Այսօր

Ահնիձորի ճանապարհը՝ Հրանտ Մաթևոսյանի հետ․Երբ զբոսաշրջությունը զարգացնում են նորարարական լուծումներով

  29 Ապրիլ 2021  351 դիտում
Ահնիձորի ճանապարհը՝ Հրանտ Մաթևոսյանի հետ․Երբ զբոսաշրջությունը զարգացնում են նորարարական լուծումներով

Լոռու մարզի Ահնիձոր համայնքի ճանապարհին այսուհետ ձեզ կարող է ուղեկցել Հրանտ Մաթևոսյանը։ Ահնիձորը Մաթևոսյանի ծննդավայրն է։ Գեղեցիկ բնություն ու զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունեցող գյուղը մի գլխավոր խնդիր ունի՝ այստեղ տանող մոտ 25 կիլոմետրանոց ճանապարհն անբարեկարգ է։

Հենց դրանով անցնելիս «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ համահիմնադիր–նախագահ Տիգրան Ավագյանը որոշեց՝ գյուղը թեկուզ փոքր–ինչ ավելի գրավիչ դարձնելու համար որևէ նախագիծ է պետք իրականացնել։

«Այսպես ծնվեց Հրանտ Մաթևոսյանի АR վիզուալիզացիան ստեղծելու միտքը (AR- augmented reality, լրացված իրականություն )», – Erit.am-ին պատմեց Տիգրան Ավագյանը։

«2020թ․ փետրվար ամսին ինձ բախտ վիճակվեց լինել Ահնիձորում։ Մոտ 80 սմ ձյուն էր, ճանապարհը՝ անբարեկարգ։ Այդ այցից հետո գյուղի հետ մի տեսակ կապվեցի։ Անընդհատ զանգահարում էի գյուղապետին, հարցնում՝ գյուղում ո՞նց է, ճանապարհի նորոգումից լուր կա՞։ Մի օր էլ մեր կազմակերպությունում տեսանք, որ ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ, UNDP) Կոլբա լաբի շրջանակներում փոքր դրամաշնորհների մրցույթ է հայտարարվել՝ Լոռիում, Տավուշում ու Շիրակում զբոսաշրջության զարգացման հետ կապված։ Հայտարարության մեջ նշված էր, որ նախապատվություն կտրվի նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ նախագծերին։ Թիմով հավաքվեցինք, քննարկեցինք։ Նոր տեխնոլոգիաներից որոշեցինք անպայման օգտագործել AR (augmented reality, լրացված իրականություն), VR (virtual reality, վիրտուալ իրականություն) տեխնոլոգիաները և ներկայացնել Հրանտ Մաթևոսյանին՝ հաշվի առնելով, որ Ահնիձորը նրա ծննդավայրն է», – ասաց Տիգրան Ավագյանը։

Արդյունքում կազմակերպությունը շահեց ՄԱԶԾ դրամաշնորհն ու «Arloopa» կազմակերպության և Հրանտ Մաթևոսյանի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ծնվեց Մաթևոսյանի AR վիզուալիզացիան։

Ահնիձոր տանող ճանապարհին վահանակ է տեղադրված։ Ներբեռնելով «Arloopa» հավելվածն ու սկանավորելով վահանակի վրա եղած QR կոդը՝ դուք կտեսնեք Հրանտ Մաթևոսյանի վիզուալ պատկերը, որը նախ կպատմի գրողի կենսագրությունն, ապա Մաթևոսյանի բնական ձայնով կկիսվի մտքերով։

Պատկերը հնարավոր է տեսնել նաև կամայական այլ տեղում, եթե «Arloopa»–ում ընտրեք «Humanoids» բաժինն, այնուհետև՝ Հրանտ Մաթևոսյանի AR վիզուալիզացիան։

«Ահնիձորը զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի ու հոսով եմ՝ սա կլինի փոքրիկ ներդրում դրա զարգացման ուղղությամբ», – ամփոփեց Տիգրան Ավագյանը։

ՄԱԶԾ Կոլբա լաբի Ապագայի հմտություններ և աշխատատեղեր ծրագրի համակարգող Հասմիկ Սողոմոնյանը Erit.am–ի հետ զրույցում նշեց՝ 2020թ–ը բարդ էր ավանդական զբոսաշրջության համար, ինչը ստիպեց նորարարական մոտեցումներ փնտրել։

«Այս հարցում թվային գործիքների կիրառումն ու դրանց առավել լավ օգտոգործումը նոր հաճախորդներ գրավելու հարցում դարձավ որոշիչ։ Մաթևոսյանի AR վիզուալիզացիայի նախագիծն առաջարկում է մի քանի ստեղծագործ մոտեցումներ՝ տեղանքի գրավչությունը կապում է հայկական մշակույթի հետ, դրա հետ մեկտեղ օգտագործվում են թվային լուծումներ։ Այս համադրությունը հետաքրքիր հեռանկարներ է բացում, և մեր կողմից աջակցություն ստացած բաղադրիչը մեծ ծրագրի մի մասն է կազմում միայն։ Անհամբեր սպասում ենք ամբողջ ծրագրի իրականացմանը»։

Նա վստահ է՝ քանի որ ծրագիրն ավելի մեծ է, քան պարզապես ՏՏ լուծումների կիրառումը, զարգանալու ու այցելուներ գրավելու լավ հնարավորություն կա:

«Սա շատ տարածված փորձ է աշխարհում, երբ տեղանքը հատնի է դառնում՝ հայտնի մարդկանց ծննդավայր լինելու շնորհիվ։ Դրա հաշվին նաև սկսում են նոր ծառայություններ և հետաքրքրություններ առաջանալ տեղում», – ասաց Հասմիկ Սողոմոնյանը։

Նշենք, որ Ահնիձորին ճանապարհին տեղադրված վահանակի պաշտոնական բացումը նախատեսված է այս տարվա մայիսին։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ