Այսօր

Գրականությունը եղել ու մնում է ինձ համար ապրելու իմ իսկական տարածությունը, ուր ես ես եմ. Հասմիկ Սիմոնյան

  11 Մայիս 2021  322 դիտում
Գրականությունը եղել ու մնում է ինձ համար ապրելու իմ իսկական տարածությունը, ուր ես ես եմ. Հասմիկ Սիմոնյան

Erit.am-ի զրուցակիցը բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանն է, ով շուրջ 20 տարի գրականության ոլորտում է։ Հասմիկն ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը և Կովկասի ինստիտուտի լրագրության բաժինը: 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Նա արժանացել է մի շարք պարգևների՝ Հակոբ Կարապենցի անվան մրցանակի (2006 թ.), «Գրեթերթի» մրցանակի` «Հրապարակախոսություն և ակնարկ» անվանակարգում (2008 թ.), «Գրեթերթի» մրցանակի` «Պոեզիա» անվանակարգում (2010թ.) և այլն։ 2019 թ․-ից «Տեքստ հարթակ» ՀԿ-ի համահիմնադիրն է, ինչպես նաև «Տեքստ հարթակ» մշակութային կրթատեղեկատվական կայքի գլխավոր խմբագիրը։ Հասմիկի հետ զրուցել ենք իր անցած գրական ուղու և ապագա ծրագրերի մասին։

- «Պոեզիան այն է, ինչի կարիքն ունի մարդ կամ այն ցավոտ կետերին ես անդրադառնում, ինչը շտկել ես ուզում»: Այս մասին ասել եք Ձեր հարցազրույցներից մեկում։ Եթե հիմա շարունակեք Ձեր միտքը, որո՞նք կլինեն այդ 2-3 նախադասությունները։

- Կերկրորդեմ նույն միտքը. ես խոսել եմ ու խոսում եմ մարդու մասին, ցավի ասպեկտների շուրջ, մեր՝ իրարից տարբեր լինելու և երբեմն տարբերությունից վախենալու մասին: Թերությունները պոետիկ են ու մեզ յուրահատուկ դարձնող: Գրականությունը թույլ է տալիս նկատել դա, չվախենալ, գնահատել և, ամենակարևորը, հասկացնել, որ դու մենակ չես:

- Գիտեմ, որ, Ձեր՝ 2005 թվականին հրատարակված առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Լուսնոտ բառեր»-ը նույնիսկ ձեռագիր վիճակում արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի, իսկ հրատարակվելուց հետո՝ ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակին։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս հաջողվեց այդքան երիտասարդ տարիքում, ինչպես Դուք էիք նշել մի առիթով «գրականության մեջ դեռ շատ ճամփաների անծանոթ», ձեռք բերել նման մեծ հաջողություն՝ գրականության ասպարեզում։

- Հաջողելու մասին երբեք չեմ մտածել, ու այդ ժամանակ էլ չէի մտածում: Ես գրում էի, որովհետև գրականությունը միակ ելքն էր դեպի աշխարհ բացվող: Կարդում էի, որովհետև փակ, խիստ ու ավանդապահ ընտանիքում էի մեծանում, իսկ գրականությունը միակ մեծ լուսամուտն էր՝ թույլատրելի 16-ամյա աղջկան, որ ես էի: Գրական առաջին փորձերս թաքուն էին, իմ տպագրվելուց տանը առանձնապես ծնծղաների չէի արժանանում, մրցանակներից արժևորվում էր գումարը: Գրականությունը եղել ու մնում է ինձ համար ապրելու իմ իսկական տարածությունը, ուր ես ես եմ ու չեմ մտածում, թե այլոք ինչ են մտածում, ու ինձ պաշտպանված եմ զգում: Մրցանակները հաճելի բոնուս էին: Միայն:

- Իսկ կարո՞ղ ենք համարել, որ Ձեր գրական ուղին սկսվեց հենց այդ պահից։

- Ոչ, գրական ուղին սկսվել էր շատ ավելի վաղ, ու մրցանակները չեն կարող կանխորոշիչ համարվել:

- Ձեզ երբևէ՞ մտահոգել է այն, որ Ձեր գործերը ընթերցողների կողմից կարող են միանշանակ չընդունվել և ամեն մեկը տարբեր կերպ կարող է ընկալել ստեղծագործությունը։

- Ես մտածում եմ միայն մեկ ընթերցողի մասին՝ իմ: Ես գրում եմ այն, ինչ ինձ է հետաքրքիր, ինչ ինձ է հուզում, իմ անձնական պատմությունն եմ պատմում, օրինակ, «Մեղուներ պահող աղջիկը»: Դա իմ ու իմ ընտանիքի պատմությունն է, իմ ու իմ մոր հարաբերությունները, բայց, երբ դու խոսում ես առանց ճիգ ու ջանք թափելու, անհարկի սիրունացնելու կամ անհարթ տեղերը կորելու, առանց ֆոտոշոփելու ու ֆիլտրելու, դու պատմում ես քո սերնդի ու այլոց պատմությունը ակամայից: Իհարկե, գրելիս դրա մասին չես մտածում, բայց հետահայաց նաև արձագանքները դա են փաստում: Հիշում եմ, թե ինչպես մի աղջիկ մոտեցավ ու ասաց՝ դու ո՞նց ես իմ մասին իմացել, որ գրել ես՝ «և իմ մանկությունը՝ /թողած /դեղինի մեջ, /մեղրի ու մեզի, արևի ու ոսկու…», հերս ու պապս ոսկերիչներ էին, մենք մեղուներ էինք պահում, ես էլ մինչև 9 տարեկան տակս թրջում էի: «Հաստա՞տ մինչև ինը տարեկան, - ասացի»: Մենք ժպտացինք իրար ու անցանք: Մենք անծանոթ էինք ու ծանոթ:

 - Դուք հիմնականում գրում եք չափածո ստեղծագործություններ, թեև Ձեր՝ «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը արձակ է։ Ինչպե՞ս որոշեցիք գրել նաև արձակ ստեղծագործություններ և ինչո՞վ է առանձնանում չափածոն Ձեզ համար։

- Ես բանաստեղծություն եմ գրում, ոչ չափածո: Չափածոն, ինչպես բառն է հուշում, հստակ չափեր ու ձևեր ունի, վերլիբրը ազատ է մտածում, անհանգ, կշռույթներից անկախ: «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը գեղարվեստական հորինվածք չի, այլ իրապատում էսսեներ են, որ գրել ենք համահեղինակությամբ Արմինե Դանիելյանի հետ: Միտքը ունեի շատ վաղուց, գրել մի գիրք խիզախ կանանց մասին: Ինչո՞ւ՝ կանանց: Որովհետև Հայաստանում եթե կինը կարող է, ապա տղամարդը պարտավոր է առնվազն կրկնել նույնը, եթե չասենք՝ գերազանցել: Այս գիրքը բոլորի համար է և խոսում է այն մասին, որ մարդիկ պիտի հնարավորություն ունենան փորձելու ամեն ինչ ու չունենան սահմանափակումներ՝ պայմանավորված սեռով, մաշկի գույնով, նիհար կամ ցածրահասակ լինելով:

 - Ինչպե՞ս առաջացավ այդ գիրքը գրելու գաղափարը և ինչպե՞ս ընտրեցիք տարբեր մասնագիտություններ ունեցող այդ 50 կին հերոսներին։

- Մենք ուզում էինք ցույց տալ, որ երազանքներից վախենալ պետք չի, որ կոմֆորտ զոնան ու թույլատրելի տարածքներով շարժվելը գուցե հարմար է, բայց արդյոք մենք հարմարությունների ու կաղապարների համար ենք ստեղծված, մենք հեղուկ չենք, որ ինչի մեջ լցնեն մեզ, մենք դրա ձևն ընդունենք, և ոչ էլ ծառ ենք, որ աճել ենք մի տեղ ու պարտավոր չենք շարժվել հասկանալի պատճառներով: Մենք մարդիկ ենք՝ ստեղծագործող, մտածող, շարժվող, պրպտող, քանդող, գտնող: Դարեր շարունակ կնոջը թույլ չի տրվել ամենատարբեր բաներ, որ այսօր այնքան ծիծաղելի են թվում: Տաբատ կրող, կարճ մազեր ունեցող, աշխատանքի շտապող ու աշխատանքի համար վարձատրվող կինը այսօր այնքան բնական է:

Հիշում եմ՝ մեր գրքի նկարազարդողը ոնց էր ընդդիմանում, երբ պետք է նկարեր կին եպիսկոպոսի: Իր համար անթույլատրելի տարածք էր կինը մտել: Եկեղեցին դեռևս կնոջը համարում է անմաքուր, ու մուտքը թույլատրված է միայն տղամարդկանց: Ինչպես մի ժամանակ գիտությունն ու մշակույթն էին միայն տղամարդկանց թույլատրելի և եթե կանայք ուզում էին, ասենք, գրել կամ տպվել, ապա միայն տղամարդու անունով: Կամ Ամերիկայում, օրինակ, «ապակե առաստաղն» էր գործում, որ նշանակում է՝ կինը կարող էր պաշտոնավարել, բայց կային սահմաններ, որից վեր կնոջը թույլատրված չէր գտնվել: ԽՍՀՄ-ում չկային կանայք, որ վերնախավից էին, ամենաշատը, որ կարող էին լինել, գործարանի ինչ-որ բաժնի ղեկավար: Կամ, օրինակ, մինչև 1960-ականները դեռ հավատում էին, որ նավի վրա գտնվող կինը դժբախտություն է բերում: Ավելի վաղ դարերում շիկավարս կանայք համարվում էին վհուկներ, բայց դե ո՞նց մեղադրես պիգմենտների մասին գաղափար չունեցող մարդկանց:

Մեր գիրքը հավասարության մասին է, որը թույլ կտա կնոջը ավելի կին լինել, տղամարդուն՝ ավելի տղամարդ, որովհետև, օրինակ, հուզվող տղամարդը ապացուցելու կարիք չի ունենա իր առնականությունը, տաբատ կրող կամ ընտրություններին մասնակցող կանայք մեզ այսօր բնավ տարօրինակ չեն թվում կամ պակաս կանացի: Հորինովի պատնեշները մենք պիտի ունակ լինենք վերացնել մեր միջից ու մարդավարի ապրենք:

 - Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ նպատակ կա հրատարակել նաև «Հայ կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը։ Ե՞րբ է նախատեսվում այն ևս հասարակությանը ներկայացնել։ Մի փոքր կպատմե՞ք ստեղծագործության մասին։

- Առաջին գիրքը գրելու ընթացքում հասկացանք, որ մեզանում քիչ չեն հայ կանայք, որ իրենց մասնագիտական հմտությունների ու աշխատասիրության շնորհիվ փոխել են հնացած ու կարծրատիպային մտածելակերպեր, ստեղծել են ու արարել, խիզախել ու մոռացվել հայ հանրության կողմից: Այդ կանայք դարձել են առաջինները՝ առաջին դեսպանը աշխարհում՝ Դիանա Աբգարը, առաջին օվկիանոսագետը Ֆրանսիայում՝ Անիտա Կոնտի-Կարագյոշյանը, առաջին լուսանկարիչը Թուրքիայում՝ Մարիամ Շահինյանը, առաջին ու միակ կին ավիակոնստրուկտորը ԽՍՀՄ-ում՝ Ելիզավետա Շահխաթունին և այլոք: Մենք որոշեցինք չլռել ու խոսել ու բոլորին պատմել նրանց մասին: Գիրքը լույս կտեսնի շուտով: Ամսաթվեր դեռ չենք հրապարակի:

- Ձեր 2-րդ՝ «Թափթփված սենյակներ» գրքի հրատարակումից բավականին ժամանակ է անցել. ինչո՞վ է պայմանավորված երկարատև դադարը։ Առաջիկայում սպասե՞նք Ձեր բանաստեղծությունների նոր գրքին։

- Գիրք գրելն ինձ համար ինքնանպատակ չէ: Ես շատ բծախնդիր եմ ամեն տողի ու տառի նկատմամբ: Այս տարիների ընթացքում ցանկության դեպքում մի քանի գիրք կարող էի հրապարակել, բայց իմաստը չեմ տեսել: Եվ նաև ինձ՝ որպես ընթերցողի, ամբողջապես չի հերիքել: Ես շատ քննադատաբար եմ մոտենում ու այլոց հիացական կարծիքները չեն փրկում էս դեպքում: Նոր գրքի մասին դեռ կլռեմ:

 - Ի՞նչ պետք է տեղի ունենա, որ դադարեք գրել։

- Երբ օրգանիզմիս կենսագործունեությունը դադար առնի կամ կարճ ասած՝ մահանամ:

 - Ի՞նչ նպատակներ, անելիքներ ունեք առաջիկայում։

- Անելիքները շատ են: «Տեքստ հարթակ» կայքում նոր ու հետաքրքիր ձևաչափով ծրագրեր ենք մտածում, «Կանայք, որ փոխել են աշխարհը» մատենաշարի մյուս հատորներն են ճամփին, թարգմանական գրքի շուրջ եմ աշխատում և էլի մի շարք բաներ, որ արվում են դանդաղ, բայց հիմնավոր:

Զրուցեց՝ Մերի Մաթևոսյանը
Լուսանկարները՝ Հասմիկ Սիմոնյանի անձնական արխիվից

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ