Այսօր

Ի՞նչ ձախողումներ է վատ երազում տեսնում Product Manager-ը. Ամեն ինչ Management-ի մասին

  17 Մայիս 2021  378 դիտում
Ի՞նչ  ձախողումներ է վատ երազում տեսնում Product Manager-ը. Ամեն ինչ Management-ի մասին

Product Management-ը ենթադրում է թվային պրոդուկտների կյանքի շրջափուլը՝ մտահղացումից մինչև իրացում՝ մշակում, պլանավորում, իմպլիմենտացիա, այսինքն՝ արտադրանքը շուկային ներկայացնելի դարձնելն ու դրա հետագա զարգացման ապահովումը։ Product Manager-ն այն մասնագետն է, ով պատասխանատու է նոր պրոդուկտների ստեղծման, շուկայի վերլուծության, գնագոյացման, պրոդուկտի առաջխաղացման, KPI-ի պլանավորման համար: Product management-ը հետաքրքիր և համեմատաբար նոր մասնագիտացում է, որը կարող է մեծ հնարավորություններ ընձեռել հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ինչպես ՏՏ մյուս մասնագիտությունները սա ևս լավ մասնագետին լավ գումարներ կարող է բերել։

Product Manager Հասմիկ Հարությունյանը, ինչպես ոլորտի մասնագետների մեծ մասը, մանկուց չի երազել Ապրանքի ղեկավար դառնալու մասին (այո, միանշանակ, հայերենում չի հնչում դեռ): Նա սովորել է Իրավաբանություն, բայց.

«Թե ինչպես եմ դարձել շատ հետաքրքիր է, ունեմ բոլորովին այլ մասնագիտություն, բայց հենց ինստիտուտի տարիներին հասկացա, որ մեր երկրում զարգացող ոլորտը ՏՏ-ն է ու կամաց-կամաց փորձեցի տեղափոխվել այդ ոլորտ։ Ընդունվեցի ՏՏ ընկերություն որպես ինտերն, սկզբում անվճար էի աշխատում, ավելի շուտ ու շատ սովորում էի։ Ամեն հնարավոր բան ուզում էի փորձել այդ ոլորտում՝ HTML, CSS,  հետո MARK UP էի անում, MARK UP specialist  էի,  հետո սկսեցի, այսպես ասած, բզբզալ  PHP ու JavaScript…Ավելի բարելավելով գիտելիքներս որոշ ժամանակ աշխատում էի  որպես  Frontent ծրագրավորող, որին զուգահեռ կազմակերպչական, մենեջերական գործեր էի անում։ Հենց այդ ընթացքում էլ հասկացա, որ ինձ ավելի դուր է գալիս պրոցեսը կազմակերպելը, քան բուն գործը անելը։ Դա մի քիչ ձանձրալի էր ինձ համար։ Բացի այդ, հաճելի է գիտակցել, որ դու թեթևացրել  ես տեխնիկական թիմի աշխատանքը՝ տալով նրանց հնարավորություն՝ կենտրոնանալ տեխնիկական մշակման վրա»։

- Փաստորեն, ՏՏ ոլորտը պահանջում է աշխատանքի կազմակերպման յուրահատուկ մոտեցումներ։ IT ոլորտում անհնա՞ր է առաջնորդվել աշխատանքի կազմակերպման, բաշխման և վերահսկման հին մոտեցումներով։ Դրանք կորցրե՞լ են իրենց արդիականությունը և արդյունավետությունը՝ տեղը զիջելով առավել ճկուն ու թափանցիկ մոտեցումներին։

- Անհնար  բառը չօգտագործելով՝ ասենք՝ առավել  նպատակահարմար չէ։ Հիմա կան ավելի ճկուն ու զարգացած մեթոդներ և, եթե կան այդ նոր, առավել հեշտացված ու կազմակերպված ձևերը, ինչո՞ւ բարդացնել կյանքը՝ տուրք տալով հին ձևերին։

- Իսկ կա՞ն IT ոլորտում կենսական նշանակություն ունեցող գործոնները, որոնց հետ հաշվի է նստում ցանկացած Product Manager։

- Առաջին ու  հիմնական գործոնը, որ կնշեմ անգամ ոչ միայն ՏՏ-ում, այլև  առհասարակ, դա շուկայի պահանջարկն է ու շուկայի ուսումնասիրությունը, որովհետև հենց դրա հիման վրա է ստեղծվում  պրոդուկտը ու նախանշվում դրա ստեղծման համար անհրաժեշտ քայլերի ամբողջությունը։ Դրանից է կախված, հիմնակնում, թե որքանով դու կհասնես  վերջնական արդյունքին, որը պլանավորել էիր՝ պրոդուկտը ստեղծելուց։



- Ինչպե՞ս   սովորել այդ  առարկան։ Կա՞ գիտելիքների պարտադիր բազա, որ դիմորդը պետք ունենա, մինչ այդ առարկան անցնելը։

- Լավ  Product Manager դառնալու համար շատ կարևոր է ունենալ ստրատեգիական և բիզնես մտածություն։ Product Management-ը բիզնես ուղղվածություն ունի և  այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ դիմորդի հոգում, ուղեղի մի անկյունում փոքրիկ բիզնեսմեն նստած լինի՝ մեծ փորով, ոսկյա հաստ շղթայով։ Այլ գիտելիքներից նշեմ՝  տեխնիկական գիտելիքները, որը պարտադիր չի, բայց գործը հեշտացնում է, ապագան մի քանի քայլ առաջ տեսնելու ունակությունը.  սա շատ է պետք գալիս Roadmape կառուցելիս։ Պիտի կարողանալ ճիշտ KPI  ընտրել, որոնք պիտի հանգեցնեն նպտակիդ իրագործմանը։

- Հայաստանում Product Manager սովորելու հնարավորությունները շա՞տ են։ Որակը բավարար է՞, թե ավելի լավ է դրսում սովորել։

- Հայաստանում սովորելու մասով շատ բան չեմ կարող ասել, բայց նշեմ, որ IT-ն այն ոլորտն է, որտեղ, հիմնականում, սովորում ես պրակտիկայով, սեփական փորձով ու սխալների վրա։ Մի ամբողջ տարվա ստացած տեսական գիտելիքը չի կարող մրցունակ լինել 2 ամսվա փորձի հետ։

- Կցանկանա՞ս սովորեցնել այս մասնագիտությունը, ի՞նչ հմտություններ են պետք դրա համար։

– Չնայած, որ հիմա բավականին նորաձև է ՏՏ մասնագիտությունների կուրսեր կազմակերպելը, բայց ես այն կարծիքին եմ, որ ինչ-որ բան սովորեցնելու համար պիտի ունենաս ոչ միայ բավարար գիտելիքներ, այլ կուտակած հարուստ ու հզոր փորձ։ Ես ինձ դեռ այդքան փորձառու չեմ համարում, որ տիրապետեմ կամ առնչված լինեմ բոլոր հիմնական նյուանսներին։

- Կարելի՞ է լավ փող աշխատել Հայաստանում՝  լինելով այս մասնագետը, այստեղից հե՞շտ է դրսի հետ աշխատել, լինո՞ւմ են պատվերներ։

- Կարելի է լավ փող աշխատել՝ լինելով լավ մասնագետ։ Այսինքն՝ ես միանշանակա չեմ կարող ասել, որ Product Manager-ը լավ է վաստակում կամ լավ չի վաստակում։ Լավ վաստակում է լավ Product Manager-ը ու, եթե հաշվի էլ առնենք, որ ՏՏ-ն Հայաստանում լավ վարձատրվող ոլորտներից է, պատասխանս ավելի ամբողջական կդառնա։ ՏՏ ոլորտի բոլոր աշխատանքների հանդեպ էլ Հայստանից դուրս ևս պահանջարկը մեծ է, և գրեթե բոլորն էլ աշխատում են այստեղից դրսի համար ու  վաստակում՝ համապատասխան։



- Ի՞նչ  ձախողումներ է վատ երազում տեսնում Product Manager-ը։ Օրինակ՝ SMM մասնագետի վատ երազում ծախսվել են պատվիրատուի փողերը, բայց գովազդը ոչ մեկ չի տեսել։

- Որ, օրինակ, պրոդուկտը հետաքրքրություն չառաջացնի ու զգալի զիջի մրցակիցներին։

- Իսկ լա՞վ երազում։

- Դե, բիզնեսում բոլորի համար ամենացանկալի բանը փողն է։ Եվ, երբ ներդրվածից ավել է լինում մի քանի անգամ և/կամ շատ ակտուալ, պետքական, առանց հատուկ ջանքերի՝ լայն տարածում է գտնում պրոդուկտը, երջանկություն է։

- Ամեն ինչ թվայնացրած ու ռոբոտացված մեր աշխարհում, ի՞նչ ես կարծում՝ կգա՞ մի օր, որ  Product Manager-ն էլ էստաֆետը կհանձնի ռոբոտներին ու կգնա թոշակի։

- Առհասարակ, մարդկային գործոնը  քիչ-քիչ սկսում է վերանալ բազմաթիվ հարթակներից. Դա է մեր իրակնությունը, բայց վախենալ պետք չէ, որովհետև վախը դեռ երբեք ոչինչ չի փոխել, ոչինչ չի փրկել։ Իմ մասով, ասեմ՝ փորձում եմ քաղել հնարավորինս մինչև էստաֆետը հանձնեմ ռոբոտներին։ Արհեստական բանականության ընդլայնումը մեր կյանքում անխուսափելի է. դա է մեր ապագան։ Այդ ապագայի համա էլ իմ առջև կան դրված մասնագիտական երազանքներ, նպատականեր, որոնց հասնելու համար ունեմ մտքումս նախանշած քայլեր, ու հերթով իրագործելով՝ հասնելու եմ ուզածիս։

- Իսկ ի՞նչ կշահի  պետությունը արհեստական բանականության ընդլայնումից, ՏՏ համայնքի զարգացումից։

- Հարցին հարցով թերևս պատասխանեմ․ ո՞ր պետությունը։ Մեր պետությունը դժվար էլ ինչ-որ բան զարգացնի ու շահի... Բայց որ մռայլ նոտայով չավարտվի, նշեմ՝ շատ կարևոր է գիտության պետական ֆինանսավորումը և մասնավոր սեկտորի ակտիվ համագործակցությունը։

 

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ