Այսօր

Գեղանկարիչ Ժան Գառզուի հիշատակին

  11 Մայիս 2021  1089 դիտում
Գեղանկարիչ Ժան Գառզուի հիշատակին

Լս․՝ Մանուել Լիթրան (1979թ․) Փարիզ

Այս համառոտ հոդվածը նվիրված է ֆրանսահայ նկարիչ,  գեղեցիկ արվեստների ֆրանսիական ակադեմիայի անդամ, աշխարհահռչակ արվեստագետ Գառնիկ Զուլումյանի (Jean Carzou) հիշատակին։ Հոդվածը հրապարկվել է Փարիզում լույս տեսնող «Nouvelles d’Arménie» ամսագրում։ «ACAM – france» - ի (Association Culturelle Arménienne de Marne-la-Vallée France) հրապարակած տարբերակում Քրիստիան Գերմակի սույն հոդվածին կից ներկայացված է նաև Լուիզ Գարզուի նամակը՝ ուղղված պապին՝ Ժան Գառզուին, որն ինքնատիպ մի հուշագրություն է՝ համակված անձնական և մտերմիկ հույզերով։ 

***

1940-ականների փայլուն հաջողություններից հետո Գառզուն հեղինակեց ոչ միայն իր առասպելական կապույտի նրբերագներն ընդգրկող եզակի գործեր, այլև սկսեց տարվել նաև ջրաներկի բարդ տեխնիկայով։ Բազմաթիվ հեղինակավոր քննադատներ նրան համարում էին բացառիկ բեմանկարիչ՝ կանխորոշելով արվեստագետի հաղթարշավը ոչ միայն գեղանկարչության բնագավառում, այլև թատրոնում։ 1952 թ.-ին Փարիզում բեմադրված ժան Ռամոյի «Indes Galantes» օպերայի դերասանների կոստյումների և բեմի ձևավորման համար Գառզուն հայտնվեց ուշադրության կենտրոնում՝ արձանագրելով աղմկալի հաջողություններ։ Նրա մյուս ինքնատիպ մտահղացումներով ձևավորվեցին Քոմեդի Ֆրանսեզի մի շարք ներկայացումներ, որոնք նոր մեկնաբանություններ էին՝ հագեցած ինքնատիպ ոճական խաղարկումներով և գեղարվեստական մտքի թարմությամբ։ Նա, առհասարակ, քննադատաբար էր մոտենում իր դարաշրջանի կարևոր գեղարվեստական ուղղություն համարվող կուբիզմի կերպարակերտման անփութությանը։ Նրա համար հեղինակություն չէր Պիկասոն, Գառզուն համակրում էր դասական այնպիսի նկարիչների, ինչպես, օրինակ, Կլորդ Լորենը, Անթուան Վատոն, իսկ ժամանակակիցներից նա մեծ նկարիչ էր համարում Սալվադոր Դալիին։ Գրաֆիկայի ոլորտում Գառզուի առավել ակնառու նվաճումներից են համարվում ֆրանսիացի սիմվոլիստ և հանճարեղ պոետ Արթյուր Ռեմբոյի «Լուսավորումներ» (Les Illuminations)  ժողովածուի նկարզարդումները։ Իսկ նրա վերջին մեծածավալ գլուխգործոցը Մոնասքի տաճարի որմնանկարներն են, որոնք Ժան Գառզուի վերջին աշխատանքներն են 20-րդ դարի ֆրանսիական արվեստում։

Գեղանկարիչ Ժան Գառզուն մահացավ 2000 թ․–ի օգոստոսի 12-ին Պերիգոյում, 93 տարեկան հասակում։ Նկարչական տարբեր տեխնիկաներով ստեղծված նրա բազմաթիվ գործեր ներկայացվել են Ֆրանսիայում, Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում և Եգիպտոսում կազմակերպված ցուցահանդեսներում։ Գրաֆիկայի վարպետի, գեղանկարչի, բեմանկարչի կարիերայից հետո 83-ամյա Գառզուն հեղինակեց Մոնասքի տաճարի վիթխարի որմնանկարները, որոնցից ամենատպավորիչը «Ահեղ Դատաստանի» (Apocalypse)  տեսարանն է: Չնայած այս հորինվածքի հիմքում ընկած է Հովհաննու Հայտնության բնագիրը, այնուամենայնիվ, այն արտացոլում է մեր ժամանակների մթնոլորտը,  հորիզոնում պատկերված ավերակներով, մշուշոտ նավերով, խճճված երկաթգծերով և ամրաշինական կառույցներով, որոնք արտահայտում են նկարչի ներաշխարհը՝ տագնապեցնող Հոլոքոստի և պատերազմի մասին հիշողությունները։ Այստեղ հատկապես տպավորիչ է Աստվածածնի դիմապատկերով ստեղծված ծառ – կնոջ կերպարը, որն աշխարհին  է փոխանցում  մարդկության փրկության հավերժական ուղերձը։

Գառզուն մի առիթով ասել է․ «Մոնասքում պահն, ասես, հավերժական շարժում լինի՝ սկիզբ և վերջ, սկիզբն ավարտվում է, վերջը՝ սկսվում, իսկ ամենավերջում դրախտավայրն է։ Ես ավարտուն չեմ համարում այս աշխատանքը, դեռ կարելի էր տասը տարի էլ նկարել և շարունակել այն»։

 «Ապոկալիպսիսը» ներկայացնող Մոնասքի տաճարի որմնանկարները Ֆրանսիայում  

 Քրիստիան Գերմակը գրում է ․․․

Գարզուի ստեղծագործությունների քննությունն ուղեկցվում է անխառն հիացմունքով, որն ուղղված  է նրա նկարչական տաղանդին, մարդկային հատկանիշներին, ազգային ոգուն, վերջապես անհատին, որը Ռանսոնի ակադեմիայում իր գործնեության սկզբից ի վեր կարողացավ հասնել համաշխարհային  ճանաչման։ Իր հայտնության սկզբում մամուլի համար կատարված նկարազարդումները դժվար էին ընդունվում, հետո այդ աշխատանքները արագորեն ճանաչելի դարձան՝ նկարչին 3 անգամ բերելով ամերիկյան «Հելմարք» ժամանակակից արվեստի ինստիտուտի գրան – պրի մրցանակի, իսկ 1950 թ․-ին Գարզուն իր ուսուցիչ և ընկեր Էդուրադ Գեորգի հետ դարձավ «Connaissance des Arts» հանդեսի նախընտրած 20-րդ դարի առաջին կեսի 10 ամենահեղինակավոր նկարիչներից մեկը։ Ավելի ուշ Գարզուն դարձավ նույն ամերիկյան «Հելմարք» ինստիտուտի անդամ։

1978 թ.-ին նա ստեղծեց մի գեղանկարչական ներբող՝ նվիրված իր ընկերոջ՝ Գեորգ Գերմակի վաղամեռիկ դստեր՝ Կլոդ Լիզի հիշատակին։ Այդ ստեղծագործությունը նկարչի արտասովոր զգայունությամբ հագեցած հոգու պտուղն է, որտեղ ապաստան են գտել  նրա քնքշության բոլոր դրսևորումները։ Հայաստանի համար թափված նկարչի արցունքներից գոյացել են աղբյուրներ, որոնք կյանքի են կոչել իր ողջ սերնդի հիշողության ծառը։  Հուշերի այդ բեկորները, որոնք արթնանում էին Ֆոնտեմբլոյի առանձնատանը, Վուդիեի անտառում մեր զբոսանքների ժամանակ, հաճախ են հայտնվում Գառզուի գործերում։ Կարելի է նկատել նաև թնդանոթը, որի վեր ձգված փողը, կարծես, ցրում է երկքում կուտակված՝ կյանքը խորհրդանշող ամպերը։


«Ամրոցը» (1978թ․) Փարիզ

Պատկերային բանաստեղծություն

Խոսել Ժան Գառզուի մասին, առաջին հերթին նշանակում է արտաբերել այն պատկերապատումը, որով նկարիչը մեղմաձայն երկխոսում է իր սիրելի կնոջ՝ Նան Պլանի հետ։ Նա գրող էր և բանաստեղծ, մեկը, ով ապրում էր հեքիաթային իրողության մեջ։ Նկարիչը փորձում էր պատկերել Նանի երազային աշխարհը։ Նրա ստեղծագործություններում տեղ գտած որոշ պատմություններ հիմնված են հիշողությունների ու լեգենդների վրա, վերհուշների, որոնք արթնացել են այնտեղ, ուր ամեն բան անհուսորեն թաղված էր մոռացության ծանր շղարշի տակ։ Ուսումնասիրելով Գառզուի արվեստը, պետք է մտածել նրա մուսայի մասին։ Նանը նկարչի կյանքի անբաժանելի մասն էր, ոգեշնչողն ու ստվերը, նրա կյանքի կինը և սիրո առհավատչյան։ Նանը կարողանում էր մեկնաբանել նրանց համատեղ երազանքները, որոնք լցված էին պոետականությամբ ու առասպելական շնչով։ Այս ապրումները Գառզուի արվեստում ծնունդ տվեցին կենսաթրթիռ բնապատկերների, առասպելական քաղաքների, հովվերգական տեսարանների և արտասովոր կանանց պատկերների, որոնք սերտորեն կապված էին միմյանց։ Նանի մահվանից հետո նկարչը թողնում է արվեստը, ընկղմվելով խորը ճգնաժամի, սուր ու զգայական մի հոգեվիճակի մեջ, ուր ապրում էր միայն անցյալի երջանիկ հուշերով։

Կենսապատում

Ժան Գառզուն ծնվել է 1907 թ․-ին Հալեպում, 1918 թ․–ին ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս։ Կրթություն է ստացել Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924 թ․–ին ուսումը շարունակել Փարիզում։ 1929 թ․–ին ավարտել է Փարիզի ճարտարապետական դպրոցը, միաժամանակ հաճախել է Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիան։ Ստեղծագործական ուղին սկսելով մամուլի համար ծաղրանկարներ ստեղծելով, նա իր գործունեության սկզբում ոճի որոնումների բավական բարդ ընթացք ունեցավ։ Նկարչի գեղագիտական փնտրտուքները հանգում էին այնպիսի նկարելեղանակների, որոնք ոգեշնչված էին մեծամասամբ պարարվեստի և երաժշտարվեստի զուգորդումներով։ Երեսուն տարի անց նրա արվեստում շարունակում են արդիական մնալ շարժման և ժեստերի ներդաշնակության խնդիրները, որոնք արտահայտվում են մարզիկների վարժախաղերի, արտիստների շարժուն պարաձևերի միջոցով։ Թատրոնը դառնում է նկարչի տաղանդի դրսևորման հրապարակը, որտեղ ծնվում են բազում ստեղծագործություններ ոչ միայն օպերային ներկայացումների, այլև մյուզիքլային բեմադրությունների համար։

Երաժշտություն և բեմանկարչություն

Եթե Գառզուն 1920-ականներին առավել հետաքրքրված էր ծաղկային պոեզիայով և բնանկարով, ապա հաջորդ տասնամյակներում նրա որոնումները տեղափոխվում են ֆիգուրատիվ արվեստի վերացարկման դաշտ, առավելապես հագենալով սյուռեալիստական խորհրդապաշտությամբ։ Այս ազդակներն ակներև են 1935 թ․-ին ստեղծված «Փողոցը», 1936 թ․–ին՝ «Ռեգբի խաղացողները» աշխատանքներում, իսկ  1934 թ․–ին ստեղծված  «Զույգը» գրաֆիկական երկում նկատելի է այն անթաքույց կիրքը, որը տածում է նկարիչն իր կնոջ հանդեպ։ Սյուռեալիզմին ուղեկցող միստիկ ընկալումները երբեմն նկարչին  մղում էին առարկայական աշխարհից փախուստի, ինչի արդյունքում նա հրաժարվում է կերպարվեստի այդ գայթակղիչ ուղուց։ Սակայն բնապատկերներում շարունակում են թույլ արտացոլվել վերացական գեղանկարչության խորհրդանշական տարրերը։ Նրա տաղանդի դրսևորման նոր միջավայր է դառնում թատրոնը, որտեղ Գառզուն հասնում է լայն ճանաչման և միջազգային համբավի։ Այսուհետ երաժշտությունը և թատերական կերպարները դառնում են նրա ստեղծագործական ոգեշնչման առարկան և երևակայության սնունդը։

Այսպիսով նրա ամենաինքնատիպ ստեղծագոծություններից դարձավ 1969 թ․-ին բեմադրված Ժակ Օֆֆենբախի «Պերիկոլա» կատակերգական օպերայի հագուստների ձևավորումը։ Նկարիչը բարդ տեխնիկայով հրաշալիորեն լուծեց  կերպարների բնույթին համապատասխանող հագուստների խնդիրը՝ կիրառելով կանաչի և կարմիրի սուր հակադրումները, որոնք աչքի ընկան կատարման բարձր վարպետությամբ և նրբաճաշակությամբ։ Գառզուի ձևավորմամբ ներկայացումը շարունակեց բեմադրվել ֆրանսիական թատրոններում մինչև 2000-ականները։ Հենց այս բուռն շրջանում Գառզուի մոտ ցցուն կերպով արթնացավ հայկական ինքնությունը, որը դրսևորվեց նրա որոշ ստեղծագործություններում։ Մարդկային մենության, հուշերի և թախիծի այդ մթնոլորտը կարելի է նկատել 1951 թ․– ին ստեղծված նրա «Լքված նավը», «Երազանքների նավահանգիստը» երկերում։ Այս ստեղծագործություններում  Գառզուի կոմպոզիցիաները կառուցված են հղացման երկու չափումների շուրջ, որոնցից մեկ հաստատապես երևակայությունն է։  

Հետևելով իր ճարտարապետական, կառուցիկ մտածողությանը՝ Գառզուն ամենուրեք ստեղծում էր միջավայր, որտեղ կերտում էր հիանալի քանդակային պուրակներ, կառուցում էր դղյակներ և առանձնատներ՝ ճարտարապետական բնանկարները հարստացնելով անծայրածիր պարտեզներով։ Նա ինքն այդ գործերում հիացմունքով դիտում էր կերպարներին, որոնք ապրում էին իր վրձնած աշխարհում՝ ներդաշնակ կեցության և մարդակային կատակերգության մեջ։ Նկարչի վաղ շրջանի գործերում երևակայական-ստեղծական աշխարհը հագեցած է կրքերով, որտեղ գերիրապաշտական ձևերը փորձում են թաքնվել հեղհեղուկ ժամանակից։ Կերպարի պատկերման այդ ցայտուն և  յուրօրինակ լեզուն աստիճանաբար հայտնվում և մարմնավորվում է նրա բազմաթիվ երկերում։ Ճակատագիրը ժպտաց նկարչին, և թատրոնը լայնորեն բացեց իր դռները նրա առաջ։  Արվեստը այն լեզուն է, որը թույլ է տալիս նկարչին կերպավորել իր ստեղծաբանական ոգին, որը մատուցվում է իբրև ընծա և մեղեդային ձոներգ՝ իր կյանքի կնոջը՝ Նան Պլանին, մեկին, որը մինչև իր կյանքի վերջը հավատարմորեն ուղեկցեց Ժան Գառզուին։

Նան Պլանի համար

Ոգեշնչված գեղեցկուհի կնոջ սիրով՝ Գառզուն իր ստեղծագործություններում հղանում է մի բազմաշերտ աշխարհ, որտեղ կարելի է գտնել սքանչելի կյանքը՝ թափանցիկ, ինչպես ժամանակը, ամեն բան պարուրված ու հյուսված Նանի սիրով։ Իր կառուցած աշխարհում, ուր ամեն  քայլափոխի կարելի է տեսնել ամրոցներ ու պարտեզներ, դղյակներ ու նավահանգիստներ, ամեն բան ստեղծված է  սիրահարների հավերժ կեցության համար։ Այդ երկերը ստեղծվել են տարբեր ժանրերում, ներառելով՝ փորագրանկարչությունն ու գծանկարը, վիտրաժն ու որմնանկարը, որոցից յուրաքանչյուրում շքեղորեն հեղվում է լույսը կենդանացնելով հնչեղ կերպարներին։ Այս գործերից շատերն արտացոլում են հեղինակի վերապրած  դրամատիկ հույզերը, սերերը, բաժանումները, ազգային ողբերգությունը՝ ինչը թեմատիկ առումով շեշտադրված է նրա կերպարվեստում։ Եթե փորձենք Գառզույին համեմատել որևէ բանաստեղծի հետ, ապա, վստահաբար, նա կհանգեր Վիկտոր Հյուգոյի կերպարին, որովհետև, ինչպես ֆրանսիական ռոմանտիզմի հսկան, այնպես էլ Գառզուն, գիտեր՝  ինչպես մնալ զգայական և քնքուշ, լեցուն մնալ մեծ գաղափարներով ու լինել հնարամիտ, և որ ամենակարևորն է՝ վարպետորեն արտացոլել իր ժամանակի հավիտենական ոգին։

 

Հմմտ․ թարգմանությունը և լրացումները ֆրանսերենից՝ Տ Գրիգորյանի

Աղբյուրը՝ Article de Christian Germak, Nouvelles d’Arménie Magazine, N 132, Juillet-Aout 2007

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ