Այսօր

Քաղաքը ջազ լսո՞ւմ է, թե՞ մենք ենք ուզում, որ լսի. զրույց Դավիթ Գյոդակյանի հետ

  06 Մայիս 2021  454 դիտում
Քաղաքը ջազ լսո՞ւմ է, թե՞ մենք ենք ուզում, որ լսի. զրույց Դավիթ Գյոդակյանի հետ

Երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինն ավարտելուց հետո նա ծնողներին խոստացավ, որ երաժիշտ չի դառնալու։ Մինչ կոնսերվատորիան ավարտելը 4 տարի դիրիժոր աշխատեց մաթեմատիկոսի դիպլոմով։

Դաշնամուրին փոխարինելու էին եկել բաս կիթառն ու կոնտրաբասը, ուսանողական խմբերին՝ հանրահայտ երաժիշտների հիմնած ջազային կազմերը։

2018 թ․-ից նրա հեղինակային գործերը հնչեցնում է իր հիմնադրած վեցյակը՝ “Dave Geodakyan Sextet”-ը, որով էլ տարեսկզբին թողարկեց “On the run” դեբյուտային ալբոմը։

Erit.am-ի զրուցակիցն է երիտասարդ կոմպոզիտոր, դիրիժոր, կոնտրաբասահար Դավիթ Գյոդակյանը։

  -Մեծացել եք երաժիշտների ընտանիքում։ Այլ մասնագիտություն ընտրելու մտքեր, հնարավորություն ունեցե՞լ եք։

-Ինչպես դեռահասների մեծ մասը, ես էլ ատում էի դաշնամուրի պարապմունքները։ Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ծնողներիս խոստացա, որ երաժիշտ չեմ դառնալու։ Ընտրեցի Սլավոնական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժինը․մաթեմատիկա շատ էի սիրում,«Քվանտ» վարժարանն էի ավարտել, ընդունվելն ինձ համար հեշտ կլիներ։

Մեկ շաբաթ անց, սակայն, հասկացա՝ իմը չէ, բայց որոշեցի շարունակել ուսումս։ Սկսեցի համալսարանական տարբեր ռոք խմբերում բաս կիթառ նվագել, ինչն էլ ճանապարհ բացեց դեպի բեմ։

Հիշում եմ՝ համալսարանն ավարտելուց հետո ունեի 20 օր կոնսերվատորիայի ընդունելությանը պատրաստվելու համար։ Գիշերները չքնելով կարողացա արդյունքի հասնել։ Շատ լավ ուսուցիչ ունեի, ով ինձ նախապատրաստեց հարմոնիայի ու սոլֆեջիոյի քննությանը։ Ընդունվեցի։ Երբ հետ եմ նայում, մտածում եմ՝ անհնարին բան եմ արել։

2019 թ․-ին ավարտեցի ակադեմիական կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրան։ Սովորում էի ՀՀ  ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի դասարանում։ Հիմա ինքս եմ ջազային հարմոնիա, իմպրովիզացիա դասավանդում կոնսերվատորիայում։

2013 թվականից մինչ օրս Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի երիտասարդական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն եմ։

2014 թ․-ից սկսած պատիվ ունեմ Երվանդ Երզնկյանի և Մարտին Վարդազարյանի գլխավորությամբ աշխատել Հանրային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆո-ջազ նվագախմբում՝ որպես կոնտրաբասահար և բաս կիթառահար։

-Հայ-ռուսական համալսարանում ուսումը կիսատ չթողեցիք։ Ինչու՞։

-Մտածում էի՝ «ընկել եմ, պիտի քաշեմ», չպետք է ծնողներիս հիասթափեցնեմ։ Անվճար էի սովորում։ Ոչ ես էի մեծ գումարներ ծախսում, ոչ էլ ծնողներս։ Ատամներս  սեղմած դիմացա մինչև վերջ։ Երաժիշտ ընկերներս համալսարանից դուրս մնացին, ես էլ հրաշքով ավարտեցի։

Մի հրաշալի դասախոս ունեինք՝ Գառնիկ Կարապետյանը, ով, ցավոք սրտի, այսօր մեզ հետ չէ։  Ուսանողների ահուսարսափն էր։ Հրաշալի մաթեմատիկոս էր, հրաշալի դասախոս և շատ օբյեկտիվ մարդ․ դուրս էր թողնում համալսարանից բոլոր նրանց, ովքեր չէին սովորում։

Պետական քննության օրն էր։ Տոմսի երեք հարցերից ոչ մեկը չգիտեի։ Երբ մոտեցա գրատախտակին, Գառնիկ Ալբերտովիչն ընդհատեց խոսքս, եկավ, կանգնեց կողքիս ու հանձնաժողովի անդամներին ասաց՝ եկեք 3 նշանակենք, թող դիպլոմ ստանա, մեկ է՝ գնալու է, կոնսերվատորիա ընդունվի։ Իր սկզբունքին դեմ գնաց ինձ ընդառաջելով, ինչի համար շատ շնորհակալ եմ։

Չորս տարի մաթեմատիկոսի դիպլոմով դիրիժոր աշխատեցի, այդ նույն դիպլոմով ընդունվեցի աշխատանքի Հանրային ռադիոյում, այնուհետև՝ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Այդպես մինչև այն օրը, երբ ստացա կոնսերվատորիայի դիպլոմը։

Սլավոնական համալսարանը ֆանտաստիկ միջավայր էր, որն ինձ օգնեց վերարժևորել երաժշտությունը և շատ այլ բաներ իմ կյանքում։

-Ի՞նչը դրդեց փոխել որոշումն ու վերադառնալ երաժշտությանը։

-Չգիտեմ։ Կդժվարանամ պատասխանել այդ հարցին։ Միշտ սիրել եմ երաժշտությունը, փորձել երգեր գրել։

Այն պահին, երբ սիրածս գործն անելով՝ նվագելով սկսեցի վաստակել, հասկացա՝ մեծ սխալ եմ գործել։ Որոշումս փոխվեց։

Շատերի կյանքում երաժշտությունը հոբբիի կարգավիճակ ունի, բայց երաժիշտներիս  համար դժվար պրոցես է․դրանով նաև պետք է վաստակենք։ Մենք այնքան ենք սիրում մեր աշխատանքը, որ պատրաստ ենք անել անհնարինը։

-Երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում եք սովորել։ Բաս կիթառ և կոնտրաբաս ինքնուրու՞յն եք սկսել նվագել։

-Բաս կիթառը պատահական ընտրեցի։ Երբ Սլավոնական համալսարանում սկսեցինք ռոք խմբեր ստեղծել, ֆրոնտմեն լինելու համար բոլորն ուզում էին կիթառ նվագել ու երգել։ Ոչ ոք բաս կիթառ չէր ուզում։ Ցելա գցելու արդյունքում որոշվեց, որ ես պիտի նվագեմ։

Տանը մի հին գործիք կար, որով էլ փորձեցի նվագել։ Սկսեցի պարապել ու շատ սիրեցի։

Կոնսերվատորիա ընդունվելուց հետո սիրահարվեցի ջազ երաժշտությանը, հասկացա, որ տրադիցիոն ջազն այնքան հարուստ չի հնչում բաս կիթառով, որքան կոնտրաբասով։

Բաս կիթառի հարցում ինձ շատ է օգնել Երվանդ Երզնկյանը։ Իսկ կոնտրաբաս ինքս եմ պարապել ու նվագել, ավելի ուշ արդեն ջազի կենդանի լեգենդներ Նիկողայոս Վարդանյանի, Սիմոն Դոլմազյանի համերգներին գնալով, նրանց լսելով, խորհուրդ հարցնելով փորձեցի հմտանալ գործում։

Այսօր բաս կիթառ շատ քիչ եմ նվագում, նախընտրում եմ կոնտրաբասը։ Իրոք տարբեր գործիքներ են, պետք է տարբեր կերպ մտածես կոնտրաբաս կամ բաս կիթառ նվագելու համար։