Այսօր

Կան բիզնեսներ, որ պատրաստ են միլիոն դրամ վճարել լավ SMM մասնագետին, եթե գտնեն. Շողիկ Վարդանյան

  22 Ապրիլ 2021  362 դիտում
Կան բիզնեսներ, որ պատրաստ են միլիոն դրամ վճարել լավ SMM մասնագետին, եթե գտնեն. Շողիկ Վարդանյան

SMM-ը Սոցիալական մեդիայի մարքեթինգն է՝ լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց սոցիալական հարթակների միջոցով։ Այն սոցիալական մեդիայի օգտագործման համալիր է, որ նպատակ ունի կազմակերպությունների առաջխաղացմանը նպաստելու և այլ բիզնես առաջադրանքները լուծելու։Սոցիալական մեդիայի մարքեթինգում հիմնական շեշտադրումը կատարվում է այն կոնտենտի ստեղծման վրա, որը մարդիկ ինքնուրույն կտարածեն սոցիալական կայքերի միջոցով՝ առանց կազմակերպչի մասնակցության։ Համարվում է, որ հաղորդագրությունները, որոնք փոխանցվում են սոցիալական ցանցերի միջոցով, մեծ վստահություն են առաջացնում տվյալ ծառայության պոտենցիալ սպառողների մոտ։ Դա կապվում է սոցիալական մեդիայի տարածման խորհրդատվական համակարգի հետ՝ ի հաշիվ սոցիալական կապերի, որ ընկած են փոխազդեցության հիմքում։Սոցիալական ցանցերում առաջխաղացումը թույլ է տալիս ճշգրտորեն ազդել նպատակային լսարանի վրա, ընտրել հարթակներ, որտեղ այդ լսարանը մեծավ մասամբ ներկայացված է, և այդ լսարանի հետ առավել համապատասխանող կոմունիկացիաներ ընտրել՝ նվազագույն աստիճանով ներգրավելով այդ գովազդում չհետաքրքրված անձանց։

SMM մասնագետները օդ ու ջրի պես պահանջված են այսօր Հայաստանում։ Մարդիկ կա՛մ սովորում են, կա՛մ սովորեցնում այս մասնագիտությունը. անտարբերներ գրեթե չկան։ Ինչպես եղավ այս բումը, թերևս ոչ ոք չհասկացավ, բայց կան ոլորտում գիտակներ, ովքեր ձեռքը զարկերակին պահած հետևում են իրավիճակին ու բոլորիս պահում թրենդի մեջ։ Ոլորտի հայտնի մասնագետներից է Շողիկ Վարդանյանը, ումից էլ, կարելի է ասել, շատերն առաջին անգամ լսել են ինչ է SMM-ը, իչպես առաջխաղացնել բիզնեսը, որն է դրա կարևորությունը։ Շողիկը մասնագիտական բլոգ է վարում Ինստագրամում և շատ անվճարներ խորհուրդներ տալիս բիզնես ունեցողներին ու պարզապես ոլորտով հետաքրքրվողներին։

- SMM-ը ինչո՞վ քեզ գրավեց, որ թողեցիր քաղաքագիտությունը, աշխատանքն այդ ոլորտում ու նվիրվեցիր այդ նորույթին։
- Անկեղծ ասած՝ իմ մասնագիտությամբ երբեք չեմ աշխատել․ դեռ ուսանող ժամանակ սկսել եմ աշխատել որպես լրագրող։ Լրագրությունից կարճաժամկետ անցում կատարեցի PR-ի ոլորտ, իսկ այն ժամանակ (2013-14-թվականներին էին) սոցցանցերում «նյութեր տարածելը» համարվում էր PR-մասնագետի աշխատանք։ Այդ ժամանակվանից էլ սիրահարվեցի սոցցանցային մարքեթինգին։

- Արդեն քանի տարի՞ ես ոլորտում։ Ի՞նչ դինամիկա ես արձանագրել այս ընթացքում։
- Փաստորեն, ստացվում է՝ շուրջ 7-8 տարի։ Սա հենց այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանում SMM-ը հասցրել է ծնվել, զարգանալ ու կայանալ։ Զարգացումն, իհարկե, ահռելի է, չնայած, որ դեռ շատ աճելու տեղ ունենք։

- Ո՞րն է դրան տիրապետելու կարևորությունն այսօր։
- Հիմա չկա բիզնես, որ չանի SMM, ու հատկանշական է, որ մեզ մոտ, հատկապես, փոքր ու միջին բիզնեսների սեփականատերերը նախընտրում են տիրապետել սոցցանցային մարքեթինգին՝ կա՛մ ինքնուրույն զբաղվելու համար, կա՛մ էլ մասնագետի հարցում չսխալվելու։ Շատ ողջունելի մոտեցում է, որովհետև միայն գոնե ինչ-որ չափով խորանալով մասնագիտության մեջ կարող ես հստակ խնդիրներ դնել մասնագետի առաջ ու արդյունք պահանջել։ Իմ ու իմ գործընկերների դասընթացների մասնակիցների կեսից ավելին հենց ձեռներեցներն են։

SMM-ի բազային գիտելիքն անհրաժեշտ է նաև անհատներին, քանի որ այսօր արդեն անձի բրենդը կամ, առնվազն, սոցիալական որոշակի ներկայացվածությունը մեծ նշանակություն ունեն թե՛ աշխատանքում, թե՛ սեփական բիզնեսի առաջմղման գործում:


- Մեր աշխատաշուկայում որքանո՞վ է պահանջված այս գործը։ Այստեղից հե՞շտ է դրսի հետ աշխատել, լինո՞ւմ են պատվերներ։
- SMM-ն այս պահին հայկական աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտություններից է, նույնիսկ երևի ավելի շատ, քան արտերկրում։ Իմ կարծիքով՝ բանն այն է, որ դրսում SMM-ը մեխանիզմի պտուտակներից մեկն է միայն, իսկ այստեղ բիզնեսները, ունենալով ավելի քիչ ռեսուրսներ, մեծ հույսեր են կապում SMM-ի հետ, ու որքան էլ զավեշտալի հնչի, որոշ չափով այս մոտեցումն իրեն արդարացնում է։ Ստացվում է՝ մեզ մոտ SMM-մասնագետը շատ հաճախ իրենով փոխարինում է մի ամբողջ թիմ՝ սկսած մարքեթինգից մինչև event managment: Այս է պատճառը, որ սոցցանցային մարքեթինգի մասնագետները սուպերպահանջված են։ Դրսի համար աշխատող մասնագետներ ևս ունենք, սակայն իրենք փոքր-ինչ այլ մասնագիտացում ունեն․ ավելի շատ ընդհանուր digital marketing, թարգեթինգ և այլն։

- Հայաստանում սովորելու հնարավորությունների մասին ի՞նչ կասես։
- Հայաստանում վերջին տարիներին, ինչպես ասում են, սնկի պես աճեցին SMM-մասնագետներ պատրաստող դասընթացները, սակայն այժմ շուկան զտվելու փուլում է, քանի որ վատ դասընթացը կարող է հավաքել 1, առավելագույնը 2 խումբ, ինչից հետո կմեռնի, մի բուռ ազգ ենք, ու արձագանքները շատ արագ են տարածվում։ Այժմ շուկայում կան մինչև մեկ տասնյակ լավ կուրսեր, սակայն պետք է հաշվի առնել, որ այս մասնագիտության մեջ լավագույն դպրոցը պրակտիկան է։

- Հիմնականում ովքե՞ր են հետաքրքրվում SMM-ով, որպես դասավանդող՝ ո՞ւմ ես դիտարկում որպես քո թիրախային լսարան, ո՞վ կգա քեզ մոտ սովորելու։
- Ինչպես վերևում նշեցի՝ սովորողների կեսից ավելին բիզնեսների սեփականատերերն են։ Մի զգալի տոկոս էլ կազմում են տարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր ուզում են personal branding-ի մեջ խորանալ, օրինակ՝ բժիշկներ, իրավաբաններ, հոգեբաններ։ Հետո նոր գալիս են ապագա SMM-մասնագետները։ Ինչո՞ւ է այդպես․ կարծում եմ՝ ուղղակի առաջին երկու խումբն ավելի վճարունակ են։ Բոլոր դասընթացավարների անունից չեմ խոսի, բայց ինձ մոտ պատկերն այսպիսին է։

- Ի՞նչ հմտություններ են պետք լավ մասնագետ դառնալու համար
- Բնածին հատկանիշներից՝ հետաքրքրասիրություն, նոր բաների հանդեպ սեր ու մեծ «հավես», քանի որ ոլորտը ժամ առ ժամ է փոխվում։ Ձեռքբերովի հատկություններից է լավ ճաշակը, ընդ որում լայն իմաստով․ ոչ միայն գեղեցիկ դիզայնը տգեղից տարբերելու համար, այլև տեղին ու ոչ տեղին, համով ու անհամ քոնթենթը տարբերելու համար։ Եվ դե գոնե բազային մաթեմատիկա։ Ինձ ամեն անգամ շոկի է ենթարկում տոկոս հաշվելու առաջադրանքին ի պատասխան «իսկ բանաձևը կասե՞ք» հարցը։

- Ինչո՞ւ ես ցանկանում կիսվել հմտություններով։
- Ես միշտ վստահ եմ եղել, որ գիտելիք փոխանցելն իմը չէ, մինչև որ հայտնվեցի Թումոյում։ Առաջին տարին (և նույնիսկ ավելի) բավականին բարդ էր՝ սկսած Թումոյի բարձր պահանջներին բավարարող կրթական բովանդակություն ստեղծելուց, վերջացրած դեռահասների մեծ խմբերի մոտ թեմայի հանդեպ հետաքրքրություն առաջացնելով ու այն պահելով։ Դա շատ-շատ լուրջ դպրոց ու փորձառություն էր ինձ համար, ինչի համար շատ երախտապարտ եմ Թումոյին։ Երեք տարի այնտեղ աշխատելուց հետո հասկացա, որ պատրաստ եմ և՛ դասընթաց կազմելուն, և՛ դասավանդելուն։

- Ի՞նչ չես հանդուրժում այդ ոլորտում, ի՞նչն է նյարդայնացնում։
- Մասնագետների հանրային և ոչ հանրային փոխադարձ կծմծոցը, ինչը բացարձակ անիմաստ ու դեստրուկտիվ եմ համարում։ Մի փոքր խնդիր ունենք իրար աջակցող համայնք լինելու, ցավոք։ Մյուս բոլոր խնդիրները զուտ ժամանակի հարց են։

- Մասնագիտական ի՞նչ վախեր ունես։
- Որ մեծ գումար կծախսեմ ու արդյունք չի լինի։ Որ մի օր կարթնանամ ու ոչ մի գաղափար մտքիս չի գա։ Եվս մեկ վախ ունեի, որը հիմա հաղթահարում եմ՝ նեգատիվ հետադարձ կապը։ Կոփում եմ ինձ։

-Մանագիտական ի՞նչ երազանքներ ունես։
-Ունենալ իմ ստուդիան՝ լուսավոր, տեխնիկապես հագեցած, տրամադրող միջավայրով, պատվիրակել ձանձրալի պարտականությունները ու ինձ նվիրել բացառապես ստեղծագործելուն։ Նաև շատ եմ ուզում ուժերս փորձել fashion-լուսանկարչության մեջ ու դարձնել դա աշխատանքիս մի մասը։

- Արդյոք, կարելի՞ է լավ գումար աշխատել այս մասնագիտությամբ, թե՞ այն սովորաբար ինչ-որ հիմնական աշխատանքին զուգահեռ արվող գործ է։
-SMM-ը այս պահին դեռ այն ոլորտներից է, որտեղ կան և ամսական 20000 դրամով պատվերներ անող մասնագետներ, և 400-500 հազար դրամով։ Իսկապես լավ մասնագետի կարիքն այնքան շատ է նկատվում, որ հաճախ եմ լսում․ «Պատրաստ ենք մեկ միլիոն էլ վճարել, բայց մարդ չկա»։ Ունենք միջին կարգի մասնագետներ, ավելի շատ՝ սկսնակներ, ու մատների վրա հաշված լավ մասնագետներ։ Այդ լավ մասնագետները հրաշալի են վաստակում... Ու հուսամ մոտիվացնում մյուսներին։

 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ