Այսօր

«Իմ և ունկնդրի միջև պատնեշ չկա»․ երիտասարդ դաշնակահար Աստղիկ Ղուկասյան

  21 Ապրիլ 2021  179 դիտում
«Իմ և ունկնդրի միջև պատնեշ չկա»․ երիտասարդ դաշնակահար Աստղիկ Ղուկասյան

Աստղիկ Ղուկասյանն ընդամենը 7 տարեկան էր, երբ կազմակերպվեց նրա առաջին մենահամերգը։ Կոմպոզիտորների միության համերգային դահլիճից մեկնարկած երաժշտական ուղին Աստղիկին դեռ պիտի հասցներ Իսպանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Մալթա և Գերմանիա՝ մասնակցելու տարբեր մրցույթ-փառատոների, անվանի երաժիշտների վարպետության դասերի։

2020 թ.-ին երիտասարդ դաշնակահարը մասնակցեց “Viva music” միջազգային մրցույթին՝ զբաղեցնելով 1-ին տեղը: Նույն տարում իրականացավ նաև Աստղիկի երազանքներից մեկը՝ արժանացավ «Պողոսյան» մրցանակի (նախկինում՝ ՀՀ նախագահի մրցանակ):

Erit.am-ի հետ զրույցում Աստղիկ Ղուկասյանը պատմել է երաժիշտների ընտանիքում մեծանալու, դաշնամուրի ու բեմի հետ փոխհարաբերությունների, ձեռքբերումների և ձախողումների, ինչպես նաև այն էքստրեմալ իրավիճակների մասին, որոնցում երբեմն հայտնվում է մրցույթների ժամանակ։

-Մայրիկդ դաշնակահար է։ Նրա ուղղորդմա՞մբ ես ընտրել երաժշտության ուղին։

-Երեք-չորս տարեկանից լսել եմ նրա կատարումները։ Հենց նա էլ ոգեշնչել է ինձ, որ գնամ դեպի երաժշտություն։ Առաջին քայլերս արել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։

Սկիզբը մեր մասնագիտության դեպքում դժվար է, պարապմունքներ և այլն, մեկը պիտի լինի, որ ասի՝ լավ ելույթ ունենալու համար պարապելը պարտադիր պայման է, ուղղություն ցույց տա, բայց արդեն 10-11 տարեկանում կոնկրետ նպատակ եմ դրել, որ ուզում եմ երաժշտությամբ շարունակել։

-Ի՞նչն է, որ հենց մայրիկից ես սովորել։ Ավելի շատ գովեստի խոսքե՞ր ես լսել, թե՞ քննադատություն։

-Շատ բան եմ սովորել մայրիկիցս, բայց ամենակարևորը, որ ցանկացած ելույթ պետք է ճիշտ գնահատես, գտնես սխալներդ ու աշխատես դրանց վրա։ Նշանակություն չունի՝ համերգը լա՞վն էր, թե՞ անհաջող։

Կան ծնողներ, որ միշտ գովաբանում են իրենց երեխաներին, միայն լավ կողմերն են մատնանշում։ Ինձ թվում է՝դա սխալ է․ երեխան մտածում է, թե շատ լավ է նվագում, կարիք չկա ոչ պարապելու, ոչ աճելու։ Ես, օրինակ, ավելի շատ քննադատություն եմ լսում, քան գովեստի խոսքեր։

Ես էլ եմ խիստ ինքս իմ հանդեպ։ Հազվադեպ եմ գոհ լինում ելույթիցս։ Կարծում եմ՝ ամեն համերգից հետո պետք է ավելի ու ավելի շատ աշխատես, արդյունքը քեզ չպետք է գոհացնի․ միշտ կարելի է կատարելագործվել։

-Երաժիշտների ընտանիքից լինելը օգնո՞ղ, թե՞ խանգարող հանգամանք է։

-Մորաքույրս ու տատիկս դաշնակահարներ են, իսկ պապիկս կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանն է։ Ինձ համար շատ կարևոր է, որ այդ մասնագիտության տեր մարդիկ են կողքիս, կարող են ինձ ճիշտ ուղղորդել։ Նրանց կարծիքն ինձ համար ամենակարևորն է։

Իհարկե երաժիշտների ընտանիքից լինելը նաև մեծ պատասխանատվություն է․ ուզում ես հնարավորինս լավ ներկայանալ, որ քեզնով միայն հպարտանան։

-Համատեղ ելույթ ունենալու առիթներ եղե՞լ են։

-12-13 տարի առաջ էր, որ առաջին անգամ ելույթ ունեցա մայրիկիս հետ։ 7-րդ դասարան էի։ Նվագում էինք Մոցարտի թիվ 20 դաշնամուրային կոնցերտը։ Իհարկե հուզված էի, բայց երբ մայրիկիդ հետ ես նվագում, նաև ինքնավստահ ես․ գիտես, որ ունես նրա աջակցությունը։

Երեք տարի առաջ էլ ելույթ ունեցանք ընտանիքով։ Կամերային երաժշտության տանը պապիկիս՝ կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 80-ամյակին նվիրված համերգ էր։ Մայրիկս, մորաքույրս ու ես՝ տարբեր կամերային անսամբլներով կատարում էինք նրա գործերից։  

-Սովորում ես կոնսերվատորիայում։ Նու՞յն կերպ ես մոտենում երաժշտությանը, ինչ երաժշտական դպրոցում ուսանելու տարիներին։

-Ուսանող ժամանակ ավելի լուրջ ես մոտենում երաժշտությանը, քան դպրոցական տարիքում։ Բացի այդ՝ նաև դասապրոցեսն է պահանջում, որ մանրամասն վերլուծես ամեն գործ, ամեն պիես և ուսումնասիրես բոլոր նրբությունները։

Ամենակարևորն այն է, որ կարողանաս ճիշտ մատուցել այն, ինչ կոմպոզիտորը գրել է՝ կերպարը, գույները, տրամադրությունները,  այդ ամենը դարձնես մեկ ամբողջություն, հետո նոր փոխանցես ունկնդրին։

Շատերին է գերում տեխնիկան։ Օրինակ՝ ասում են՝ ի՜նչ վիրտուոզ երաժիշտ է։ Բայց գալիս է մի տարիք, երբ միայն տեխնիկայով չես կարող ունկնդրի սիրտը շահել։

 -Երբևէ այլ գործիք նվագելու միտք ունեցե՞լ ես։ Ի՞նչ փոխհարաբերություններ ունեք դու և դաշնամուրը։

-Մեր դասարանում շատ կային լարային գործիք նվագողներ՝ ջութակահարներ, թավջութակահարներ։ Թավջութակ շատ էի սիրում, փորձեցի նվագել, չստացվեց։

Դաշնամուրը մտերիմ ընկերս է, մեկը, ում պատմում եմ բոլոր ապրումներս, արտահայտում մտքերս, կիսում տրամադրությունս։

Դաշնամուրի շնորհիվ կարողանում եմ ունկնդրին փոխանցել այն ամենն, ինչ ինձ ավելի դժվար է փոխանցել, օրինակ՝ խոսքով։

-Ո՞ր կոմպոզիտորների գործերն են ավելի հոգեհարազատ։ Կա՞ն գործեր, որոնց զգուշությամբ ես մոտենում։

-Շոպենի ստեղծագործություններն են ինձ շատ հարազատ, Բեթոհովենի, ռուսներից՝ Մուսորգսկու և Պրոկոֆևի։ Հայ կոմպոզիտորներից կատարել եմ Բաբաջանյանի, Խաչատրյանի գործերից, Կոմիտաս։

Բոլոր ստեղծագործություններին էլ զգուշորեն են մոտենում, որ հանկարծ որևէ բան չխախտվի։ Մեծ պատասխանատվություն է գործը ճիշտ մեկնաբանելը։ Կան նաև գործեր, որոնց հիմա չեմ ուզում անդրադառնալ․ դրանք կատարելու համար դեռ հասունանալ է պետք։

-Տեղական ու միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր ես։ Մրցելն ու համեմատվե՞լն է քոնը, թե՞ փառատոնային ու համերգային ելույթները։

-Երբ առաջին անգամ մրցույթի էի մասնակցում, ինձ միայն մրցանակներն էին հետաքրքրում։ Արդեն քիչ, թե շատ հասուն տարիքում ակնկալիքներս մրցույթներից փոխվեցին։ Տարօրինակ կհնչի, բայց մրցել, համեմատվել չեմ սիրում։ Մրցույթներն ընդունում եմ որպես նոր ընկերներ, փորձ ձեռք բերելու, կատարելագործվելու, ավելի նպատակասլաց դառնալու հնարավորություն։

Էքստրեմալ իրավիճակներ էլ են լինում մրցույթների ժամանակ։ Օրինակ՝ պատահել է, որ բերել են մի գործ ու ասել՝ 15 րոպեից պատրաստ լինի համերգի համար։ Կամ ասել են՝ պիտի նվագակցես մենակատարին, բայց նոտաներ չկան, իմպրովիզ արա։

Քանի որ էքստրիմ շատ եմ սիրում, նման դեպքերում խուճապի չեմ մատնվում։

-Ո՞րն է եղել այն ձախողումը, որը քեզ շատ բան է սովորեցրել։

-Ունեցել եմ ոչ թե մեկ-երկու, այլ մի քանի ձախողում։ Նախ՝ պետք է պատճառը քո մեջ փնտրես, սխալներդ գտնես։ Եթե կարողանաս դրանք ուղղել, հաջողություններն իրար կհաջորդեն։

Եղել է, որ մրցույթից առաջ քիչ եմ պարապել, ելույթ չեմ ունեցել այնպես, ինչպես կարող էի, ինչն ինձ համար ձախողում է։

Ամենադժվար բանը ձախողումից հետո չընկճվելն է․պետք է ավելի շատ աշխատես ու կարողանաս հնարավորինս լավ ներկայանալ։

-Կա՞ մի ստեղծագործություն, որը կատարելու համար կարծում ես՝ դեռ պետք է աճել ու զարգանալ։

-Մի քանի տարի առաջ ինձ համար նման գործ էր Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից»-ը։ Դաշնամուրային ստեղծագործությունների շարք է, որը համարվում է ամենաբարդ կատարվող գործերից։ Բաղկացած է 10 պատկերից։ Ամեն մեկն ունի իր տրամադրությունը, իր կերպարը, պետք է կարողանաս ամեն մեկն իր գույներով մեկնաբանել ու մի պատկերից մյուսին անցումները ճիշտ անել։

10 տարի առաջ հեռու էր թվում այդ գործի կատարումը։ Առաջին անգամ այն կատարեցի անցյալ տարի՝ իմ մենահամերգին։ Ծրագիրն էինք որոշում։ Դասախոսիս հարցրի՝ կարո՞ղ եմ արդեն վերցնել Մուսորգսկու գործը։ Ասաց՝ արի փորձենք։ Կատարելիս ունեի այն վստահությունը, որ պահը եկել է։

-Ի՞նչ ես փորձում փոխանցել հանդիսատեսին և ի՞նչ ես ստանում։ Բեմում լիցքավորվու՞մ ես, թե՞ լիցքաթափվում։

-Իմ և ունկնդրի միջև պատնեշ չկա։ Ազատ եմ զգում ինձ։ Փորձում եմ փոխանցել կերպարներն ու տրամադրությունն այնպես, ինչպես գրել է կոմպոզիտորը։ Հնարավոր է՝ նույն գործը 5 անգամ կատարեմ, տարբեր ելույթներ ստացվեն՝ ամեն մեկն այլ տրամադրութամբ ու էմոցիաներով։

Հանդիսատեսից էլ է շատ բան կախված։ Կա հանդիսատես, որ լուռ լսում է, չես էլ զգում, որ համերգի ես, կարծես մենակ լինես, ու կարողանում ես գործիքի հետ «կիսվել»։ Եվ կա հանդիսատես, ում որևէ բան փոխանցելը շատ ջանք է պահանջում։

Ելույթից հետո միշտ ունենում եմ դատարկության զգացողություն, լիցքաթափվում եմ։ Երբ համերգն ավարտվում է, տխրում եմ ու անհամբերությամբ սպասում՝ երբ կլինի հաջորդը։

-Բազմաթիվ ելույթներ ես ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Կա՞ մի համերգ, որը քեզ համար անմոռանալի է։

-Իմ ու ջութակահար Դիանա Ադամյանի համերգն էր, որ կայացավ ապրիլի 8-ին Կամերային երաժշտության տանը։ Ես ու Դիանան ընկերներ ենք։ Շատ էինք ուզում միասին հանդես գալ։ Մեկ-երկու տարի փորձեր էինք անում՝ մտածելով, որ մի օր կստացվի։ Եվ եկավ այդ օրը։ Նախագահի մրցանակին արժանանալուց հետո մեզ հրավիրեցին համերգի։

-Երբևէ լսե՞լ ես քո կատարման մասին մի կարծիք, որը հիշելն էլ քեզ մոտիվացնում է։

-Գերմանիայում անցկացվող վարպետության դասերից մեկի ժամանակ էր։ Ինձ մոտեցավ դաշնակահար Պավել Կիրիլովն ու ասաց՝ շատ մեծ ապագա ունես երաժշտության մեջ, երբեք հետ չկանգնես քո նպատակներից։

-Համավարակի բերած սահմանափակումներից, կենդանի ելույթների ու հանդիսատեսի հետ կապի բացակայությունից չէի՞ր նեղսրտում։ Ինչպե՞ս էիր փորձում լրացնել այդ բացը։

-Իհարկե սկզբում նեղսրտում ես սահմանափակումներից, բայց հետո մտածում ես՝ մի կողմից լավ է․ շատ ժամանակ ունես պատրաստվելու, որոշ սխալներ ուղղելու։

Կարանտինի ընթացքում առաջ եկան առցանց մրցույթներ, ձայնագրությամբ էին գործեր ընդունում։ Առցանց անցկացվեց նաև ամերիկյան “Viva music” մրցույթը։ Ներկայացրի երկու ձայնագրություն՝ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» շարքը և Շոպենի էտյուդներից մեկը։

Զբաղեցրի առաջին հորիզոնականն ու ստացա հրավեր ելույթ ունենալու «Կարնեգի հոլում»։ Ամենայն հավանականությամբ՝ կկայանա 2022 թվականի ամռանը․վիրուսային իրավիճակից ելնելով հետաձգվել է։

-Ի՞նչ դժվարությունների են հանդիպում Հայաստանում ապրող երիտասարդ կատարողները։

-Շատ է դժվարացել համերգներ կազմակերպելը, փառատոների կամ վարպետության դասերի մասնակցելը։ Ամիսը մեկ անգամ կոնսերվատորիայում համերգներ են կազմակերպվում, բայց դա շատ քիչ է երաժշտի համար։ Ամսական առնվազն 5-6 համերգ է պետք  ֆորմայի մեջ լինելու համար․երբ երկար բեմ դուրս չես գալիս, հետ ես վարժվում։

Միշտ է եղել այս խնդիրը, բայց համավարակի պատճառով սահմանափակումներն ավելի շատ են, օրինակ՝ չենք կարող երկրից դուրս գալ ու համերգ տալ։ Միակ տարբերակը ձայնագրելն ու առցանց համերգներ կազմակերպելն է։

-Հարցազրույցներից մեկում նշել ես, որ շատ երաժիշտներ աշխատանք գտնելու խնդիր ունեն, ինչը ստիպում է ընտրել երկրորդ մասնագիտություն։ Քեզ բեմից դուրս որտե՞ղ ես պատկերացնում։

-Երաժշտական կրթություն ունեցող մարդիկ հիմնականում աշխատում են որպես դասավանդող կամ նվագակցող, աշխատավարձը բարձր չէ։ Սա է պատճառը, որ շատերը մեկնում են արտերկիր կամ ձեռք են բերում երկրորդ մասնագիտություն։ Մեծամասամբ շարունակում են ծրագրավորման, վեբ դիզայնի և այն ուղղություններով, որտեղ կա ազատ գրաֆիկով աշխատելու հնարավորություն։

Ինձ այլ մասնագիտությամբ աշխատելիս, այլ ոլորտում չեմ պատկերացնում։ Վեբ դիզայնով եմ զբաղվել, բայց որպես հոբբի․այն երբեք չի փոխարինի դաշնամուրին։

-Ի՞նչ պլաններ ունես առաջիկայում։

-Ուզում եմ ուսումս շարունակել Եվրոպայում՝ Ավստրիայում, Գերմանիայում կամ Իսպանիայում։ Չգիտեմ՝ համավարակը թույլ կտա այս տարվա աշնան համար դիմել, թե ոչ, բայց այդ ուղղությամբ աշխատում եմ, պարապում, բարելավում լեզվի իմացությունս։

Ունեցել եմ փորձ Եվրոպայում մեկ ամիս ապրելու, բայց շատ էի կարոտում Հայաստանը։ Կփորձեմ ամեն ինչ անել, որ հայրենիքիս հետ կապը չընդհատվի՝ ուսում ստանամ ու վերադառնամ, հյուրախաղերի մասնակցեմ, բայց էլի հետ գամ։

Զրույցը՝ Աննա Կարապետյանի

Լուսանկարները՝ Աստղիկ Ղուկասյանի անձնական արխիվից

 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ