցի և Բելառուսի ըմբիշը միավորներ վաստակեց, չնայած՝ քիչ ժամանակ էր մնացել, բայց ստացվեց ուղղել իրավիճակը»:

Վազգենի խոսքով՝ մրցաշարը հաջողելուն նպաստել էր միանշանակ այն, որ գոտեմարտից առաջ իրենք լավ պատրաստվել էին, մարզիչները իրենց հետ բավականին լավ աշխատել էին, իսկ թիմային ոգին շատ բարձր էր, ինչի արդյուքում էլ իրենք լավ հանդես եկան և ուղեգիր նվաճեցին։

Վազգեն Թևանյանը նշեց նաև, որ մոտ մեկ ամսից, Օլիմպիադայից առաջ տեղի կունենա նախապատրաստական բնույթի միջազգային մրցաշար։

Հարցազրույցը՝ Մերի Մաթևոսյանի

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ