Այսօր

Երիտասարդ երաժշտագետների նվիրումը՝ հայ մեծ դասականի հոբելյանին

  20 Ապրիլ 2021  135 դիտում
Երիտասարդ երաժշտագետների նվիրումը՝ հայ մեծ դասականի հոբելյանին

Ապրիլի 15-ին Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում անցկացվեց «Սպենդիարյան 150» գիտաժողովը, որի մասնակիցներն էին Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ ուսանողներն ու դասախոսները, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտաշխատողները:

Այն հայ մեծ դասականի ծննդյան 150-ամյակի առիթով նախատեսվող գիտաժողովներից առաջինն էր և առանձնահատուկ էր երիտասարդ զեկուցողների ներգրավմամբ: Երևանի Ա. Բաբաջանյանի անվ. երաժշամանկավարժական և Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական քոլեջների երաժշտագետ ուսանողները յուրօրինակ ելույթներ էին պատրաստել. կլոր սեղանի շուրջ նրանք դասախոսների ղեկավարությամբ ինտերակտիվ ձևաչափով ներկայացրին «Սպենդիարյանի հայաստանյան անդրանիկ համերգը» և «Սպենդիարյանը և Մոսկվայի Հայ մշակույթի տունը» խորագրերով զեկույցները: Մեծանուն կոմպոզիտորը նշանակալի մասնակցություն է ունեցել 20-րդ դարի սկզբում Մոսկվայում ակտիվ գործունեություն ծավալած Հայ մշակույթի տան և մոսկվաբնակ հայ երաժիշների մի շարք նախագծերին` նպաստելով հայկական երաժշտարվեստի զարգացմանը: 1924-ին էլ հաստատվելով Հայրենիքում` նախաձեռնել է հայաստանյան երաժշտական բուհում նվագախմբային դասարանի բացումը: Մի քանի ամիսների հետևողական պարապմունքներից հետո այդ համեստ երաժշտախմբի մասնակցությամբ կայացել է Երևանի կոնսերվատորիայի առաջին համերգը` նվիրված հենց Սպենդիարյանին, կազմված իր իսկ ստեղծագործություններից և իր ղեկավարությամբ:

Գիտաժողովի հատուկ հյուրերն էին Գյումրիի Ք. Կարա-Մուրզայի անվ. և Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական քոլեջների դասախոսները, որոնք ադրադարձան Սպենդիարյանի գործունեությանը որպես դաշնակահար և նրա կերպարին` մեծ դիրիժոր և անգերազանցելի սպենդիարյանագետ Գեորգի Բուդաղյանի հուշերում: Համեստ, բարյացակամ, ինքնամփոփ և փոքր-ինչ ցրված, միաժամանակ` վերին աստիճանի ճշտապահ, երիտասարդ երաժիշտներին մշտապես աջակցող և խրախուսող եռանդուն երաժշտական և հասարակական գործիչ, անխոնջ կազմակերպիչ. այսպիսին է մեր առջև ներկայանում բազմակողմանի երաժիշտն ու նրբազգաց արվեստագետը Գ. Բուդաղյանի և իր ժամանակակիցներից շատերի հուշերից գծագրվող կերպարում:   

Կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտաշխատողները ներկայացրին Սպենդիարյան-Թումանյան ստեղծագործական համագործակցության արդյունք հանդիսացող «Ալմաստ» օպերայի ստեղծման և բեմադրությունների պատմությունը և տուն-թանգարանի կողմից վերջին 10 տարիներին հրատարակված  գրքերը: Գիտաժողովի ավարտին ներկաները դիտեցին Ռիմսկի-Կորսակովի ղեկավարությամբ Սպենդիարյանի ուսումնառությանը և երկու կոմպոզիտորների ստեղծագործական առնչություններին նվիրված «Իրականացած երազանք» խորագրով փաստագրական ֆիլմը:

Նշենք, որ ֆիլմը ստեղծվել է տուն-թանգարանի կողմից և Ռիմսկի-Կորսակովի ծննդյան օրը` մարտի 18-ին ցուցադրվել է Սանկտ-Պետերբուրգում ռուս կոմպոզիտորի բնակարան-թանգարանի օնլայն տիրույթներում, ինչպես նաև ընդգրկվել է «Ռիմսկի-Կորսակովի օր» համառուսաստանյան փառատոնի նախագծերի շարքում:

Գիտաժողովի հյուրերին ողջունեց Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը` կարևորելով համագործակցությունը Գյումրիի և Ստեփանակերտի երաժշտական կրթօջախների հետ և շեշտելով երիտասարդներին ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ինքնարտահայտման հարթակ տրամադրելու` թանգարանի մշտական պատրաստակամությունը:

Գիտաժողովի նախաձեռնողն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը, որի ջանքերով մեկտեղվել էին տարբեր երաժշտական օջախների ներկայացուցիչներ:

Գիտաժողովի մասնակիցները ստացան Սպենդիարյանի 150-ամյակի խորհրդանշանով նվերներ տուն-թանգարանի կողմից:

Ավելացնենք, որ հոկտեմբերին նախատեսվում է կոմպոզիտորի հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով` ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հետ համատեղ:

 

Հասմիկ Համբարյան
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ