Այսօր

«Իմ հույսն ու երազանքն է, որ այս ծառերը մեծանան հզոր հայրենիքում». ԿԳՄՍ նախարարն ու նախարարության աշխատակիցները 500-ից ավելի ծառ տնկեցին

  26 Ապրիլ 2021  43 դիտում
«Իմ հույսն ու երազանքն է, որ այս ծառերը մեծանան հզոր հայրենիքում». ԿԳՄՍ նախարարն ու նախարարության աշխատակիցները 500-ից ավելի ծառ տնկեցին

Ապրիլի 25-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներն ու նախարարության մոտ 90 աշխատակիցներ մասնակցեցին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված համապետական ծառատունկին:

Որպես ծառատունկի վայր ընտրված էր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքին հարող տարածքը:

«Ծառատունկին ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներով արդեն հասցրել ենք 500-ից ավելի ծառ տնկել ու դեռ շարունակում ենք: Տնկում ենք հիմնականում եղևնիներ, հացենիներ և կեչիներ», - Еrit.am-ի հետ զրույցում ասաց նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը:   

Նախարար Վահրամ Դումանյանը կարևորեց բնության վերականգնումն ու ծառատունկը խորհրդանշական համարեց:

«Բնության հետ աշխատելը, բնությունը փայփայելը, բնությունը գնահատելը, պահպանելը չափազանց կարևոր է: Մեծ հաշվով մարդը բնությունից միայն վերնցնում է, սա ճիշտ չէ, պետք է նաև վերադարձնել: Այս ծառատունկը ես խորհրդանշական եմ համարում. ամեն ծառի հետ տնկողը կապում է որոշակի մտքեր, հույսեր ու երազում է, որ իր տնկած ծառը հզորանա, մեծանա: Իմ կապած հույսն ու երազանքն այն էր, որ տնկածս ծառերը մեծանան հզոր հայրենիքում, որպեսզի յուրաքանչյուրս ծառ տնկելուց հետո չմոռանանք, որ այն նաև ջրել, խնամել է պետք: Սա նաև փոխաբերական իմաստ ունի: Յուրաքանչյուր գործ, որ անում ես, ևս «ծառ տնկել է»: Ցանկացած մեկն իր ոլորտում, իր գործունեության մեջ մասնագիտական առումով փորձում է «ծառ տնկել» ու նույն կերպ ակնկալում է, որ այդ «ծառի», այդ որոշմանն հետագա արդյունքը կհզորացնի մեր երկիրը», - ասաց նախարարն՝ ընդգծելով.

«Ինքս ինձ համար ծառ տնկելը նաև հետպատերազմյան սիմվոլիկա ունի: Մտածում եմ, որ դաժան պատերազմից հետո մենք միևնույն է պետք է ծառ տնկենք, պետք է հզորանանք և գնանք առաջ: Ի վերջո բնության հետ աշխատանքը մարդուն մաքրում է: Երբ շփվում ես հողի հետ, ձեռքդ կպնում է մեր անարատ, սուրբ հողին, ինքնամաքրվում ես: Այս երևույթը կարող եմ համեմատել եկեղեցի գնալու հետ. մտնում ես եկեղեցի ու մի տեսակ հանգստություն ես ստանում, մեր բնությունն էլ բնական եկեղեցի է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի համար ծառատունկը քայլ է՝ ավելի գեղեցիկ ապագային ընդառաջ:

«Երբ ես հիմա գնում եմ Ջավախք ու ընկերներով շրջում ենք, նրանք ինձ անընդհատ ասում են՝ «սա պապիդ տնկած անտառն է»: Պապս 7-8 սարի վրա անտառ է տնկել, ու հիմա մարդիկ այն իրար ցույց են տալիս ու հիշում նրան: Ես շատ կուզեի, որ իմ թոռներն էլ մի օր կարողանան ասել՝ սա էլ մեր պապի տնկած անտառն է: Ծառ տնկելը կյանքի շարունակությունն է, քայլ է՝ ավելի գեղեցիկ ապագային ընդառաջ», - ասաց Կարեն Գիլոյանը:

Ծառատունկին մասնակցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն անտառածածկույթի կարևորությունը գնահատեց որպես կենսաբան:

«Մասնագիտությամբ կենսաբան եմ ու շատ եմ կարևորում նման նախաձեռնությունները: Ցավոք, տեսնում ենք, որ երկրագնդի վրա կանաչ ծածկույթը նվազում է, իսկ այն կարևորագույն նշանակություն ունի: Պետք է փորձենք նման միջոցառումները պարբերական դարձնել ու նաև կարողանանք տնկելուց բացի, խնամել ծառերը, որպեսզի դրանք աճեն, որոշակի մակարդակի հասնեն ու ամրանան», - նշեց Կարեն Թռչունյանը:

«Մենք ծառեր ենք տնկում երկիրը շենացնելու, ապագայի ու այդ ապագայում ապրելու համար», - ասաց ծառատունկին մասնակից ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը.

«Երեկ մենք ոգեկոչում էինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և անմիջապես հաջորդ օրը ծառատունկի անցկացումը միտված է ապագային: Մեր նախարարությունն ակտիվորեն մասնակցում է այս նախաձեռնությանը ու հույս ունեմ՝ կկարողանանք հետագայում նաև խնամել տնկած ծառերը: Երբ ինչ-որ բանի մեջ ներդրում ես ունենում, դրա հանդեպ լավ իմաստով սեփականության զգացում է ձևավորվում և ուզում ես հոգ տանել, խնամել այն: Ինչպես «Փոքրիկ իշխանում» է ասվում՝ «մենք հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես», այնպես որ հուսով եմ՝ ծառերը կամրանան ու մենք հետագայում ևս կխնամենք դրանք», - ասաց փոխնախարար Մարտիրոսյանը:  

Նշենք, որ ծառատունկն իրականացվել է Շրջակա միջավայրի նախարարության ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

 

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ