Այսօր

«ՎայնԳոգ»․ 22–ամյա գինեգործի «Հաղթանակը»

  14 Մայիս 2021  479 դիտում
«ՎայնԳոգ»․ 22–ամյա գինեգործի «Հաղթանակը»

22-ամյա Գոհար Ղարիբյանը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ կողմից իրականացվող ծրագրի Գինու ինկուբացիոն նախագծի ամենաերիտասարդ մասնակիցն է, ում հաջողվել է գինու բիզնեսում կատարել իր առաջին քայլերը: Բիզնեսով զբաղվելու ջիղը Գոհարի մոտ մանկուց է եղել. դեռևս 12 տարեկանում ձեռագործ աշխատանքներ է պատրաստել և վաճառել:

«Առաջին գործերս ապակու ներկերով պատկերներն էին, որոնք փակցնում էի բաժակների վրա և վաճառում: Հետո արդեն պատրաստում էի ձեռագործ զարդեր և աքսեսուարներ, որը ևս բիզնեսի էի վերածել՝ դրանք Ինստագրամում վաճառելով»,-Erit.am-ի հետ հարցազրույցում ասում է Գոհարը:

Երիտասարդ աղջիկը վստահեցնում է՝ գինու ծրագիրն արմատապես փոխել է իր կյանքը:

«2013 թվականին, երբ ցանկանում էի ընդունվել համալսարան, մասնագիտական կողմնորոշման փնտրտուքների մեջ էի: Գինեգործությունը ինձ միշտ գերել է, հարազատներս ևս խորհուրդ էին տալիս դիմել հենց այդ մասնագիտությամբ, սակայն որոշեցի ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» բաժինը: Քանի որ գիտեի ICARE հիմնադրամի «Ի-Վի-Էն» գինու ակադեմիայի մասին, որոշեցի գինեգործությունը պահել որպես երկրորդ մասնագիտություն՝ հետագայում դիմելու ակնկալիքով»,- ասում է Գոհարը և հավելում, որ ճակատագիրը, սակայն, կարծես արագացրեց ամեն ինչ. բուհ ընդունվելուց երկու տարի անց, մասնակցելով Էրազմուս+ փոխանակման ծրագրին, մեր հերոսուհին հնարավորություն է ստացել մեկնել Իտալիա՝ 6-ամսյա ուսումնառության:

«Ի երջանկություն ինձ՝ Սալերնոյի համալսարանում մեզ առաջարկեցին ծանոթանալ գինեգործության գաղտնիքներին. ուսանողներին տանում էին գինու գործարաններ և ծանոթացնում գինեգործության պրոցեսներին: Իտալիայից հետո, այսպես ասած, տեղս չէի գտնում. կարծես մի բան կիսատ էր, և ինչ-որ բան հուշում էր, որ շուտով մեծ գործ եմ սկսելու: Ընկերներիցս մեկն ուղարկեց հայտարարություն, որ «Ի-Վի-Էն» գինու ակադեմիան ամառվա ընթացքում կազմակերպում է հնգամսյա դասընթացներ: Իրականում ծրագիրը նախատեսված էր սիրիահայերի համար, սակայն ընթացքում որոշակի խնդիրներ էին առաջացել, և երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն էին ստացել նաև տեղացիները: Հուրախություն ինձ՝ անցա հարցազրույցի փուլը և հնարավորություն ստացա մասնակցել այդ դասընթացներին»,- ծրագրի մասին ոգևորությամբ պատմում է երիտասարդ գինեգործը:

Նրա խոսքով՝ դասընթացներն անցնում էին ազատ միջավայրում, շփումն անկաշկանդ էր, հետաքրքիր և ուսուցանող: Ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստացել ծանոթանալ գինու արտադրության բոլոր փուլերին, այցելել տարբեր գինեգործարաններ, անձամբ մասնակցել բարքահավաքին ու էտին: Գոհարը ծրագրի առաջին փուլը բարձր առաջադիմությամբ հաղթահարած մասնակիցներից է: Հարցազրույցի երկրորդ փուլը հաջողությամբ անցնելուց հետո Գոհարի համար նոր հնարավորություններ են բացվել՝ գինեգործության մեջ ավելի խորանալու և սեփական գինին արտադրելու տեսանկյունից: Ծրագրի ընթացքում իրականացել է մեր հերոսուհու ևս մեկ երազանք. երկրորդ փուլ անցած 6 մասնակիցների միջև անցկացված վիճակահանության արդյունքում նա քաշել է այն գինու տեսակը, որն ի սկզբանե ցանկանում էր արտադրել:

«Շատ էի ցանկանում, որ ինձ ընկներ «Հաղթանակ» տեսակի վարդագույն գինին, և հենց այդ տոմսն էլ ինձ բաժին հասավ: Այդ գինին ինձ համար կարող էր հաղթաթուղթ լինել՝ շուկա մտնելու համար, քանի որ մինչ այդ Հայաստանում «Հաղթանակ»  խաղողի տեսակից արտադրվել է միայն կարմիր գինի. շուկայում այն նորություն է: Գինին պատրաստել ենք ֆրանսիական տեխնոլոգիայով, որի շնորհիվ այն ձեռք է բերել յուրահատուկ ոճ, մուգ ու համարձակ գույն, ինչը բնորոշ չէ այլ վարդագույն գինիներին:  Համ ու հոտային փունջն է նաև հետաքրքիր ստացվել. այն հատապտղային է, եթերային ու նուրբ»,- իր արտադրած գինու նրբերանգներն է ներկայացնում Գոհարը՝ ընդգծելով, որ գինու արտադրության մեջ հավելյալ ոչինչ չի ավելացվում. ամեն ինչ կախված է խաղողից ու մշակման տեխնոլոգիաներից: