Այսօր

Քննելով մարդու էությունը. հայ գրողները հավակնում են Եվրոպական միության գրական մրցանակի

  13 Մայիս 2021  82 դիտում
Քննելով մարդու էությունը. հայ գրողները հավակնում են Եվրոպական միության գրական մրցանակի

Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:

Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին է պատմում Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը, որը ևս ներկայացված է Եվրոպական միության գրական մրցանակին: «Այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում»,- իր ստեղծագործությունն է ներկայացնում գրողը: 

Հովիկը Աֆյանը, թեև 3 գրքի հեղինակ է, բայց ինչպես ինքն է իրեն բնորոշում, ինքը նորեկ է գրականության մեջ, և համարում է, որ գրականությունը, առհասարակ, մարդու մասին է:

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պատերազմի և համաճարակի պայմաններում գրվում են գրքեր, որտեղ պատերազմից հաշված ամիսներ անց գրողները մասնակցում են Եվրոպական միության գրական մրցանակի: Շատերն են ասում, որ «Կարմիր»-ը պատերազմի մասին է: Ես համաձայն չեմ, «Կարմիր»-ը մարդու մասին է, որը ապրում է պատերազմի մեջ, որը գրում է… որի կռիվը հարատև է»,-ասում է հեղինակը:

Գրողը պատմում է, որ որոշել էր գրել ամուսնական մի զույգի մասին, որոնք կռիվ ունեին միմյանց հետ և ամեն մեկն իր ներսում. «Անկեղծ ասած՝ գիտեմ, որ հիմա շատերդ կուզեք իմանալ, թե ինչպես հայտնվեց պատերազմը, բայց պետք է հիասթափեցնեմ, որովհետև ես էլ չգիտեմ,- ժպտում է «Կարմիր»-ի հեղինակը,- գուցե որովհետև ես, լինելով գրականության նորեկ, ցանկացա գրել հավերժ բաների մասին, իսկ հավերժ՝ պատերազմն է և սերը. դրանք չեն ավարտվում»:

«Մարդը, իմ կարծիքով, իր ամբողջ կյանքում անում է ընդամենը երկու բան՝ սիրում է և կռվում: «Կարմիր»-ում մարդիկ սիրում են և կռվում են: Ես ամեն դեպքում պնդում եմ, որ կարմիրը սիրո և պատերազմի դրոշի գույնն է»,- եզրափակում է Հովիկ Աֆյանը: