Այսօր

Հայաստանը դրախտ է. Բրիտանացի գիտաշխատող

  28 Ապրիլ 2021  77 դիտում
Հայաստանը դրախտ է. Բրիտանացի գիտաշխատող

Թոմաս Բարրեթը Բրյուսովի պետական համալսարանի գիտաշխատող է: Նա դասավանդում է բուհում և դատաիրավական ոլորտի քաղաքականության վերաբերյալ հետազոտություններ իրականացնում Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Թոմասն ավարտել է Օքսֆորդի համալսարանը և ներկայում սովորում է Բեռլինի ազատ համալսարանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների մագիստրատուրայի բաժնում: Նա նաև Կիև-Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի փոխանակման ծրագրի մասնակից է եղել:

Հայաստանում իրականացվող հետազոտական աշխատանքի նպատակի և մեր երկրի կրթական համակարգի մասին Erit.am–ը զրուցել է բրիտանացի գիտաշխատողի հետ:

- Ինչո՞ւ որոշեցիք գալ և աշխատել Հայաստանում:

- Ես այդքան էլ ճակատագրապաշտ չեմ, բայց ինձ Հայաստանը վաղուց էր գրավում: 2018 թվականի ապրիլին՝ մինչ իմ համալսարանական վերջին քննությունները, ճանապարհվեցի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Հայաստանում մնացի երեք օր, և պատահականության սկզբունքով դրանք համընկան թավշյա հեղափոխության ընթացքի հետ: Երևանից ավտոստոպով հասա Քութայիսի և վերադարձա Միացյալ Թագավորություն: Ես հիշում եմ այն պահը, երբ ինձ զգում էի անհավատալի հաջողակ, քանի որ Հայաստանում եղած ժամանակ դարձել էի այդ պատմական պահի մի մասնիկը: Այդ օրվանից հետո ավելի երկար ժամանակահատվածով Հայաստան վերադառնալու ուղիներ էի փնտրում: Բացի դա, Հայաստանը վստահաբար համապատասխանում էր իմ հետազոտական հետաքրքրություններին: Ես հիացած եմ այն հետխորհրդային երկրներով (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ղրղզստան), որոնք 1991 թվականից ի վեր՝ խուսափել են ինքնավար վարչակարգերի վերածվելուց և հավասարապես պայքարել են ժողովրդավարական կայուն ինստիտուտներ կառուցելու համար: Հայերեն սովորելը նույնպես կարևոր նպատակ էր, որը ես դրել էի իմ առջև:

 - Հայաստանը Ձեզ դու՞ր է եկել, ինչպիսի՞ տպավորություններ ունեք:

- Ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Հայերն աներևակայելի հյուրընկալ են, և ինձ հանդիպած բոլոր մարդիկ ստիպել են լավագույն տպավորություններ ստանալ իրենց երկրի մասին: Մարդիկ ինձ շատ քաջալերում են, երբ ցանկանում եմ աշխատել իմ հայերենի բարելավման ուղղությամբ, ինչը, ընդհանուր առմամբ, չես հանդիպի իմ երկրում՝ օտարերկրացիների նկատմամբ: Ես այստեղ կարողացա հեշտ ընկերանալ մարդկանց հետ, և ուրախ եմ, որ իմ ընկերների մեծամասնությունը հայեր են: Անցած տարի, երբ ապրում էի Վրաստանում, ավելի հաճախ ինձ զգում էի որպես օտարերկրացի, իսկ Երևանում ես ինձ տեղաբնիկ եմ զգում, ինչը իրապես հիանալի զգացողություն է: Որպես արտասահմանցի՝ ասում եմ, որ Հայաստանը դրախտ է, և ես փորձում եմ իմ ազատ ժամանակն անցկացնել՝ աշխարհի այս գեղեցիկ հատվածն ուսումնասիրելով, արշավներով, լեռնագնացությամբ և, ընդհանրապես, ձգտում եմ առավելագույնս արդյունավետ օգտագործել ժամանակս: 

- Խնդրում եմ պատմեք Հայաստանում Ձեր ուսումնասիրությունների և դասավանդման մասին:

- Ես դատաիրավական ոլորտի քաղաքականության վերաբերյալ հետազոտություններ եմ իրականացնում Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, որը, մասնավորապես, վերաբերում է քաղաքական դերակատարների և դատավորների փոխգործակցությանը: Դասավանդման առումով Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» մոդուլի մաս եմ կազմում: Այն եռամաս խորացված մոդուլ է ԵՄ իրավական մերձեցման տեսության և մեթոդաբանության վերաբերյալ, թե ԵՄ անդամ չհանդիսացող երկրները ինչպես կարող են իրենց իրավական համակարգերն ավելի նմանեցնել Եվրամիության իրավակարգին` համագործակցության խթանման, ինտեգրման և առևտրի ճանապարհով: Կրթական ծրագիրը համակարգում է պրոֆեսոր Աննա Խվորոստիանկինան: Այն շատ հետաքրքիր նախագիծ է, քանի որ ավելի խորն է ներկայացնում ԵՄ օրենսդրությունը, քան ուսուցանվում է համալսարանական ուսումնական ծրագրերի մեծ մասում: Ես դասավանդում եմ իրավական տեսություն, հետազոտության մեթոդներ և ԵՄ իրավունք թեմաներով:

- Ի՞նչ տպավորություն ունեք Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի մասին:

- Կարծում եմ, որ բարձրագույն կրթությունը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի, սակայն առկա են նաև լուրջ խնդիրներ: Օրինակ, ինձ շատ դուր է գալիս դասավանդել Բրյուսովի պետական հանալսարանում, որը հսկայական աշխատանք է տանում՝ միջազգայնացման, արտերկրից դասախոսներ ներգրավելու և ուսանողներին փոխանակման հնարավորություններ առաջարկելու տեսանկյունից: Բրյուսովի առաջարկած լեզուների ցանկը և ուսանողների ներգրավվածության մակարդակն իսկապես ապշեցուցիչ են, հատկապես այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիայում օտար լեզուների ուսումնասիրությունը համալսարանում կամ նույնիսկ ավագ դպրոցում շատ ցածր մակարդակի վրա է և հիմնականում կենտրոնացված է գրականության ու լեզվաբանության, քան լեզվական ունակությունների զարգացման վրա: Մեծ Բրիտանիայում նույնիսկ այդպիսի կատակ կա, թե համալսարանն ավարտելուց հետո երկրորդ լեզվով խոսելու հմտություններն իրականում ավելի վատն են դառնում: Այս առումով ես կարծում եմ, որ Բրյուսովը, իսկապես, պատրաստում է ուսանողներ արտաքին աշխարհի համար:

Չնայած այս դրական կողմերին՝ հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգն իր առջև ունի մի շարք խնդիրներ, որոնցից շատերն ընդհանուր են համարյա բոլոր հետխորհրդային երկրների համալսարանների համար: Անկեղծ ասած՝ Հայաստանի ուսանողները չափից դուրս աշխատասեր են. յուրաքանչյուր կիսամյակի համար նրանք հաճախ ունենում են 7 կամ 8 կուրս, և նրանց գրաֆիկն այնքան ծանրաբեռնված է, որ համարյա չի տարբերվում դպրոցականից: Բացի այդ, նրանք ծանրաբեռնված են նաև բարդ միջանկյալներով, որոնց շնորհիվ կուտակում են միավորներ: Իհարկե, դասընթացին մասնակցելու համար լրացուցիչ կրեդիտներ շնորհելու թեորիան տեսականորեն լավ է թվում, բայց իրականում ստիպում է ուսանողներին ձեռք բարձրացնել՝ զուտ այդ միավորները հավաքելու համար: Այդ ծանրաբեռնվածությունն ուսանողներին թույլ չի տալիս զբաղվել ակադեմիական տեքստերով, որի արդյունքում՝  սեմինարի ժամանակ մեծամասամբ բացատրվում է թեման, քան քննարկվում:

Կարծում եմ՝ հաջող սեմինարի կազմակերպման համար անհրաժեշտ է, որ լինի թեման բացատրող առնվազն մեկ ֆոնային տեքստ և մեկ ակադեմիական հոդված, որը քննարկումների հեռանկար է ստեղծում: Լավ դասախոսներն էլ իրենց հերթին ակնկալում են, որ ուսանողներն օգտագործեն իրենց ազատությունը՝ էսսեներ կամ պրեզենտացիաներ ներկայացնելու հարցում, որոնք վերլուծական են, այլ ոչ թե համացանցից վերցված անհեթեթ փաստեր: Ես մի քանի առաջարկ ունեմ՝ այս խնդիրը լուծելու համար: Առաջնահերթ, պետք է նվազեցնել դասընթացների քանակը: Օրինակ, Բեռլինի ազատ համալսարանը յուրաքանչյուր կիսամյակի համար ուներ միջինը 3-4 ակադեմիական կուրս՝ գումարած լեզվի դասընթացները: Օքսֆորդի համալսարանում մենք ունեինք 2 կուրս, բայց շաբաթական մեկ էսսե՝ յուրաքաչյուր կուրսից:

Երկրորդ՝ պետք է հեռացնել երկրորդական առարկաները:  Յուրաքանչյուր կուրսի համար ես կառաջարկեի, որ ամեն ուսանող գրեր մեկ ակադեմիական էսսե, ներկայացներ մեկ պրեզենտացիա և հանձներ մեկ քննություն՝ կախված թեմայից: Քննությունները պիտի ներառեն համառոտ վերլուծություններ, այլ ոչ թե հիմնվեն փաստական գիտելիքների ստուգման վրա:   

Երրորդ՝ պետք է հանել կրեդիտները: Համալսարաններն ակտիվ և գիտական բանավեճերի վայրեր են, և ստիպել ուսանողներին խոսել հանուն միավորների՝ անհեթեթություն է. այն թուլացնում է քննարկման որակը: Ուսանողները պետք է վստահ լինեն իրենց ընտրության հարցում: Այս խնդիրները հատուկ են ոչ միայն Հայաստանին. համաշխարհային բարձրագույն կրթության մրցակցային շուկայում համալսարանները հաճախ գայթակղում են ուսանողներին ծանրաբեռնվածության տեսանկյունից ` ապացուցելու համար, որ նրանց դիպլոմներն ինչ-որ բան արժեն:

- Իսկ ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի գիտական համակարգի մասին:

- Դոկտորական կրթական համակարգը նույնպես պահանջում է լուրջ արդիականացում: Առանց ժամանակակից հետազոտական մեթոդաբանության՝ դոկտորանտ ուսանողները լիովին կախված են լինում իրենց ղեկավարից: Դա դժվարացնում է նրանց դուրս գալը խորհրդային հետազոտական պրակտիկայից և թույլ չի տալիս զարգացնել արդի հետազոտական հմտությունները՝ առանց էական մոտիվացիայի: Սա Հայաստանին կախվածության մեջ է թողնում օտարերկրյա համալսարանների շրջանավարտներից: Համալսարանի ֆինանսավորման վատ վիճակը նույնպես խոչընդոտում է վերջինիս միջազգայնացմանը: Ավելին՝ ուսանողների ճնշող մեծամասնությունը վճարում է ուսման վարձեր, որոնք կազմում են համալսարանների բյուջեի զգալի մասը:

Արևմտյան դիսկուրսում ուսման վարձ վճարելը ենթադրում է ավելի լավ որակ, քան անվճար կրթությունը, քանի որ ուսանողները գումարի դիմաց պահանջում են որակ: Ցավոք, հետխորհրդային երկրներում երբեմն դիտվում է հակառակ պատկերը: Սա արդեն ստեղծում է հետընթաց, քանի որ այն ընկալումը, որ դիպլոմներ կարելի է ձեռք բերել առանց որևէ ջանք գործադրելու, շատ ուսանողների հուսահատեցնում է: Բարձրագույն կրթության մասին այսպիսի ընկալումը թերևս հաղթահարվելիք ամենադժվար խոչընդոտն է:

- Ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում:

- Հոկտեմբերից ուսումնառելու եմ Քյոլնի «Մաքս Պլանկ» հետազոտական դպրոցի տնտեսության սոցիալական և քաղաքական սահմանադրության բաժնի ասպիրանտուրայում: Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ վերադառնալ Հայաստան՝ հետազոտություններ և կոնֆերանսներ իրականացնելու, ինչպես նաև Բրյուսովի պետական համալսարանում տարբեր միջոցառումների մասնակցելու համար:

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ