Այսօր

Առանց նարնջագույնի գույներս կիսատ են․Նարնջագույն նկարներ «խզբզող» աղջիկը՝ Ստելլա Մկրտչյան

  05 Մայիս 2021  1338 դիտում
Առանց նարնջագույնի գույներս կիսատ են․Նարնջագույն նկարներ «խզբզող» աղջիկը՝ Ստելլա Մկրտչյան

Դիլիջանի գողտրիկ բնության գրկում է ապրում և ստեղծագործում Ստելլա Մկրտչյանը։ Մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն նրա հետ զրուցել ենք իլուստրացիոն նկարազարդումների, լուսանկարչութան և սեփական նախագծի մասին։

- Իլուստրացիաներն ինչո՞վ են քեզ գրավել։ Ինչո՞ւ ես ընտրել նկարազարդման այդ ուղին։

- Իլյուստրացիաներ շատերն են անում ու բոլորն էլ տարբերվում են իրենց ոճով ու տեսակով:   Ես ընտրել եմ իմ ոճը, որտեղ բոլոր կերպարների աչքերը փակ են, որովհետև դա ասոցացնում եմ երջանկության հետ․ երջանիկ մարդիկ պահը վայելելու ու երկար պահպանելու  համար փակում են աչքերը։

Նման պատկերներ ես ստանում եմ փայտի վրա՝ ձեռքով նկարելով, որը անվանում եմ #ստելլայիխզբզած ու ուղարկում եմ աշխարհի տարբեր ծայրեր․ մարդկանց գույներ եմ սիրում բաժանել։



- Ինչո՞ւ հենց  #ստելլայիխզբզած։

- Ես չունեմ նկարչական կրթություն, նկարում էի ամեն պատահած թղթի կտորի վրա, լինի դա սրճարանի անձեռոցիկ, թե խիտ նշումներով լցված տետրի լուսանցք։ Ընկերներիս միշտ ասում էի՝ «հըն, ո՞նց եմ խզբզում»,  էդպես էլ ինձ համար կարևոր տառերի շարան դարձավ։  Շատ մարդիկ էլ  մինչ օրս ասում են՝ «Ախր սիրուն ես նկարում, ինչո՞ւ ես խզբզոց անվանում»։

- Իսկ  դժվա՞ր է,  ի՞նչ պետք է իմանաս, երբ նոր ես սկսում:

- Ամեն բանի սկիզբ դժվար է թվում, բայց առաջին քայլն ու համարձակությունն է կարևոր։ Երբ Ամերիկա էի ուղարկել իլյուստրացիաներիցս մեկը, այնքան էի լարվել։ Լուր տվեցին, որ շատ են սիրել, դա իմ ինքնավստահությունը կրկնապատկեց։

Իսկ նոր մտքերը իրագործելու համար կամքի ուժ է պետք ու շատ աշխատանք։ Այսօր ինձ ոչ ոք չի օգնում, ու աղմկոտ ու լեցուն առօրյայիս հետ օրեր կան գիշերը 2-ին եմ նկարն ավարտում։ Հոգնում եմ, բայց վերջում, որ նայում եմ, նույնիսկ չեմ ուզում ուղարկել պատվերը։






- Ինչպե՞ս ես կապում  մասնագիտությունդ ներկա գործունեությանդ հետ։

- Մասնագիտությամբ մանկավարժ եմ։ Շատ հեռու է այն ամենից, ինչ գործունեություն այսօր ծավալում եմ, բայց շատ ոլորտներում պետք է գալիս։ Մանկավարժի առաջին գործը անձի հետ ճիշտ շփումն է, իսկ իմ այսօրվա գործունեությունը ամբողջությամբ կապված տարբեր մարդկանց հետ։

- Ի՞նչ նախագծերի վրա ես աշխատել վերջերս: Ո՞րն էր ամենադժվարը:

- «Stem Gift» -ի հետ կապված առաջին անգամ է, որ ուզում եմ նոր ու մի քիչ մեծ նախագիծ ունենալ։ Դրա հետ կապված դեռ չեմ բարձրաձայնում, դեռ մտքերս եմ հավաքում, անելիքներս  պլանավորում։

- «Stem gift»  անվանումը ինչպե՞ս առաջացավ։

- Իմ անվան հետ եմ կապել (Stella Mkrtchyan (SteM),  քանի որ ամեն մանրունք ինքս եմ անում, իմ ձեռքով։ «Stem gift»-ում կան  ձեռքով արված նկարներ՝ փայտե տախտակների վրա, իլյուստրացիաներ, փոստքարտեր, նախշազարդ քարեր ու գունավոր տրամադրություն։

- Գույնը քո նկարներում առանձնահատուկ տեղ ունի։ Ինչպե՞ս ես ընտրում գույները յուրաքանչյուր նկարազարդման համար։

- Իմ նկարներում գերակշռում է նարնջագույնը։ Ես դա կապում եմ արևի, ջերմության հետ։ Իսկ ընդհանուր վառ գույների փունջ նկարելու ընթացքում եմ ստանում․ այդ պահին եմ զգում, ստեղծագործում, նկարի տրամադրության հետ կապում։ Բայց առանց նարնջագույնի գույներս կիսատ են։



- Քարերի վրա նույնպես նկարում ես։ Ի՞նչ բարդությունների ես հանդիպում։

- Քարերի հետ կապված դժվարության հանդիպեցի միայն այն ժամանակ, երբ ծովից շատ մեծ քանակով քար էի հետս բերում Դիլիջան, մնացածը ամեն բան քարի հարթ մակերեսի պես է։ Հետո հասկացա, որ մեր Աղստև գետի քարերը ոչնչով չեն զիջում, ու էլ հեռուներից ծանրություն չբերեցի։ Իսկ քարերի վրա նկարելով՝ բնությանը ավելի եմ մոտ լինում։

- Զբաղվում ես նաև լուսանկարչությամբ։ Քո տեսախցիկն ինչե՞ր է ֆիքսում։

- Ես տեսնում եմ գեղեցիկը, դրանում տեսախցիկն ինձ օգնում է, օգնում է պահը կանգնեցնել ու պահպանել այն։ Լուսանկարում եմ Դիլիջանի տաղանդավոր մարդկանց ձեռքի աշխատանքները, որոնք քայլում ու հասնում են մինչ Իտալիա։ Հիմնական ուղղվածությունս դա է, և միանշանակ Դիլիջանիս հարուստ բնությունը, ամեն բակի անկյունը։ Շատ ջերմ ու հաճելի է, երբ Դիլիջանի մի անկյունից լուսանկար ես տեղադրում, ու մեկ էլ մարդիկ սկսում են այդ տեսարանի հետ կապված հիշողություններ վերապրել մեկնաբանություններում։

- Իսկ  կա՞ն պատկերներ, որոնք խուսափում ես նկարել։

- Այո կան։ Ես չեմ վախեցել փորձել, ու փորձելով հասկացել եմ՝ ինչը իմը չէ։

- Ինչպե՞ս կբնութագրես քո աշխատանքները երեք բառով:

- Գունավոր, էսթետիկ, զգացմունքային։

Զրույցը՝ Անի Թամրազյանի

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ