Այսօր

Հնարավոր է նավթին և գազին փոխարինելու գա ջրածինը. ԵՊՀ թիմի ստարտափ նախագիծը

  11 Մայիս 2021  266 դիտում
Հնարավոր է նավթին և գազին փոխարինելու գա ջրածինը. ԵՊՀ թիմի ստարտափ նախագիծը

Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի թիմի ներկայացրած «Թափոններից` կենսաջրածին» ստարտափ նախագիծն արժանացել է «Climate Change Tech Accelerator» աքսելերացիոն ծրագրի մրցանակին: Ծրագրի նպատակն է աջակցել այն ստարտափներին, որոնք առաջարկում են կլիմայական ռեսուրսների արդյունավետ կիրառման նախագծեր: Մրցույթի առաջին փուլին մասնակցել է աշխարհի ավելի քան 30 թիմ: Կենսաբանության ֆակուլտետի թիմի առաջարկած նախագիծը դարձել է երկու մրցանակային տեղերից մեկի հաղթողը՝ ստանալով հինգ հազար ամերիկյան դոլարի չափով դրամաշնորհ:

ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմը ներկայացրել են կենսաքիմիկոս, մանրէաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու և թիմի ավագ Սաթենիկ Միրզոյանը, ինչպես նաև ֆակուլտետի մագիստրոսներ ու ասպիրանտներ Լիանա Վանյանը, Հեղինե Գևորգյանը և Հռիփսիմե Պետրոսյանը: Թիմի հիմնադիրը և խորհրդատուն է եղել կենտրոնի տնօրեն, ներկայում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Erit.am-ի հետ զրույցում Սաթենիկ Միրզոյանն ասում է, որ Կենսաբանության ֆակուլտետի թիմի ներկայացրած նախագիծն առաջարկել է տեխնոլոգիա, որի միջոցով տարբեր թափոնների կիրառումից ստացվում է կենսաջրածին, ինչի շնորհիվ էլ կարելի է էկոլոգիապես մաքուր ճանապարհով ստանալ էլեկտրականություն․

«Ինչպես գիտեք, բնակչության թվաքանակը գնալով աճում է։ Ներկայում բնակչության տարեկան աճը կազմում է 1․7%. յուրաքանչյուր շաբաթ մարդկության թվաքանակն աճում է 1․7 մլն-ով։ Օրական աճը կազմում է 247000 մարդ, իսկ 1 ժամում՝ 10270 մարդ։ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Երկրի բնակչությունը 2100թ․-ին կկազմի մոտ 12 մլրդ մարդ։ Այս մի փոքր վախեցնող թվերից արդեն պարզ է, որ վառելիքի բնական պաշարները պարզապես կարող են չբավարարել մարդկության պահանջները։ Ուստի, գիտնականներն արդեն սկսել են վառելիքի այլընտրանքային ուղիներ փնտրել։ Ջրածինը էկոլոգիապես մաքուր, արդյունավետ և վերականգնվող վառելիք է, որը կարող է արտադրվել տարբեր ուղիներով՝ ներառյալ որոշ շատ հետաքրքիր կենսաբանական ուղիներ։ Որպես ջրածին «արտադրողներ»՝ այսօր գիտնականների ուշադրության կենտրոնում են գտնվում բակտերիաների որոշ խմբեր։ Այս բակտերիաները «սնվում են», այսինքն՝ յուրացնում են իրենց անհրաժեշտ սննդանյութերը և նյութափոխանակության ընթացքում դրանցում առկա տարբեր նյութերը, մասնավորապես, շաքարները, օքսիդացնում են մինչև ածխաթթու գազ և մոլեկուլային ջրածին, ինչն էլ մեզ պետք է։ Ամենահետաքրքիրն այն է, որ բակտերիաների այս նյութափոխանակային առանձնահատկություններն օգտագործելով՝ կարող ենք ջրածին ստանալ նաև տարբեր թափոններից․ օրինակ՝ գինու, գարեջրի, սպիրտի արտադրության, սննդային և այլ։ Ներկայումս հետազոտողները փորձում են գենային ինժեներիայի միջոցով այնպես փոխել բակտերիաների գենոմը, որ նրանք ավելի շատ ջրածին արտադրեն։ Արդյունքում ստացվում է, որ եթե որպես հումք օգտագործենք թափոնները և այնպիսի բակտերիաներ կիրառենք, որոնք հեշտ են աճում և խիստ պայմաններ չեն պահանջում (օրինակ՝ աղիքային ցուպիկը), ապա մեր արտադրությունը նաև շատ մատչելի կլինի։ Չմոռանանք նաև, որ ջրածինն այրվելիս առաջացնում է միայն ջուր, ուստի լրիվ էկոլոգիապես մաքուր վառելիք է, և նրա այրումից առաջացած էներգիան մոտ 3․5 անգամ շատ է նավթի էներգիայից։ Ներկայում ջրածնի համաշխարհային տարեկան արտադրությունը 50 մլն տոննայից ավելի է։ Այսպիսով, շատ շուտով հնարավոր է նավթին և գազին փոխարինելու գա մեր շատ սիրելի բակտերիաների կողմից արտադրվող ջրածինը»,-մեզ հետ զրույցում ասում է Սաթենիկը:

Նրա խոսքով՝ իր թիմը գիտական տարբեր ուսումնասիրություններ է իրականացնում այս թեմայով, և իրենց առաջարկած տեխնոլոգիան հիմնված է գիտահետազոտական տարբեր փորձերի վրա: Սաթենիկը վստահեցնում է՝ ազդեցության բարձր գործակից ունեցող միջազգային ամսագրերում այդ թեմայով ունեն բազմաթիվ տպագրված գիտական հոդվածներ․

«Անհերքելի է, որ չկա արտադրություն` առանց թափոնների: Տարեկան թափոնների ծավալները հասնում են միլիարդավոր կիլոգրամների, ինչը լուրջ էկոլոգիական խնդիր է առաջացնում: Կան որոշ ընկերություններ, որոնք կիրառելով թափոններից էներգիայի ստանալու տեխնոլոգիաները, օգտագործում են օրգանական թափոններ կենսագազի, կենսաէթանոլի կամ կենսաբութանոլի արտադրության համար, բայց H2-ը, համեմատած այլ վառելիքների, ամենամեծ ներուժն է առաջարկում. այն ամբողջությամբ էկոլոգիապես մաքուր է և վերականգնվող: Մենք առաջարկում ենք կենսաջրածին ստանալ արտադրական, գյուղատնտեսական, ինչպես նաև առօրյայում առաջացող սննդային թափոններից։ Միկրոօրգանիզմները կարող են յուրացնել տարբեր օրգանական թափոններ և արտադրել կենսաջրածին, իսկ օրգանական թափոններ առաջանում են արտադրության գրեթե բոլոր ճյուղերում: Բացի այդ՝ H2-ի օքսիդացումից առաջանում է միայն ջուր,  և այն կարող է անվերջ արտադրվել բակտերիաներում: Մենք հատկապես կենտրոնացած ենք գարեջրագործական ընկերությունների վրա. դրանք մեզ հետ միասին հանդես կգան մասնակի էկոլոգիական խնդրի լուծման համար և կստեղծեն իրենց վերականգնվող ու էկո-բարեկամական էներգիան»,-նշում է մեր զրուցակիցը և հավելում, որ թափոններից կենսաջրածնի արտադրությունը ներկայում գտնվում է α-թեստավորման փուլում: Նրա խոսքով՝ մոլեկուլային ջրածինը՝ որպես այլընտրանքային, էկոլոգիապես մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուր, հիանալի լուծում է՝ նաև օդի աղտոտման և գլոբալ տաքացման դեմ: Սաթենիկը վստահեցնում է՝ մրցանակը կօգնի հետագայում տեխնոլոգիան առավել լայնամասշտաբ փորձարկել և այն ավելի արդյունավետ դարձնել:

Նշենք, որ ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմը «Green AgriTech Startup Clash 2021» մրցույթում ևս ստացել է մրցանակ՝ ներկայացնելով «MiCoFe» օրգանական պարարտանյութի ստարտափ նախագիծը: Նախագիծն առաջարկում է նորարարական արտադրանք, որտեղ կիրառվում են օգտագործված սուրճի մնացորդները և Հայաստանի հողերից մեկուսացված այնպիսի մանրէներ, որոնք էնդեմիկ են և կարող են որպես կենսապարարտանյութ ծառայել: Տեխնոլոգիան մշակվել է և α-թեթսավորում անցել լաբորատոր պայմաններում։ Լաբորատորից կիսաարդյունաբերական փորձարկումների բարեհաջող ընթանալու դեպքում այն կարելի է տեղափոխել արտադրական մեծամասշտաբ արտադրության փորձարկման՝ համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում: Որպես նախագծի վերջնարդյունք՝ թիմն ակնկալում է ստանալ թափոնների վերամշակման հիմքով լիարժեք օրգանական պարարտանյութ:

Հավելենք, որ ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհով ստեղծվել է ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կառավարության, ԵՊՀ-ի և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ