Այսօր

Երևանից Միլանի նորաձևության շաբաթ. «Արտույտ»-ի հաջողության պատմությունը

  06 Մայիս 2021  676 դիտում
Երևանից Միլանի նորաձևության շաբաթ. «Արտույտ»-ի հաջողության պատմությունը

Դասական և ժամանակակից հայ արվեստագետների գործերը 2016 թվականից կարելի է նաև «կրել»։ Դրանք պատկերված են «Արտույտ»-ի մետաքսե շարֆերի վրա։

Հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնող շարֆերը սիրված և պահանջված են նաև արտերկրում՝ Իտալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ռուսատանում:

«Արտույտ»-ում չեն վախենում համարձակ երազանքներից։ Ուզում են, որ մի օր այն հայտնվի ամերիկյան «Վոգ» (“Vogue”) ամսագրի շապիկին։

Erit.am-ի զրուցակիցը «Արտույտ»-ի հիմնադիր Արևիկ Առաքելյանն է։

 

«Ժամանակը եկել էր»

Միշտ ցանկացել եմ նորաձևությունը կապել արվեստի հետ: Բայց 2000-ականներին, երբ պիտի ընդունվեի համալսարան, Հայաստանում նորաձևության մասին խոսելն աբսուրդի ժանրից էր: Եվ ես ընտրեցի արևելագիտության ուղին:

Հետագայում՝ միջազգային տարբեր ընկերություններում աշխատելուց հետո, հասկացա, որ ժամանակը եկել է, ու պետք է սկսեմ իրագործել իմ նպատակը:

Այդ մասին պատմեցի իմ գործընկեր Հովհաննես Պետրոսյանին: Ասաց՝ Արև, արի փորձենք:

Ես ու Հովհաննեսը աշխատում էինք միջազգային մի ընկերությունում, որտեղ մեր համագործակցությունը շատ լավ էր ստացվում: Միասին բիզնես սկսելն ու վարելն էլ շատ հեշտ եղավ երկուսիս համար: Սկսեցինք չնչին գումարով՝ մեր ամսական բոնուսով, և այդպես քայլ առ քայլ, քիչ-քիչ ավելացրինք այն:

«Արտույտ»-ի ստեղծման գլխավոր պատճառներից մեկն էլ այն էր, որ ուզում էի մեր արվեստը ճանաչելի դարձնել նախ՝ Հայաստանի ներսում, ապա՝ դրսում: Այո, Հայաստանում ևս դա խնդիր է. Մարտիրոս Սարյանից և Մինաս Ավետիսյանից բացի՝ մարդիկ այլ նկարիչների չեն ճանաչում: