Այսօր

Իրենա Մուրադյանը դարձել է ԱՄՆ-ի համալսարանական լիգայի չեմպիոն

  05 Մայիս 2021  348 դիտում
Իրենա Մուրադյանը դարձել է ԱՄՆ-ի համալսարանական լիգայի չեմպիոն

Հայաստանի թենիսի առաջնության կրկնակի չեմպիոն, կանանց հավաքականի անդամ Իրենա Մուրադյանը զգալի հաջողություններ է գրանցում ԱՄՆ-ի համալսարանական լիգայում:

Այս տարվա հունվարից Իրենան համատեղում է կրթությունն ու մարզական կարիերան՝ ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանում ուսումնասիրելով բիզնես կառավարում և հանդես գալով համալսարանական «Սպարտա» թիմում: Օրերս «Սպարտան» դարձել է ԱՄՆ-ի համալսարանական լիգայի Արևմտյան լեռնային կոնֆերենցիայի («Mountain West Conference») չեմպիոն, իսկ Իրենան, գրանցելով 14 հաղթանակ և 1 պարտություն, ճանաչվել է առաջին կուրսեցիների շրջանում լավագույն մարզուհի, ինչի առիթով Erit.am-ին իր մեկնաբանությունն է տվել: 



«Համալսարանական լիգայի առաջին խաղին մասնակցելիս չէի էլ պատկերացնի, որ կկարողանամ նման հաջողության հասնել, քանի որ մրցակից թիմերն ու թենիսիստուհիներն իսկապես շատ ուժեղ են: Աստիճանաբար հարմարվել են նոր միջավայրին, թիմին և այժմ, անկեղծ ասած, ավելի մեծ պարտավորվածությամբ եմ խաղում, քանի որ յուրաքանչյուր անհատական հաղթանակ կարևոր է թիմային հաջողության համար, բոլոր խաղերում պետք է մինչև վերջ պայքարել»,- ասել է Իրենա Մուրադյանը:

Երիտասարդ թենիսիստուհին նաև նշել է, որ մարզումային պայմանների տարբերություն առանձնապես չի զգում, ինչն էլ օգնում լավ խաղ ցուցադրելուն. «Անձնական մարզիչս` Ռոման Եդիգարյանը, վերջին տարիներին ինձ հետ այնպես է աշխատել, որ այդ տեսանկյունից որևէ խնդիր չունեմ (ժպտում է - խմբ.): Կիրառում եմ նրա սովորեցրածը և միևնույն ժամանակ փորձում եմ այստեղ բոլորից սովորել: Համալսարանական լիգայից մեծ հաճույք եմ ստանում: Մրցաշրջանն օրերս է ավարտել, բայց արդեն կարոտում եմ և սպասում հաջորդին»,- եզրափակել է Իրենան:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ